Սուրեն Քոչարյանի «մեկ դերասանի թատրոնը»

Չափազանց դժվար է մի քանի բառով բնութագրել Սուրեն Քոչարյանի բեմական արվեստի ժանրը։ Հանրագիտարաններում այն բնորոշվում է որպես «գեղարվեստական խոսք», «ասմունք»։ Մասնագետներն էստրադայում Քոչարյանի ելույթներին տալիս էին «մեկ դերասանի թատրոն» ընդհանրական անվանումը։ Նրա բեմական արվեստն այնքան ինքնատիպ էր, անսովոր ու անկրկնելի, որ այն կարելի է բնութագրել մեկ բառով՝ քոչարյանական։

Գրական էստրադայի մյուս նշանավոր վարպետները՝ Ալեքսանդր Զակուշնյակը, Անտոն Շվարցը, Վլադիմիր Յախոնտովը, Վասիլի Կաչալովը, Իգոր Իլյինսկին, Վսևոլոդ Ակսյոնովը, Վյաչեսլավ Սոմովը, Դմիտրի Ժուրավլյովը, ինչպես նաև Իրակլի Անդրոնիկովը չեն ունեցել այսպիսի ընդգրկուն և մեծակտավ երկերից բաղկացած խաղացանկ (ռեպերտուար)։ Բացի այդ, Քոչարյանը մանրակրկիտ, տքնաջան հետազոտություններ իրականացնելով՝ անձամբ էր կազմում ներկայացվող կոմպոզիցիաները։ Տարբերվող էին նաև նրա բեմական պահվածքը և կիրառած արտահայտչամիջոցները։

Բացի այդ՝ նա թատրոնի և կինոյի դերասան էր, սեփական արվեստի վերլուծողը, բանասեր և գրող։

Սուրեն Քոչարյանը ծնվել  է 120 տարի առաջ՝ սեպտեմբերի 5-ին, Թիֆլիսում։ Նրա պապն ու հայրը Երևանից էին։ Քոչարյանը միշտ նշում էր, որ պատմել սովորել է լոռեցի տատից՝ հեքիաթասաց Սոֆյա Խաչատրյանից։ Տատիկի պատմած հեքիաթները և պատմությունները մեկընդմիշտ տպավորվել էին Սուրենի մտքում։ Նա ավարտել է ռուսական գիմնազիան, հաճախել նաև հայերենի դասընթացների։ Թումանյանի ներկայությամբ «Գիքորում» Բազազ Արտեմ է խաղացել, հուզել է հայ բանաստեղծին, որին իր ուսուցիչներից էր համարում։ Հանդես է եկել փորձառու ռեժիսոր Ամո Խարազյանի աշակերտա-ուսանողական դրամատիկ թատերախմբի կազմում։ Գիմնազիստ Քոչարյանը, որին Խարազյանն անվանում էր «վաղաժամ հասունացած» տղա, առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմ բարձրացավ փոքրիկ Դավթի («Դավիթ Բեկ», 1918) և փոքրիկ Իցկոյի («Հալածվածներ») դերերում։ Քոչարյանը խաղացել է նաև Ալեքսանդրի դերը «Ժայռում», հեղինակի՝ Վրթանես Փափազյանի ներկայությամբ, Տաֆֆի Ուինի դերը «Տրիլբիում» և Ալեքսանդրի դերը «Մարվող ճրագներում»։ Հենց Խարազյանի փորձերն էին, որ Քոչարյանի համար բեմադրվող գործը նախապես ուսումնասիրելու, վերլուծելու կարևոր դպրոց հանդիսացան․ Քոչարյանը տարիներ անց վերհիշել է, թե ինչպես թատերախումբը փորձեր էր անում ռեժիսորի սենյակում՝ «նախ սեղանի շուրջ, պիեսի գաղափարի, գործող անձանց կերպարների, ժամանակաշրջանի և այլ, և այլ հարցերի մասին խոսելով, բացատրելով ու վիճելով․․․»։ Պատանի Սուրենը հրապուրվել է իր ավագ խաղընկերուհի Հասմիկի (Թագուհի Հակոբյան) խաղով, կրել նրա ազդեցությունը։ 

1921 թ․ Սուրենն ընկերների՝ Արամ Խաչատրյանի և Արմեն Գուլակյանի հետ ուղևորվել է Մոսկվա, մինչև 1925 թ․ սովորել Ռուբեն Սիմոնովի ղեկավարած հայկական դրամատիկական ստուդիայում։ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանների» բեմադրությունում նա կատարել է մետր-դօտելի դերը։ Ներկայացումներին մշտապես ներկա է եղել Եղիշե Չարենցը, որը մտերմացել է Քոչարյանի հետ։

