Րաֆֆին՝ առասպելի և իրականության սահմանագծին

Շուրջ մեկուկես դար է մեզ բաժանում մեծ վիպասանի ապրած ժամանակներից։ Այսօր արդեն նա ավելի շուտ ներկայանում է որպես միֆական մի կերպար, քան միս ու արյուն ունեցած մարդ, մտահոգ հայրենասեր, գրող և հրապարակախոս։ Րաֆֆին եղել և մնում է մեր ամենասիրված և կարդացվող հեղինակներից, որի մտքերն ու ստեղծագործությունները չեն հնանում, քանզի ինչպես Արփիար Արփիարյանն է նկատել՝ «Րաֆֆին բոլորովին օրուան իրականութեան վիպասանը չեղաւ․ իր ժամանակը կանխեց»։

Տարիների ընթացքում ես էլ ջանացել եմ հայտնաբերել անծանոթ փաստեր ու վկայություններ, որոնք ինչ-որ լույս կսփռեն Րաֆֆու կյանքի ու գործունեության վրա։ Սակայն որքան էլ փորձենք ավելին իմանալ նրա մասին, հաղորդակցվել նրա գաղափարներին, դժվար է վստահորեն ասել, ինչն է իրողություն, իսկ ինչը՝ տասնամյակների ընթացքում ձևավորված առասպել, հորինվածք։

Հայտնի չէ մինչև իսկ Րաֆֆու ծննդյան ստույգ օրն ու թվականը։ Վիպասանի ծննդավայր Փայաջուկում՝ երբեմնի ծաղկուն հայաբնակ գյուղում հայեր այլևս չեն ապրում, ավերվել են հայկական եկեղեցին, դպրոցը, գերեզմանոցները, Րաֆֆու հայրական ընդարձակ տունը, որի գոյությանն ի ապացույց միայն լուսանկարներն են մնացել ու գրավոր վկայությունները։

Հայոց Ագուլիսը, որտեղ նա ուսուցչական ու հասարակական բուռն գործունեություն է ծավալել, ևս անէացել է, ասես երբեք գոյություն էլ չի ունեցել։ Մինչդեռ Րաֆֆին այնպես չքնաղորեն է նկարագրել այն․ «Բոլոր տները կորած են այգիների և պարտեզների մեջ: Փողոցներով հոսում են սառն ու մաքուր աղբյուրներ»։

Իր գիտակցական կյանքում Րաֆֆին հատկապես կապված է եղել Թիֆլիսի հետ։  Ընդ որում, այդ քաղաքի հանդեպ նրա վերաբերմունքը փոփոխվել է, նա բազմիցս անդրադարձել է կովկասյան մայրաքաղաքի ծայրահեղություններին։ Դժգոհել է, որ «այդ փոքրիկ քաղաքը ներկայացնում է մի ամբողջ Բաբելոն, ուր Եվրոպան, Ասիան և Կովկասն իր վայրենիներով-բոլորը զետեղված միասին, ներկայացնում են մի զարմանալի խառնափնթորություն», բայց և խոստովանել, թե «ամեն ինչ, որ կարող են գրավել մեր խելքն ու միտքը՝ դուք կտեսնեք այստեղ»։

Այսօրվա Թբիլիսին դեռևս Րաֆֆու հետ կապված բազում հիշատակներ է պարփակում, միայն թե դրանցից շատերը մեզ հայտնի չեն։

Պատանի Րաֆֆին առաջին անգամ Թիֆլիսում է հայտնվել 1847 թ․՝ ուսման նպատակով, ու մնացել մինչև 1856թ․։ Հետագայում կրկին ու կրկին վերադարձել է «Կովկասի մայրաքաղաք»․ 1869-1871թթ․ իր ընտանիքի ու հարազատների ապրուստը հոգալու համար նա աշխատում էր որպես պատրաստի հագուստներ վաճառող գործակատար (մասնավորապես, ներկայիս Ազատության հրապարակի խանութներից մեկում)։

