Սիփանի հրեշտակները

Հայ նորագույն գրականության համար սա եզակի մի դեպք էր․ մեծ բանաստեղծ հոր որդին՝ Սիփանը, ևս մեծատաղանդ բանաստեղծ, և այն էլ՝ հորից զգալիորեն տարբեր։ Որոշ դեպքերում միգուցե նման էր սոսկ բանաստեղծական դիրքավորումը (հիշենք թեկուզ հայր Շիրազի «Գինետան բաժակի նման ձեռքից ձեռք անցած մի աղջիկ» քառատողը)։ Սիփանը դեպի Պառնաս տանող սեփական ուղին ընտրեց, քանզի Սամվել Մուրադյանի բնորոշմամբ՝ «թույլ շնորհք կամ փոքր ձիրք ունեցող մեկը ընդմիշտ կճզմվեր հանճարի ծանրության տակ, ամենևին չէր ընդունվի գրական հասարակայնության և ընթերցող հանրության կողմից»։
Վերակառուցման տարիներն էին։ Հիշում եմ՝ Թամանյանի արձանի մոտով հորս հետ անցնելիս հենց մայթին գրքի հերթ նկատեցինք։ Մոտեցանք․ պարզվեց, որ Սիփանի ժողովածուն են վաճառում, ու պահանջարկն այնքան մեծ էր, հերթը՝ պատկառելի, որ վաճառող տղան մի աստղաբաշխական գումար էր պահանջում։ Հազիվ 22-23-ամյա բանաստեղծ-արվեստագետի հռչակը տարածվել էր մայրաքաղաքում ու դրա սահմաններից դուրս․ դժվար էր լինել նրա ժամանակակիցը ու չտեսնել, չզգալ նրա ազդու ներկայությունը։ Տարիներ անց ես էլ նրան տեսա գրողների տան մոտ։ Պատմում էին, որ ներքնահարկում գտնվող սրճարանի պատերի ներքո իր երիտասարդ կյանքն է անխնա մաշում․․․
Նա Հովհաննես Շիրազի երրորդ զավակն էր․ ծնվել էր 1967 թ․ հունիսի 25-ին ու ստացել Սիս անունը (որպես Մասիս եղբոր հաջորդը), սակայն չորրորդ արու զավակի աշխարհ գալուն երկար սպասող բանաստեղծը որոշել էր անվանափոխել որդուն՝ ի պատիվ քաջերի ապաստան սրբազան լեռան՝ Սիփանի (տեղանունը ստուգաբանվում է որպես զոհ և զոհաբերություն, քանզի այստեղ է զոհվել ժողովրդական պատումի և շիրազյան պոեմի հերոս Սիամանթոն)։ Փոքր հասակից՝ քաղաքով քայլելիս, թե տարբեր հանդիպումների ժամանակ Սիփանը եղել է հոր կողքին․ իր բառերով՝ «հայրիկի ուղեկից-թիկնապահն էի, փոքրիկ քարտուղարը»։ «Քո մեջ գտա իմ քնարը քնքշենի»,- գրել է հայրը։ Որդուն այսպիսի խրատ է տվել․ «Ինքդ քեզ հավատա, քո ներքին ձայնին, քո միջի Աստծուն․․․ Ամեն մարդու մեջ մի մանուկ Աստված կա քնած, սատանա էլ կա․ մարդ պիտի կարենա իր միջի Աստծուն արթնացնել, որ իր խղճի աչքը կույր չմնա՝ բացվի՛, ու երբ աչքը, խղճի, լույսի աչքը բացվեց՝ վերջացա՛վ․ սատանան անզոր է այլևս»։ Իր հարցազրույցներից մեկում Հովհաննես Շիրազի կրտսեր որդին՝ Վանանդը պատմել է, որ իր երեխաներից ամենամեծ հույսերը բանաստեղծը կապում էր Սիփանի հետ․ «Նա Սիփանի մեջ նկատում էր բանաստեղծին: Արդեն 14-15 տարեկանում Սիփանը շատ լավ գրում էր, սկզբից, իհարկե, հայրիկի ստեղծագործությունների ազդեցության տակ, իսկ հետո նա լրիվ ազատվեց դրանից, դարձավ ինքնուրույն, իր ոճն ունեցող բանաստեղծ, բայց հայրիկն արդեն չկար…»։ Սիփանի բանաստեղծություններն առաջին անգամ տպագրվել են «Սովետական Հայաստան» ամսագրում` 1983 թվականին։
