Սալյուտ

Հերթական տագնապն է պատերազմի թվացյալ ավարտից հետո։ Տղերքի մեծ մասը դիրքերում են․ անգամ վարորդները։ Զորամասում մի կամազ է մնացել, ութ զինվոր ու սպայական կազմից՝ ես։ Հրաման եմ ստացել, պարտավոր եմ իրականացնել՝ հաղթահարելով վախերս և անբացատրելի կանխազգացողությունս։ Ամեն օրվա պես մորս «Աստված քո հետ, տղես»-ը չեմ լսել․ կապ չկա։ Թեև գիտեմ, որ անպայման աղոթել է, բայց միևնույն է, նրա խոսքերը երաշխիքն են խաղաղ լուսաբացիս։ Դասակիս տղերքն արդեն կամազում են, ես՝ ղեկին։ Ձեռքերս դողում են․ իմ 07-ից բացի ուրիշ մեքենա չեմ վարել։ Պատասխանատվության զգացումը սեղմում է կրծքավանդակս։ Բանալիները պտտեցի․ աղկմկոտ մեկնարկը տրված է։ Մուգ կանաչ ներկը տեղ-տեղ թափված, թափքի ծածկոցի կարկատանների կեսը քանիերորդ անգամ պատռված, քարշարկվող հրետանին կապած, վիթխարի անվադողերով կամազը սլանում է նեղ ճանապարհով։ Դրա մի կողմում աժդահա ժայռ է՝ այնպիսի անմեկնելի բնական ձևավորումներով, որ հմայվելու համար արժե կանգ առնել, գրկախառնվել, զգալ մեծությունը, քարահոտը, անշարժության անմահությունը, վսեմությունն ու անպարտելիության գոռոզությունը։ Մյուս կողմում նույնքան վիթխարի ձոր է՝ բազմատեսակ սողունների ու կենդանիների ապաստարան, տասնյակ կյանքերի վերջին հանգրվան, վերևից քեզ բարձր զգալու հնարավորության ընձեռող, քեզ էլ կուլ տալու լուռ խոստում կամ ահ տվող խորություն։ Նույն ճամփով քանի անգամ էի գնացել ու վերադարձել, քանի անգամ էի տղերքի հետ թափքում բլոտ խաղալով ճանապարհի անհարթություններից ու վարորդի անխնա վարելուց բողոքել, որ բլոտի հաշիվը նշելու գրիչը գլորել էին թափքից դուրս, բայց երբեք, ոչ մի անգամ չէի նկատել ոլորանների նեղությունն ու խեղճությունը շրջապատող հսկաների արանքում։ Երբեմն աչքիս զարնում է, որ անցորդներն ու հանդիպող մեքենաների ուղևորները շոկոլադ, կոլա ու ծխախոտ են նետում տղերքիս, բայց չտեսնելու եմ տալիս։ Երբ նրանց ուղեկցում էի, թափքի հետնամասից չէին առաջանում։ Հազիվ գլուխներն ազատել են ինձնից։ Վերջին մտքից ձգված ժպիտ նկարվեց դեմքիս․ գլուխներն ազատել են, բայց նրանց գլխի տերն այդ պահին ես եմ՝ բառիս ուղիղ իմաստով։

Քնապարկերը վերցրել ենք, դիրքերում պակասող սնունդն ու ջուրը տեղավորել ենք, զորամասի կողքի խանութից զինվորներիս համար «ապառիկ» ծխախոտն ու պեչենին կողքիս նստատեղին է։ Մնում է ապահով տեղ հասնել։ Լուսինը կախվել է ժայռի թևերին, մի քանի ամպի ծվեններ տեղավորվում են նոր մուգ սավանին՝ նախկին կապույտը զիջելով տաք երկրներին։ Մոլորված ձի է ճանապարհի ձորի կողմի եզրով գլուխը տմբտմբացնելով սարսռում իջնող մթությունից։ Խշխշան աշունը չի հանձնվում։ Տանտիրոջ իրավունքով տերևների մնացորդները նետում է աջուձախ՝ հին, անպետք իրերի պես, որոնք երբեմնի օգտակարությունը կորցրել են։ Կկոցում է աչքերն ու փորձում գտնել իր մոտալուտ մահը կանխազգացող կենդանիներին, որոնք պարտաստվում են դիմավորել ձմեռը։