Ցավոք, չի պահպանվել Ռուսթավելու պողոտայի սկզբնամասում կառուցված «Հայկական տունը», որտեղ գտնվում էր Գրիգոր Արծրունու «Մշակ» թերթի խմբագրությունը։ Խմբագրությունում մինչև ուշ գիշեր ձգվող աղմկալի ժողովները վիպասանը հետագայում անվանել է իր կյանքի «ոսկե րոպեներ»։ Գաղափարակից երիտասարդներն ամբողջ գիշեր շրջում էին Գոլովինսկի (ներկայիս՝ Ռուսթավելու) պողոտայով, քննարկում հայության բարօրության հարցը։ Րաֆֆին լինում էր նաև մոտակա Ալեքսանդրովսկի այգում, որ այսօր էլ գոյություն ունի։ 1870-ականների առաջին կեսին Գրիգոր Արծրունին Արծրունու քարվանսարայի կառավարիչն էր, իսկ Րաֆֆին՝ նրա օգնականը։ Այդ քարվանսարայի երրորդ հարկի մի սենյակում էլ նա բնակվել է։ Այժմ այդ շենքում Թբիլիսիի պատմության թանգարանն է։ Այդտեղից Րաֆֆին 1874-ին տեղափոխվել է Սիոնի նրբանցք (ներկայումս Հերակլ 2-րդի անունով կոչվող 1-ին փակուղու հատվածը)։ Թե որ տուն, հայտնի չէր, սակայն օգնության հասավ երջանիկ պատահականությունը․ նախ՝ փակուղու №6 տունը հիշեցրեց Վաղարշակ Էլիբեկյանի «Ղարաչոխելիների հանդիպումը գրող Րաֆֆու հետ» (1986) նկարում պատկերված տունը (ըստ ամենայնի՝ նկարչին հասու են եղել դրա նշանավոր բնակչի մասին սերնդեսերունդ փոխանցվող ավանդությունները), և ապա՝ «Մշակ»-ի քարտուղար Հովհաննես Տեր-Գրիգորյանի հուշերն էլ եկան հաստատելու այդ վարկածը։ Վերջինս, ի դեպ, պատմում է, թե ինչպես Րաֆֆին իրեն ու Համբարձում Առաքելյանին այստեղ փլավի է հրավիրել, որը պատրաստել է վիպասանի պարսկահայ ծառան՝ Գրիգորը։  Տան վերևի հարկի երկու համեստ սենյակներում բնակվել է Րաֆֆին, նրա պատշգամբից հիանալի տեսարան է բացվել դեպի Քուռ գետը, իսկ ներքևի հարկում ապրել է գեղեցկուհի Ռոզան, որի նկատմամբ վիպասանն անտարբեր չի եղել։ Այս բնակարանում է նա ստեղծել «Ուխտյալ միանձնուհին» պատմվածքը ու կազմել «Փունջի» հատորները։

1879 թվականին Րաֆֆին վերջնականապես հաստատվել է Թիֆլիսում (շարունակելով մնալ պարսկահպատակ) և զբաղվել միայն գրական աշխատանքով: Մի մեծահարուստի պատկանող, ներկայիս Ճոնքաձե փողոցի №3 տանը գրողը վարձակալել է երկու սենյակ՝ նախասրահով։ Աշխատում էր համեստ կահավորանքով կիսախավար կաբինետում՝ մոմերի լույսի ներքո։ Մուտքը բակի կողմից էր, փայտյա սանդուղքով պետք էր բարձրանալ վերին՝ երրորդ հարկ, մինչդեռ դիմահայաց կողմից նրա բնակարանն առաջին հարկում էր։ 1883թ․ դեկտեմբերյան մի գիշեր հենց փողոցի կողմից նրա տուն գողեր են մտել, սակայն Րաֆֆին չի վախեցել, դուրս է ելել նրանց դեմհանդիման, ատրճանակից կրակոց է արձակել և գողերը պատուհանից ծլկել են։ Վիպասանը գտել է նրանց, բայց որոշել է ներողամիտ լինել։ Սա Րաֆֆու թիֆլիսյան միակ բնակարանն է, որի պատին այժմ հուշաքար է տեղադրված։