Ավագ եղբայրների՝ Արայի ու Մասիսի հետքերով նա նկարիչ-քանդակագործի կրթություն է ստացել Թերլեմեզյանի անվ․ ուսումնարանում, ապա՝ Գեղարվեստի ինստիտուտում։ Աշխատասեր է եղել ու բեղուն․ Երևանի լրագրողների տան դահլիճում 16-ամյա երիտասարդի անհատական ցուցահանդեսին ներկայացվել են 65 գեղանկարչական և 15 քանդակագործական աշխատանքներ։ Ցուցադրված էր նաև հոր դիմաքանդակը, որ ստեղծել էր նրանից գաղտնի՝ երկու տարի առաջ։ Իր քանդակին դիմելով՝ մեծ բանաստեղծը այսպիսի դիպուկ բնորոշում է տվել․ «մի աչքդ արցունք է, մյուսդ՝ կմռնչա, կորցրած երազ-երկիրը կուզե․․․»։
Խրթին ու հակասական է եղել Սիփան Շիրազի ստեղծագործական ուղին՝ պարզ, դասական ձևերից մինչև ոգու ազատ թռիչք, ապա՝ վերջին ամիսներին, խճողված և ձևախեղված տեքստեր․․․ Նրա բանաստեղծությունները և արձակ էջերը տպավորիչ են, բնույթով՝ անձնական, իրենց խորքում՝ ողբերգական։ Դրանց քնարական հերոսը, որ ինքը՝ բանաստեղծն է, հոգնել է հոգեկան տվայտանքներից, աշխարհի աղտից ու անկատարությունից, սակայն կառչած է դժբախտ սերերից ու մենակությունից, ապրում է ամեն օր ու մեռնում կամաց-կամաց․․․
1984-ին Սիփանը ձևավորեց-զարդանախշեց հոր «Մի փետուր իմ արծիվ կյանքից» գիրքը։ Հետագայում նրա ստեղծած գեղարվեստական աշխատանքներն է՛լ ավելի վերացական դարձան, սակայն ինչպես բանաստեղծությունները, դրանց հիմքում էլ խորթ աշխարհում չարչարվող մարդու կենսափիլիսոփայությունն էր։
Սիփանը մանկականորեն անպաշտպան էր կյանքում՝ 1990-ականների ծանր, անլույս, հեղձուձիչ իրականությունում։ Իր փոքրիկ արձակ գործերից մեկում բանաստեղծը խոստովանում է․ «Իմ չափերը չհամընկան այս աշխարհի չափերի հետ, և ստիպված դարձա ԱՆՉԱՓ-ԱՆՉԱՓ-ԱՆՉԱՓ ԹԱԽԻԾ»։ Հովհաննես Երանյանի խոսքերով՝ «նրան երբեք չլքեց մանկական անմիջականությունը, մի տեսակ անմեղսունակ էր մի չար, մի վատ գործ անելու»։ Սամվել Մուրադյանի բնորոշմամբ՝ «հոր պես հախուռն էր, իր անձի և կենցաղի հանդեպ անփույթ, արարող և ստեղծող, գեղեցկությունն ու բարությունը գնահատող»։
Իրոք, ինչ-որ բան չի թողնում նրան անիծված պոետ անվանել, երևի հենց շնորհիվ նրա թիկունքին եղած հրեշտակների՝ լինեն դրանք երկնային ուժերը, մուսան, հայրը թե կանայք, այն հրեշտակների, որոնց նա այդքան հաճախ հիշատակել է իր ստեղծագործություններում։ Բանաստեղծի ինքնախոստովանությունների ողբերգական խորքը չի խանգարում, որ դրանք թեթև, կես կատակ ձևակերպումներ ստանան, լինեն անսպասելիորեն լուսավոր, ո՛չ մռայլ․