Եթե հաշվարկս ճիշտ է՝ մնաց հինգ ոլորան։ Մարմինս ձգվել է՝ իբր ինքն է փռվելու ոլորաններին ու ճանապարհ դառնալու տղերքի համար դեպի նոր խաղաղ կյանք։ Մի փոքր հեռվում ձորից բարձրացող կենդանի է նկատվում․ կարծես աղվես է կամ գուցե փորսուղ։ Մթնշաղը աղավաղում է տեսարանը՝ ճամփեզրը ձուլելով ժայռ ու ձորին։ Ընթացիկ արագությունս թույլ է տալիս մի փոքր էլ առաջանալ, ապա հասկանալ արգելակման չափն ու ժամանակը։ Արևն արդեն հրաժեշտ է տվել, կենդանին վայելում է տաքացած ասֆալտը, և ահա, արգելակման պահն է։ Թեթև սեղմում եմ ոտնակին, իսկ կամազը, հակառակ իմ պատկերացրածի, չի շտապում դանդաղել։ Փորձում եմ մի փոքր էլ ուժեղացնել սեղմումը, սակայն ապարդյուն։ Ձեռքի բռնակը չի հնազանդեցնում հսկա մեքենային։ Կենդանին փրկվում է՝ անիվների միջև հայտնվելով։ Իսկ ես սահում եմ։ Ժայռի ու ձորի միջով սլանում եմ առանց կանգի հույսի։ Թափքում Սուրոն է՝ Կյաժը։ Երեկ նշանածին էր կարոտել։ Շատ սիրուն զինվոր է։

-Նշանածս խոստացել է զորացրման օրն իսկ ամուսնանալ։ Ինձ նման սիրուն տղուն չի ուզում ձեռքից կորցնի, բա որ զորացրվեմ ու ճաշակս փոխվի․․․ Նշանածս ուրիշ հնարավորություն չի թողնում։

Կյաժն իր մականունը քաղաքացիական կյանքից է բերել․ թե չէ էստեղ ո՞վ պետք է տեսներ նրա մազերի գույնը։ Կյաժն ու Գարոն հաստատ թիմակիցներ են բլոտի ընթացքում։ Գարոն աշխարհի գեշն է։ Բայց նրա ինքնավստահության կեսն ինձ բաժին հասած լիներ, հիմա գնդապետ էի։ Երկու օր առաջ ասում էր, որ բանակի տված թոշակը հավաքում է, որ մոր համար ջեռոց գնի ծաղիկների փոխարեն․ խեղճ կինը միչև հիմա փայտի վառարանում է բիսկվիթ թխում։ Կարոտել էր բիսկվիթով թեյը, դրա բույրը․ հատկապես ձմռանը։ Գարոն երևի խաղի ընաթացքում արդեն հասցրել է քթի տակ երգել իր սիրած «լալալայ»-ը («Կամավորը»)։ Կռվարար է, բայց սիրտը բարի է։

Մի ոլորան էլ բախտս բերեց․ հանդիպակաց գոտով մեքենա չեկավ։

Մյուս թիմում Սարոն ու Միքոն են․ հաստատ։ Առհասարակ, աշխատում եմ հաստատն ու երբեքը չկիրառել, սակայն սա այդ դեպքը չի։ Կյաժը երբեք Միքոյի թիմակիցը չի լինի, Միքոն հաստատ Սարոյի թիմակիցն է։ Միքոն Զարիկ տատի հետ էր ապրում։ Ծնողներ չուներ։ Տատը ո՛չ ծնողների նկարներն էր ցույց տվել, ո՛չ գերեզմանը։ Չգիտեր՝ ողջերի մեջ փնտրեր իրեն ստեղծողներին, թե մահացածների։

-Գալոյան Միքայել Զոհրապի․ սա ես եմ։ Ո՞վ է այդ Զոհրապը, կա՞, եղե՞լ է առհասարակ։ Զոհրապը գուցե ո՛չ տատիս տղան է, ո՛չ փեսան։ Զարիկն իմ հայրն էլ է, մայրն էլ։ Ինձ ուրիշը պետք չի։

Թող փորձեր մեկը Միքոյին ծուռ աչքով նայել՝ կարկատած գոգնոցի մեծ գրպանից ընկույզների կարկուտ կտեղացներ։ Բախտը բերել էր․ տատու տունը դիրքեր գնացող ճանապարհին էր։ Տատը միշտ ձեռքով էր անում տան կողքով անցնելիս ու ամեն ուրբաթ թարմ թխած հացեր էր նետում թափքի տղաներին՝ անկախ թոռան այնտեղ լինելուց․ «Աստված տվողին է տալիս»։ Միքոն խնդրել էր, ու չէի մերժել․ այս անգամ ղեկին ես էի․ պիտի կանգնեի, ինքը տատուն գրկեր, տղերքն էլ տասը րոպեում ցախը կտրտեին։ Տատը փոքր կին էր՝ ճերմակ մազերը շալի տակ թաքցրած, երկար խալաթով, իր գործած ժակետով, ժակետի վրայից՝ ժիլետով, թե խալաթի տակից քանի շոր կար՝ դա էլ միայն ինքը գիտեր։ Տարիները ստիպում են թաքցնել մարմինը, հուսալով, որ հիշողություններն էլ են մնում յոթ շերտ հագուստի տակ։ Արագ-արագ քայլքի ժամանակ նկատվում էր հողաթափի պոկված տակացուն։ Միքոն հավանած աղջիկ չուներ։

