Սերս՝ անկանոն
Անձրև էր գալիս։
Ձմեռ էր։
Բոլորը շտապում էին տուն՝ տաքուկ անկյուն գտնելու հույսով։ Նա քայլում էր անշտապ, երևակայիր, կարծես չէր էլ նկատում երկնքից դույլերով ներքև թափվող արծաթագույնը։
Հոգնեց, նստեց թաց նստարանին, գլուխն առավ ափերի մեջ, միացրեց երգը՝ «The Bambir»-ի «Միգուցե»-ն, ու շարունակեց չլինել թաց փողոցում։
-Ախպերս, բարի օր:
-Բարև, ցավդ տանեմ:
-Նոր տարիդ շնորհավոր:
-Քոնն էլ, ցավդ տանեմ:
-Էս տարի լավ է լինելու, 2026-ը լավ տարի կլինի ապե:
-Հաստատ։
Ու սա հնչեց այնպես, որ նույնիսկ փոքրիկ աղերս չունենալով, ասողներին միաժամանակ հիշեցրեց.
-21-րդ դարը մերն է լինելու։
Հետո կրակոցներ ու վերջ:
Ու էդ վերջն արդեն քսան քանի տարի չի ավարտվում։
-2026-ը լավ տարի է լինելու․․․
-Միգուցե դու էիր միակը ում չէիիի, չէիիի ուզում կորցնել։
Թրջվեց մինչև ոսկորները, մրսեց։ Ու ինչպես որ լինում է միշտ, եթե սկսել է ցրտել հաջորդիվ պետք է անպայման լքել։ Լքեց նստարանը։ Կանգառ հասնելու ուժ չէր մնացել։ Այսօր չէր ուզում որևէ մեկին գրկել, մանավանդ՝ անծանոթների։ Տաքսի կանչեց։ Իհարկե, բավականին աղքատացավ, բայց կանգառում կանգնած մարդիկ նախանձով նայեցին ու հայացքները կտրուկ թեքեցին, երբ նա շարժվեց դեպի մոտեցող մեքենան։
-Բարև ձեզ, շնորհավոր ձեր տոները:
-Ձերն էլ:
-Գնանք:
-Փորձենք:
-Ձմռան կեսին անձրև: Եղանակն էլ է գժվել։
Թեթև ժպիտ։
-Հասանք։
-Շնորհակալ եմ:
-Լավ օր ձեզ:
-Բոլորիս, լավ տարի, անկորուստ տարի։
Մի պահ փորձեց մտածել, հիշել մնացե՞լ է ինչ-որ բան, որը վախենում է կորցնել։
Դժվար։
Սառը ժպիտ սահեց գեղեցիկ դեմքին, ուսերը վեր հանեց ու աստիճաններով բարձրացավ։ Տան դռան առաջ ծաղկեփունջ էր դրված։
Ինչ վատ են վարվել գեղեցկության հետ։ Բարբարոսնե՛ր։
Վերջին ուժերը լարեց ու զգուշորեն գրկեց ծաղիկներին։ Բացիկ կար, ուղարկողն ուրիշն էր։
Ինչ վատ է չսիրել մեկին, ով այսքան սիրուն սիրում է քեզ։
Անձրևը շարունակում էր ինչ-որ մեկի փոխարեն լացել։
***
Սեղանին ծաղիկներ էին դրված։ Գեղեցիկ և անտեսված։ Ուշադիր մեկը կկարողանար հեռվից կարդալ ճմրթված բացիկի վրա՝ Կարևոր ես։
Կանայք բոլորն էլ կարևոր են։ Բայց կնոջ համար այս կյանքում կարևորը սիրված լինելն է։
Ակնհայտ էր՝ այն մեկից չէր ծաղկեփունջը։ Օդի մեջ շամպայնի պղպջակներ չկային ու ոչ էլ թիթեռնիկներ փորի մեջ։
-Աշխարհի ամենատխուր զգացումը կարոտն է։ Առաջ այդպես էր կարծում։ Հիմա մի բաժակ գինին ձեռքին պատուհանից դուրս նայելիս հանկարծ իրեն բռնեց այն մտքի վրա, որ շատ տխուր է, երբ էլ չես կարոտում նրան ում կարոտից մի ժամանակ խելագարվում էիր։
-Քո բացակայությունն անտանելի էր միշտ։ Չնայած ներկայությունդ միշտ շնչակտուր էր անում։ Խեղդվում էին բառերը կոկորդումս, սիրտխփոցս արագանում էր ու շնչահեղձ էի լինում։
Մաթեմի բարդ խնդիր ես։ Այդպես էլ միակ ճիշտ պատասխանը չգտա։
Հազար ու մեկը գտա, անսահմանությունը գտա, բայց քեզ՝ չէ։
Ես այդպես էլ չհաշտվեցի, որ դու կարիքն ունեիր ծաղիկների, բայց ոչ իմ նվիրածի։
Ինչ ռոմանտիկ էի ժամանակին։ Ու պարզվում է՝ անհոգ։ Միակ հոգսս քեզ դուր գալն էր։
Հիմա լիքը վարկեր ունեմ, որ պետք է դեռ հասցնեմ ժամանակին մարել։ Ու դատարկ սիրտ ունեմ, որ տարիքով պայմանավորված սկսել է ցավել։
Ինչ անսովոր է առանց քեզ ապրելը։ Ես սովորել էի, որ դու միշտ կաս, ինձ համոզել էի, որ չեմ կորցնի քեզ։
Պարզվեց հորինել եմ․․․
Ուղղակի դու կլինես միշտ այնտեղ, ուր կամ ես։
***
Մազերն անփութորեն հավաքված պոչիկ՝ գրատախտակին բանաձևեր էր գրում։
-Արմատատակ թիվը մինուսով չի լինում, -լսվում է օդի մեջ։ Ես մտածում եմ՝ ուզում եմ անվերջ լսել այս ձայնը։ Ու տեսնել այս դեմքը։ Ես մտածում եմ՝ ի՞նչ սխալ է ամեն բան։
Բայց խելացի երևալ է պետք, անխելքի հետ ոչ ոք չի ուզենա գործ ունենալ։
Այս մաթեմատիկական վարժությունը կլուծեմ, հեշտ է։ Բայց այս գլխիս մեջ ծնված խնդիրները կարծես՝ երբեք։
Դու գրատախտակին եռանկյունի ես գծում, ես նախանձում եմ կավիճին։ Դու գծում ես, ես կորում եմ։ Այն պատահական իրերի նման, որոնք եղել են ու անհետացել Բերմուդյան եռանկյունում:
Ինչ թարս է դասավորվել ամեն բան, գրողը տանի, գրողին տանի։ Ոչ մի անհրաժեշտ ու բավարար պայմանի չեմ համապատասխանում, որը թույլ կտա սիրել քեզ։
Դատարկ բազմություն է սերս... Սերս
Իսկ ես որոշել եմ անկանոն սիրել Քեզ․․․
Շուշանիկ Գյոլչանյան