Դժվար կյանք էր․ Ես չդարձա կաթողիկոս։
Վենետիկը՝ ծննդավայր, Փարիզը՝ տուն («Թե ինչ եղավ հետո»)։
Մի այլ տեղ՝ «Իմ կյանքը խայտառակ մի առակ էր․․․»
Սիփանի իրականությունն անդրաշխարհային է (բխած «աշխարհի մյուս կողմից»), նա պտտվում է մետաֆիզիկական ոլորաններում ու ապաստան փնտրում, հաճախ մոլորվում։ Երբեմն անցնում է գլխագրերի։ Ինչո՞ւ։ Ուզում է ընթերցողի ուշադրությո՞ւնը գրավել, ոգու վերելքի պա՞հն է ընդգծում, թե՞ շեշտում է անդրաշխարհայինը, դժվար է ասել․
ՄԵԶ ՀԻՇԵԼ ԵՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ՏԿԱՐ,
ՄԱՄԱ, ՄԵՐ ՏՈՒՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ԵՆ ԵԿԵԼ։
Սիփանը ստեղծել է փոքր ծավալի բանաստեղծություններ ու բանաստեղծական արձակ։ Նրա անդրանիկ՝ «Արշալույսի խորաններ» ժողովածուն լույս է տեսել 1988 թ․։ Մահվան տեսիլները հենց սկզբից են հանդիպում նրա գործերում («Այսպես ջահել՝ պիտի իջնես գերեզման»)։
Նրա բանաստեղծություններում մետաֆիզիկական պատկերների օգնությամբ հառնում են մեկ ժամանակն ու միջավայրը, մեկ քաղաքամայր Երևանը, մեկ Նաղաշ Հովնաթանը, մեկ Ալիշանը, մեկ Փարաջանովը, ապա՝ հեղինակի սերնդակից ազատամարտիկ Արթուր Ղարիբյանը, Հրաչյա Թամրազյանը կամ մեկ ուրիշը։ Հարազատ քաղաքից, աշխարհից օտարացած բանաստեղծի համար բախտակից ընկեր է նրա գործերում հաճախ հանդիպող շունը («Կյանքն իմ կդառնա շան վերհուշ ու հաչ»)։
Միապաղաղ, դատարկ օրերը հաջորդում են միմյանց, և բանաստեղծը անդրադառնում է դրանց՝ հյուսելով սեփական մահախոսականը։ Մահվան հետ նա «դու»-ով է խոսում, քանզի արդեն այստեղ չէ․
Իսկ մնացյալը՝ հրեշտակների փետուրների տակ՝
ՔՈ ԿՅԱՆՔՆ Է - անհա՜յտ սահմանագծում («Սև անդորր»)։
Ողբալով Արցախյան պատերազմում զոհված իր գրչընկերների մահը՝ նա ինքն էլ է հաշտվում մահվան հետ․
Ես մահազդներից հոգնել եմ արդեն և դադար չկա
Գորշ թափորների հոգնատանջ քայլքին՝ պոկված խավարից։
Ի՜նչ է պատահել․ է՜խ, ԸՆԴԱՄԵՆԸ անշշուկ տարան
Քո ուրվականին՝ պոկված քո վերջին դիմանկարից («Փախուստ վերջին դիմանկարից»)։
Չարենցի պես Սիփանին էլ այցելում է կապկի տեսիլը, որ նրա հոգու «ծառերն է հատում»։ Սիփանը հետևում է Նարեկացուն, սակայն չի համարձակվում խոսք ուղղել Աստծուն, նրա զրուցակիցը ընթերցողն է, կամ ավելի շուտ՝ հենց ինքը․
«Կարո՞ղ ես՝ հաշվիր ձյան փաթիլները․․․ Դրանք իմ մեղքերն են։ Կարո՞ղ ես՝ հաշվիր մարդկանց՝ չգործած մեղքերն իմ բոլոր»։