-Այդ ո՞վ կգա, իմ ու տատիս հոգսերը շալակը կառնի ու չի տրտնջա։

Միքոյի ու Կյաժի ջրերը մի առվով չէին հոսում։ Կյաժի հայրը նախարար էր, 16 ամյակին մեքենա էր նվիրել։ Կյաժի դրամապանակի գումարը չէր պակասում, իսկ հեռախոսահամարը միշտ լիցքավորված էր։ Սկզբում իրեն բարձր էր դասում, սակայն այսօր ասաց, որ ինքն էլ է կոտրելու Միքոյի տատի տան փայտերը, իսկ հոր ուղարկած գումարներն ու մեքենան վերադարձնելու է․ որոշել է իր բաժինն ինքը վաստակել։

Սարոն էլ Միքոյի պես ծնողների հետ չի ապրում։ Սարոյի տատը Վանաձորում է։ Ծաղիկների փոքր խանութ ունեն։ Ամեն առավոտ պապի բերած ծաղիկները դասավորում է, հները՝ տեսակավորում, թափված թերթիկներն առանձնացնում կնունք, հարսանիքի համար, կարմիր շրթներկն էլ միշտ թարմացնում է․ ինքն էլ պապի ծաղիկն է։ Սարոյի պատմությունն ուրիշ է․ ծնողները գնացել են Ամերիկա ու չեն կարողանում վերադառնալ։ Ամեն օր տեսազանգով խոսում է, պատմում առօրյայից, ուտելիքից, իր կարած ենթաօձիքից։ Բայց ասում է, որ ծնողներին այլևս չի կարոտում․ դժվարը նրանց հեռանալու առաջին երկու տարիներն էին։ Երբեմն կարոտն էլ է բթանում․ Սարոն դա լավ գիտեր։ Անվերջ թվացող սպասումը ինչ-որ պահի դադարում է թրթռալ։

Գրողի տարած արգելակը չի հնազանդվում։ Ճակատիցս քրտինքը կաթում է։ Ժայռն ու ձորը արհավիրք են թվում։ Բնության ստեղծագործությունն այլևս դադարել է շքեղագույն հրաշք թվալ։ Տղերքիս կյանքն աչքերիս առաջով թերթվում է, իսկ ճանապարհի վարընթաց թեքությունն ու կամազից կապած հրետանին ավելի են մեծացնում արագությունը։

Մեծ Միքոն քնած կլինի։ Նրա վերջին հերթափոխն է զորացրումից առաջ։ Միակ նպատակը տուն գնալուց հետո մի շաբաթ քնելն է։ Ասում է՝ հենց ջինսերս հագնեմ, նպատակները կլցվեն գլուխս։ Վախենում եմ ասել, որ մեծ նպատակները սրտում են ծնվում ու մինչ փոխակերպվելը երազանք են կոչվում։

Արմենի ու Վլադի շախմատին հետևելիս կլինի Չաղը՝ Կարենը։ Թեթև քամին Չաղին օդ կբարձրացնի։ Տղերքս ասում են՝ մահճակալով 40կգ է։ Հանձնաժողովի ստուգման օրը 3լ ջուր է խմել, որ մարմնի քաշը համապատասխանի։ Չաղը հոր մասին չի խոսել, մոր մասին ասել է՝ ուրիշ կին է։ Ալկոհոլը ատում է։ Անցած ծնունդին տղերքը գարեջուր էին հայթհայթել։ Շշերը կոտրել էր, «ես ձեր․․․» ասելով՝ արցունքները կուլ տվել։ Ոչ ոք ոչինչ չէր ասել։ Առավոտյան ստուգատեսին ներկայացել էին ուռած աչքերով․ ողջ գիշեր Չաղի սնքրտոցից չէին քնել։

Անհնար է տարբերակ չլինի։ Ես պիտի կանգնեցնեմ էս հսկային։ Իմ համար չէ, ընտանիքիս համար չէ, այլ այն ութի, որ խաղաղ սպասում են Միքոյի տատի տան ցախերը կոտրելուն, տաք հացն ուտելուն, դիրքեր հասնելուն, երգով շալակն առած՝ մեծ Միքոյին տուն ճանապարհելուն։