Շիրվանզադեն պատմում է․ «Առաջին բանը, որ այստեղ աչքի ընկավ, տրոպիկական ծառերը, ծաղիկները և բույսերն էին, որ մի փոքր անտառ էին կազմում պատշգամբի մի ծայրից մյուսը»։ Բազմապիսի բույսերով ու ծաղիկներով Րաֆֆին էր զբաղվում, նա ասում էր․ «Ծաղիկների բուրմունքը, նրանց անուշ հոտը մարդու ճաշակն ու հոտոտելիքը ազնվացնում են»։

Նույն ծաղիկներով էր նա շրջապատված իր վերջին բնակարանում, որ գտնվում էր նախորդից ոչ հեռու՝ չսալարկված, անբարեկեցիկ ու քամոտ մի փողոցում՝ կաթոլիկ գերեզմանոցի դիմաց (տան ներկայիս հասցեն՝ Սավանելի փող․, 6)։ Այստեղ՝ Մտածմինդա լեռ, և այլն էլ՝ տան վերին հարկ, բարձրանալը դժվար էր նրա համար, և նա ուրիշ բնակարան էր որոնում։ Մահից առաջ նրա վերջին մխիթարությունն է եղել պատշգամբում՝ բուսականությամբ շրջապատված մաքուր օդ շնչելը։ Ինչպես գրում է «Արձագանք» թերթը՝ «բայց Զատիկ շաբաթ երեկոյեան նա դրսում, իր սիրելի ծաղիկները ջրելիս, յանկարծ մրսում է, թոքերի բորբոքումը կրկնվում է և ապա անցնում ուղեղին»։ Բազում գրական և հասարակական ծրագրեր ու ազգային երազանքներ փայփայող վիպասանը անսպասելիորեն հեռանում է կյանքից։ Նրա հուղարկավորությանը մասնակցում է հոծ բազմություն, այդ թվում՝ Իլյա Ճավճավաձեն և ուրիշ ականավոր մտավորականներ․ պատմում են, որ այդպիսի թաղում Թիֆլիսը չէր տեսել։

Տասնամյակներ անց արդեն միֆականացվել են Րաֆֆու արխիվի, անտիպ ձեռագրերի ու հնագիտական հավաքածուի պարունակությունը և անհետացման հանգամանքները։

Իհարկե, իբրև ստեղծագործող Րաֆֆին անէությունից չհայտնվեց, նա յուրացրել էր իր նախորդների ժառանգությունը և, որ ամենակարևորն էր, ճանապարհորդել էր Հայաստանով մեկ ու ահռելի փորձ ամբարել։ Թերևս վիպասանի ծայրահեղ համեստության պատճառով ժամանակակիցները հաճախ թերագնահատել են նրա տաղանդն ու գիտելիքները։ Վաղուց արդեն հերքվել է Շիրվանզադեի այն վկայությունը, թե «Րաֆֆիի գրականական զարգացումը առհասարակ թույլ էր։ ․․․Գիտնականների և փիլիսոփաների հետ նույնպես ծանոթ չէր»։

Րաֆֆին ի սկզբանե լուսավորության կողմնակից էր․ նա կարծում էր, որ եթե որևէ ազգ խավարի մեջ է, ապա «նորա կյանքը ստրկության և ծառայության մեջ է», իսկ որպես ելք առաջարկում էր Վոլտերի, Ֆեյերբախի, Ռուսոյի, Պրուդոնի ու այլոց փիլիսոփայության իմացությունը։ Ըստ նրա՝ վեպերն են այն կախարդական հայելիները, որոնց մեջ «ազգերը տեսնելով յուրյանց կյանքի տգեղ ու ավերված պատկերքը, յուրյանց մոլորությունների ամոթալի նկարագիրքը, ուսանում են շինել և բարեկարգել յուրյանց դրությունը»։ Րաֆֆին գիտեր պարսկերեն, թուրքերեն, տիրապետում էր գրաբարին ու ռուսերենին, որոշ չափով՝  ֆրանսերենին (գոնե նրա հետ հանդիպած Պետրոս Զաքարյանն այդպես է վկայում), Հոմերոսի «Ոդիսականից» և «Իլիականից» մանուկ հասակում անգիր գիտեր ամբողջական գլուխներ, կարդացել էր Սոֆոկլեսի, Վերգիլիոսի, Օվիդիուսի, Միլթոնի, Շեքսպիրի, Էժեն Սյուի, Չեռնիշևսկու, Տուրգենևի, Լև Տոլստոյի, Դոստոևսկու, անշուշտ նաև հայ պատմիչների, Աբովյանի, Նալբանդյանի և բազում ուրիշների երկերը։ Զբաղվում էր նաև թարգմանությամբ։