Արևմտահայ ու ընդհանրապես հայկական պոեզիայի հետ բազմաթիվ աղերսներ կարելի է գտնել Սիփանի երկերում։ Այդուհանդերձ, նա ի՛ր ժամանակը ներկայացնող բանաստեղծ է և՛ թեմաների, և՛ մոտեցումների տեսակետից։ Նրա պոեզիան տպավորիչ է, նորաբույր, հարափոփոխ ռիթմերով, բառախաղերով, հնչյունային ոճական հնարքներով ու այլ տարրերով հագեցած։
1993-ին Սիփանը մեկ գրքով հրատարակեց «Հայրիկ» հուշագրությունը և «Տխուր, տխուր Վենետիկ» բանաստեղծական ժողովածուն։ 1995-ին տպագրվեց «Սկուդա հեյ, սկուդա հու» ժողովածուն, որը Սիփանի բանաստեղծական արվեստի բարձրակետերից էր։ «Գրողի ծոցը, կամ բարով մնաք»-ը միաժամանակ և՛ հեղինակի գրական մանիֆեստն էր, և՛ հրաժեշտի խոսքը․
Եվ փրկության ոչ մի փողոց մեզ չմնաց,
Մեզ չտրվեց ԿՅԱՆՔՆ ԱՊՐԵԼՈՒ ոչ մի փողոց,
Մենք մթնեցինք աստղերի պես գիշեր հագած,
Մեր ճակատին պարզ գրված էր - ԳՐՈՂԻ ԾՈՑ։
Հայրենիքի մասին նա անհուն ցավով է գրում, ամեն անգամ անդրադառնալիս ասես արնածոր վերքի է դիպչում․
Եվ մնում է աշխարհի մեջ օր մի դատարկ,
Մի ցուրտ քաղաք ու վիրավոր մի հայրենիք․
Եվ ի՞նչ մնաց այս հեքիաթից․ մի հիշատակ,
Մի պատերազմ, մի հոգնած տանկ, ու մի տանիք
(«Մի Ղարաբաղ, մի հոգնած տանկ ու մի տանիք»)։
Սիփանի ստեղծագործություններն ավելի ու ավելի խոհական են դառնում, սակայն կորցնում են կառուցվածքը, ձևը, երբեմն՝ տրամաբանությունը։ Վերջին բանաստեղծություններից մեկում գրում է․
Երբ մահացա - մահվան վերջը կգա։
Սև ու ճերմակ՝ միևնույնը կհամարվի։
Եվ անցյալը, որպես ցաված ատամ,
Արմատախիլ մի կողմ կշպրտվի։
Ժխտողական տրամադրությունը վաղուց էր նրան տիրել, դեռ հինգ տարի առաջ նա գրել էր․
Հարբած իմ օրվա տապ-հեշտանքներից չմնաց ոչինչ-
Եվ առավոտի հրեշտակներին էլ չեմ սպասում․
Զի նրանց բերած խնդությունները,
Իմ վաղամեռիկ սատանաներն են գիշերով կիսում («Կապույտ թափոր»)։
1997 թ․ ապրիլյան մի սև օր պահապան հրեշտակները լքեցին բանաստեղծին․ նա մահացավ սրտային անբավարարությունից՝ 30-ամյակը դեռ չբոլորած։ Երբ ստացանք Սիփանի մահվան բոթը, շատերս վշտացանք, ասես ընտանիքի անդամի էինք կորցրել․ Շիրազի զավակի համար ինչ-որ իմաստով բոլորս էինք պատասխանատու («երբ դրսում, փողոցում կամ սրճարանում հարցնում էին տան որպիսությունը, հայրիկը պատասխանում էր,- ժողովուրդը կպահի․․․ Աստված կպահի»), սակայն ժամանակին չզգացինք նրա ներքին ցավը, ինչպես միշտ, բոլոր ժամանակներում ու երկներում է եղել, արժանիորեն չգնահատեցինք կյանքի օրոք։ Մինչդեռ Սիփանը պոետ էր, որի ճակատը եթե ոչ Աստված, ապա հրեշտակներն էին համբուրել։ Հրաչ Բեյլերյանի խոսքերով՝ «Նա գենետիկորեն զարմանալի բանաստեղծ էր, նկարիչ և ընկեր: Հաճախ ասում են, որ Շիրազի մեջ կար բոհեմականություն: Նա ամեն ինչ կարողանում էր տանել, բացի ճղճիմությունից…»: Ինքը՝ Սիփանն անկեղծանում էր, որ հարբում է աշխարհը մոռանալու համար․ «Դա կարծեմ ավելի բարոյական է»։