Արմենը «Դավիթ Բեկը» նոր է վերջացրել։ Հայրենասեր, կարդացող տեսակ է։ Արարատի պատկերով փոքր շախմատը ծոցագրպանից չի հանում։ Մայրը գրադարանավար է, հայրը՝ վաճառական։ Երջանիկ է․ երեկ քեռի է դարձել․ չայլդ ֆրի ժամանակակից որոշում կայացրած քույրը երեխա է ունեցել։ Արմենը տանել չի կարողանում ժամանակակից համարվող բոլոր տեսակի հիմարությունները, ինչի շնորհիվ հարցեր լուծող Վլադի աջ ձեռքն է։ «Քո ցավդ էլ տանեմ, ապ ջան»․ ասում է փոքրամարմին Վլադն ու ձեռքը գցում բոյով Արմենի ուսը։

-Ինչ անեմ, տե՞ր ես, -կատակում էր Արմենը։

-Տեր եմ, տերդ եմ, սայլուգ․․․

Տղերքի խնդիրները Վլադն է կարգավորում, բայց անձնական հարցում խնդիրներ կարգավորելը նրա մոտ, մեղմ ասած, չի ստացվում։ Ընկերուհու հետ երկար վեճերից հետո, ի վերջո, բաժանվեց։ Մի օրում երեք տուփ ծխախոտ ծխեց (որոնցից երկուսը ես տվեցի) ու հրաժարվեց ծխախոտից։

-Մնացած կյանքում մեռնեմ, ըդիգ բերան չեմ տա։

Մեկ էլ պատերազմի վերջին օրն էր նույնքան ծխել, երբ զինակից ընկերոջը չէր կարողացել փրկել, բայց այդ օրը հրաժարվելու խոստում չէր տվել։ Երկու ամիս դատարկ, աշխարհից վերացած հայացքով, պատերազմի սարսափի վերապրումով, զրուցակցին նայող, բայց նրան չտեսնող աչքերով թափառում էր։ «Ես ապրում եմ, Կարոն՝ չէ։ Ես շարք եմ կանգնում, Կարոն՝ չէ։ Ես վախենում եմ կյանքիս համար, Կարոն՝ չէ։ Թքած էդ տեսակ կյանքի վրա»։ Անթիվ զրույցներով ինքս եմ Վլադին վերադարձրել աշխարհ, որտեղ մարդիկ ուտում, աշխատում ու քնում են՝ անկախ ամեն բանից, անկախ հոգու ցավից ու անբուժելի թվացող վերքերից, ծնողի կամ երեխայի ներկայությունից, ընկերոջ կամ սիրած կնոջ լինելուց։

-Ընգերս է, փրկիչս,- իմ մասին ասում էր Վլադն ու ծանրությունիցս կարմրելով՝ գետնից բարձրացնում։

Սմարթֆոնից հրաժարվել էր։

-Հենց մտնում եմ սոցկայքեր, տղերքի էջերն է բերում։ Ի՞նչխ կրնամ իրանց տեսնեմ, բայց չխոսեմ։

Մի օր՝ մինչև տունդարձ, դա էլ կհաղթահարենք․ ինքս ինձ խոսք եմ տվել․ եթե հասցնեմ։

Հեռվում՝ վերջին ոլորանի ավարտին, հսկա կաղնին ճյուղերը կախել է դեպի անորոշություն։ Ինքն էլ չի զգում խորությունն այն հողի, որում ընկղմված է հարյուրամյա արմատներով։ Մի տարբերակ կա․ մխրճվել կաղնու հաստափոր գիրկը։ Այդ ժամանակ գուցե հրեշտակները կթաքնվեն, ու մայրս կկորցնի հավատը, բայց տղերքս իրենց ոտքով տուն կգնան։ Սիրտս, որ մարմնիցս ուր որ է՝ կթռչի, լուռ կպարպվի ու էլ չի երազի հողագույն աչքերով գեղեցկուհուս ձեռքը սեղմել, ընկերը լինել, հավատը դառնալ ու բախտը երգել։ Երկու ոտքով կանգնում եմ արգելակման ոտնակի վրա, աչքերս փակում ու հանձնվում ճակատագրին։

Գմփոց։ Կանգ։ Էլի գմփոց։ Սիրտս դեռ բաբախում է։ Գլուխս ղեկին է հենված։ Տաքություն եմ զգում ձեռքերիս։

-Պարոն լեյտենանտ, պարոն լեյտենանտ։ Սա՞մ։ Ընգե՞ր։

Վլադն է։

-Սալյո՜ւտ․․․ , - Գարոն է, Արմենը, Միքոն․․․

-Էս կանգնել ես սալյուտը նայե՞նք։ Ընտիր է, բոմբ․․․

-Հարուստի հարսանիք է։ Սալյուտը երկարեց։

-Քիչըմ աջ կանգնեիր, ի՞նչ կեղներ։ Կուզեիր ձորը մոտիկից տեսնեի՞ր․․․

 

Սիրանուշ Զախարյան