Որպես գրող, իհարկե, կրել է ազդեցություններ, սակայն դրանք մատնանշող ժամանակակիցների կարծիքները հաճախ չափազանցված են։ Ինքնատիպ է մինչև իսկ Րաֆֆու անունը․ սկսվում է Ր տառով, ներառում է Ֆ տառը (այն էլ՝ երկու անգամ)։ Տեսակետը, իբր այն ծագում է «րաբբի» բառից, այնքան էլ համոզիչ չի թվում։ Րաֆֆու բանաստեղծություններում գրականագետները նկատել են Ալիշանի, Պեշիկթաշլյանի ու Պատկանյանի ազդեցությունը։ Արշակ Չոպանյանը որպես Րաֆֆի-արձակագրի կրած ազդեցություններ նշել է եվրոպացի հեղինակներ Վիկտոր Հյուգոյի, էժեն Սյուի ու Վալտեր Սքոթի գլխավոր գործերը։ Վեպեր ու հոդվածներ գրելիս Րաֆֆին հսկայածավալ գրականության էր ծանոթանում, բայց և ուսումնասիրում էր իրական կյանքը, այցելում պատմական վայրեր, հանդիպում պատմողների, ծանոթանում ձեռագիր հիշատակարաններին, ինչպես վարվեց մեծարժեք «Խամսայի մելիքությունները» գրելիս։ Հակոբ Օշականը պնդում էր, որ «գիրքերէն սորուած քիչ բան կայ Րաֆֆիի ոճին ճարտարապետութեան մէջ, եթէ երբեք կայ։ ․․․Որմէ՞ կը սերի «Սամուէլ»-ին պերճ բայց պարզուկ ոճը։ Փնտռեցէք ու պիտի չգտնէք»։ Քմահաճ գրաքննադատը Րաֆֆու երկերն իրենց ուժով դնում է Հոմերոսի, Շեքսպիրի ու Սերվանտեսի երկերի կողքին։ Ի վերջո, ո՞ր չափով էր ազդվել Րաֆֆին օտար գրողներից։ Փորձենք ավելի մանրամասն դիտարկել առանցքային երկու հեղինակների՝ պատմավեպի հայր Վալտեր Սքոթի ու վիպասան Ֆյոդոր Դոստոևսկու հետ Րաֆֆու կենսագրական զուգահեռներն ու ստեղծագործական առնչությունները։

 

Սքոթը և Րաֆֆին

18-րդ դարը պատմական բեկումնային իրադարձությունների ժամանակաշրջան էր, ու Սքոթը ուշադրություն դարձրեց հենց պատմությանը՝ այն դարձնելով իր ստեղծագործությունների հիմնական նյութը։ Ինչպես և հետագայում Րաֆֆին, նա հիմնականում վեպեր էր գրում, սակայն միևնույն ժամանակ՝ պատմական ուսումնասիրություններ, ակնարկներ, չափածո գործեր։