«Կյանքը քչերին է հոգեպես ու արտաքնապես այդպես շռայլորեն զուգում, բայց ճակատագիրը իր դավադիր ու չար խաղերն ունի»,- ասված էր Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների անունից տպագրված համատեղ մահախոսականում։
Համընդհանուր անտարբերության մթնոլորտում գողերը Սիփանի գերեզմանից պոկեցին ու տարան ճակատագրին բացված առագաստով առերեսվող արվեստագետի բրոնզե քանդակը, հրաշալի մի ստեղծագործություն, որ ավագ եղբայրը՝ Արան էր կերտել։ Բացակայող քանդակով պատվանդանը Սիփանի գերեզմանին այնքան ալեգորիկ է, իսկը նրա ապրած կյանքի պես, որտեղ կա անհուն ցավ ու դատարկություն․․․
Մի հարցում Սիփան Շիրազը երջանիկ եղավ․ այսօր իր սերնդի բանաստեղծներից նա թերևս ամենահաճախ հիշվողներից է՝ հատկապես սոցիալական ցանցերում, համացանցային թե ռադիո-եթերում, նրա ստեղծագործություններն ասմունքվում են, երգվում ու անիմացվում, տասնամյակների հեռվից էլ արդիական են ու թարմաշունչ, քանզի արծարծում են հավերժական թեմաներ։ 2008թ. վերջապես հրատարակվեց Սիփանի բանաստեղծությունների ընտրանին՝ նրա ութերորդ գիրքը՝ ձևավորված հեղինակի նկարչական աշխատանքների վերատպություններով։ Հարկ է նաև նշել, որ Սիփան Շիրազի ընկերներից բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն այժմ կազմել ու խմբագրել է նրա երկերի երկհատոր ամբողջական ժողովածուն (շուրջ 600 էջ ընդհանուր ծավալով)․ հուսանք, որ հովանավորներ կգտնվեն այս մեծարժեք հրատարակությունը իրականացնելու համար։
Սիփանի մասին հիշողությունը վառ է մնում։ Տարեսկզբին «Գրական թերթում» տպագրվեց Գուրգեն Խանջյանի «Մի ցուրտ տաք օր՝ Սիփանի հետ» պատմվածքը։ Իսկ օրեր առաջ Գյումրիի Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում նշվեց Սիփանի ծննդյան 58-ամյակը ու դահլիճում ազատ տեղեր չկային։ Վերստին ցուցադրվեցին նաև նրա գեղանկարչական աշխատանքները, քանդակները։ Իզուր չէ, որ դեռևս 1994 թ․ նա մարգարեացել էր․
Եվ բառերի ներլուսնային հատակում
Հուշն իմ կապրի ԹԵԿՈՒԶ ՈՐՊԵՍ ՕՐ ՎՀԱՏ -
ԻՍԿ ՄԱՐՄԻՆՆ ԻՄ ԿՀԵՌԱՆԱ - լույսի մեջ՝
ՀՈԳԻՆ - ԿԱՊՐԻ ԱՆՇՇՈՒԿ ՈՒ ԱՆՆԿԱՏ:
Աշոտ Գրիգորյան
Պատկերներ․
1․ Հոր՝ Մեծն Շիրազի հետ
2․ Սիփան Շիրազի ինքնագիրը
3․ «Մահամերձ տարի» ժողովածուի (1992) շապիկը (նկարիչ՝ Ս․ Շիրազ)
4․ Պատանի Սիփանի քանդակած «Կոմիտասը»
5. Սիփան Շիրազի վերացական աշխատանքներից