Րաֆֆին, ինչպես Սքոթը, ժամանակի պակասի պատճառով մաս-մաս էր գրում իր վեպերը, բայց Րաֆֆու գիրն ավելի հստակ կառուցվածք ունի, մինչդեռ Սքոթի դեպքում հախուռն է մինչև իսկ սյուժեն։ Սքոթի ստեղծագործություններում երբեմն հանդիպում են երկարաբանություններ ու կրկնություններ, Րաֆֆու մոտ՝ խիստ հազվադեպ։ Երկուսն էլ առաջադեմ հեղինակներ էին, գրականության մեջ նորարարներ, մերժում էին արխաիզմները, դեմ էին ծայրահեղ կրոնամոլությանը ու անխնա քննադատվում էին իրենց հայացքների համար։ Երկուսն էլ նախընտրել են հաջորդական շարադրանքը՝ հիմնականում առանց զուգահեռ պատումների։ Երկուսին էլ հատուկ է տեքստի գրավչությունը, Րաֆֆու դեպքում սյուժեն առավել դինամիկ է, ուստիև ընթերցողը չի կարողանում կտրվել գրքից։ Սյուժետային համընկնումներ չկարողացանք հայտնաբերել․ ընդ որում, գրականագետները (Վ․ Դիբելիուս, Ա․ Դոլինին) նշում են, որ Սքոթի վեպերում սյուժետային սխեմաները և մշտական գործառույթներով կերպարները կրկնվում են, ինչը բնորոշ չէ Րաֆֆուն։

Րաֆֆու դեպքում անցյալը սոսկ անցյալ չէ, այլ ներկայի փոխաբերությունը, մինչդեռ Սքոթի վեպերում անցյալն ավելի հաճախ անցած, առասպելացված ժամանակներն են, թեկուզև ինչ-որ չափով կապված ներկայի հետ։ Ինչպես Թ․ Ս․ Էլիոթը կասեր՝ «ժամանակը ապագա ներառված է անցյալում»․ Րաֆֆու գրվածքներն էլ հաճախ մեր, թերևս բոլո՛ր ժամանակների մասին են։

Ավելի ակնառու են կենսագրական զուգահեռները․ Սքոթը, ինչպես և Րաֆֆին, իր աշխատանքնային կենսագրությունը սկսել է հոր մոտ։ Երկուսն էլ շրջել են տեղից տեղ ու ծանոթացել ժողովրդի ապրելակերպին, բանահյուսությանը։

Սքոթի ստեղծագործությունները ոգեշնչման աղբյուր են եղել տարբեր ազգերի գրողների համար՝ Ջորջ Բայրոնի, Շառլոթ Բրոնտեի, Արթուր Կոնան Դոյլի, Պուշկինի, Լերմոնտովի, Ֆենիմոր Կուպերի, Բալզակի, ու բնական է, որ նաև Րաֆֆու համար։ Դանիել Վարուժանը Րաֆֆուն անվանել է «մեր Սքօթը», սակայն, ինչպես տեսնում ենք, նմանություններն ավելի շուտ արտաքին են։

 

Դոստոևսկին և Րաֆֆին

Այս դեպքում ակնառու են կենսագրական ընդհանրությունները․ եթե Դոստոևսկին ծնվել է Մոսկվայում, իսկ ստեղծագործական ամենաակտիվ շրջանը հիմնականում անցկացրել Սանկտ-Պետերբուրգում, որին հաճախ էր անդրադառնում, ապա Րաֆֆին ծնվել էր Սալմաստում, ստեղծագործում էր առավելապես Թիֆլիսում, սակայն հաճախ գրում էր դրանց միջև ընկած Հայաստանի մասին, չնայած  Թիֆլիսն էլ էր յուրահատուկ կերպով պատկերում, օրինակ՝ «Զահրումար» և «Մինն այսպես, մյուսն այնպես» վեպերում։ Ի դեպ, այս վեպերից դատելով՝ Րաֆֆին հենց սկզբից ռոմանտիզմին զուգահեռ հրապուրվել է ռեալիզմով, ինչը բացառիկ երևույթ է։

Դոստոևսկու պես Րաֆֆին մեկ աշխարհայացքով համակված վեպեր գրեց։ Երկուսի գլուխգործոցներն էլ նրանց վերջին վեպերն են, որ, ըստ երևույթին, պիտի շարունակվեին։ Երկուսն էլ իդեալիստ էին, ինչն արտահայտվում էր մարդու կամքի և ոգու հանդեպ հավատքի, կյանքն ըստ իդեալի վերափոխելու մղման մեջ։ Ինչպես և Դոստոևսկին, Րաֆֆին հոգեբան-գրող էր, թերևս առաջինը հայ հեղինակներից։

Նրանց վեպերում (օրինակ՝ «Գրառումները մեռյալ տնից» ու «Խաչագողի հիշատակարանը») հանդիպում են թեմատիկ ու կառուցվածքային ընդհանրություններ։ Բացի այդ, «Խաչագողի հիշատակարանը» վեր է հանում «Ոճիր և պատիժում» Դոստոևսկու արծարծած մի շարք գաղափարներ։ Այսպես, խաչագող Մուրադը գրում է․ «Ես մի առանձին դիվական հրճվանքով ուրախանում էի, երբ արյունոտ գործը հաջողվում էր ինձ իմ սոսկալի ձեռնարկությունների մեջ»։ Ինչպես Ռասկոլնիկովը, Մուրադը լքել է հայրենի տունը և օտար քաղաքում՝ մոռանալով ծնողներից իրեն փոխանցած բարության ու սիրո պատգամները, ոտնահարում է բարոյական ու մարդկային նորմերը։ Ի վերջո, Մուրադը դարձի է գալիս, հոժարակամ կրում է ծանր պատիժը և վերստին կարողանում է սիրել։ Այս միտքը, որ առանցքային է Դոստոևսկու վեպերում, այսպիսով հայտնվում է և հայ գրականությունում։

Սակայն միանգամայն տարբեր էին Դոստոևսկու ու Րաֆֆու նշմարած ազգային գերնպատակները․ առաջինը հեռուն գնացող հավակնոտ տեսլական ուներ («որպես եվրոպական մելամաղձությունից ելք՝ մատնացուցել ռուսական հոգին՝ համամարդկային և վերամիավորող, եղբայրական սիրով ներառել դրանում մեր բոլոր եղբայրներին և, ի վերջո, թերևս արտաբերել եզրափակիչ խոսքը մեծ, համընդհանուր ներդաշնակության, բոլոր ցեղերի եղբայրական վերջնական համաձայնության համար՝ ըստ Քրիստոսի ավետարանական օրենքի»), իսկ Րաֆֆին, ընդհակառակը, կարծում էր, որ «հայն աշխարհի ստեղծագործության մեջ մի առանձին արարած չէ և չէ կարող լինել: Նա ազգերի պատմության մեջ բացառություն չէ կարող կազմել»: Րաֆֆին մտածում էր հայ ժողովրդի փրկության, անվտանգության, ազգային ազատագրության մասին։ Նա քննադատում էր հայության կրավորական, անոխակալ պահվածքը․ դա խիստ, բայց սրտացավ քննադատություն էր, որ մշտապես վերարծարծվում էր նրա երկերում։

Ինչպես ցանկացած նշանակալի գրական ստեղծագործության դեպքում, Րաֆֆու արձակ երկերում կարելի է գտնել աղերսներ համաշխարհային գրականության այլևայլ ստեղծագործութունների հետ, սակայն ո՛չ երբեք ուղիղ փոխառություններ։ Րաֆֆին ելնում էր հայրենի իրականությունից, գործում էր հայկական միջավայրում, որ խիստ տարբերվող էր, ու նրա գրողական ծրագրով էր թելադրված այն վառ ինքնատիպությունը, որ շարունակում է մնալ նրա կարևորագույն արժանիքներից մեկը։ Հաստատապես, ո՛չ միակը․․․

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1. Վաղարշակ Էլիբեկյան, «Ղարաչոխելիների հանդիպումը գրող Րաֆֆու հետ» (1986) 

2. Սիոնի նրբանցքի երկհարկանի այս տանն է ենթադրաբար բնակվել Րաֆֆին

3․ Արծրունու քարվանսարայը՝ ներսից

4․ Ճոնքաձե փողոցի №3 տունը՝ Րաֆֆու հուշատախտակով

... ... ...