Մոսկվայում է Քոչարյանը ստացել ասմունքողի առաջին լուրջ փորձառությունը․ Ստեփան Քափանակյանի առաջարկությամբ նա բեմից ասմունքել է Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»՝ արժանանալով հանդիսատեսի դրվատանքին։

1925-1932 թթ․ Քոչարյանը Երևանի Առաջին պետական թատրոնի դերասան էր, որտեղ հանդես է եկել շուրջ քառասուն դերերում, այդ թվում՝ Վասկա Պեպելի (Գորկու «Հատակում»), Արիստարխ Վիշնևսկու (Օստրովսկու «Արդյունավետ պաշտոն») և Կակուլիի (Սունդուկյանի «Պեպո»)։ Քոչարյանն ունեցել է դերասանական ձիրք, սակայն աչքի է ընկել ինքնակենտրոն խաղով, առանձնացել է դերասանական անսամբլից։ 1928 թվականին նա նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի առաջին համր ֆիլմերից մեկում՝ «Հինգն էլ խնձորին», 1931-ին՝ «Կիկոսում» և «Մեքսիկական դիպլոմատներում»։

Երևանի աշխատավորական թատրոնում նա բեմադրել է իր ստեղծած օրատորիան, հանդես եկել որպես տոնական երթերի ռեժիսոր, գեղարվեստական գրականություն կարդացել նորաստեղծ հայկական ռադիոյում, դասավանդել թատերական ուսումնարանում։

Հայերենի բարբառներն ուսումնասիրելիս Քոչարյանը ծանոթացել է Հրաչյա Աճառյանի հետ, կազմակերպել «Բարբառների երեկո», որի ընթացքում անվանի հայագետը քարտեզի վրա ցույց է տվել հայոց գավառները, ներկայացրել այնտեղ խոսվող բարբառը, իսկ Քոչարյանը և այլ դերասաններ բերել են օրինակներ այդ բարբառով ստեղծված գործերից։

«Ներթատերական» հակասությունների պատճառով Քոչարյանը ստիպված թողել է թատրոնը, գրական ստեղծագործությունները ներկայացրել բեմից՝ որպես մենակատար․ «հեռանալով թատրոնից՝ ես պիտի ստեղծեի ի՛մ «թատրոնը»»։ Ռուսթավելու «Ընձենավորը» Քոչարյանի առաջին փորձն էր մեծածավալ ստեղծագործությունը կրճատելու և բեմին ադապտացնելու այնպես, որ չխաթարվի դրա սյուժետային ամբողջականությունը, էպիկական ոգին։ Այն արժանանում է հանդիսատեսի բուռն ընդունելությանը։

Իր իսկ խոստովանությամբ՝ Քոչարյանը հենց սկզբից որոնում էր այնպիսի արտահայտչամիջոցներ, որոնք կօգնեին ստեղծագործությունում «հնչեցնել» դրա ժողովրդական հիմքը։ Նա ասմունքում կարևորում էր գրական (աչքով կարդալու) և կենդանի խոսքի (ունկնդրելու) տարբերության խորին ընկալումը։ Ըստ նրա՝ գեղարվեստական ասմունքը գրական նյութից կախված է ոչ ավելի, քան թատրոնը՝ դրամատուրգիայից․ «ասմունքողը առանձնացնում է ստեղծագործությունում ամենատիպականը, վառը, արժեքավորը», նա մեկնաբանում է հեղինակին, բացի գրականից՝ կիրառելով գեղարվեստա-զգացական ազդեցության միջոցներ։

Երբեմն չբավարարվելով գրքերի ու հոդվածների ընթերցմամբ և մասնագետների հետ հանդիպումներով՝ Քոչարյանը ջանում էր մասնագիտական դիտարկումներ կատարել նաև իրական կյանքում։ Այսպես, Նար-Դոսի «Ինչպես բժշկեցինը» պատրաստելիս նա եղավ Իջևանի հոգեբուժարանում, հետևեց հիվանդների վարքին։ 

«Սասունցի Դավիթը» Քոչարյանը բեմից ներկայացրել է 40 տարի շարունակ՝ շուրջ մեկ միլիոն հանդիսատեսների առջև։ «Արտիստի այդ համերգային աշխատանքը ցնցում էր ունկնդիրներին։ Նրանք դրա մեջ ընկղմվում էին ոչ միանգամից, բայց մուտք գործելով՝ չէին ուզում բաժանվել հերոսներից և պատմողից, որը նրանց համար իրագործում էր խոսքը իրական պատկերների վերափոխելու հրաշքը, հրաշք, որ գրեթե հիպնոսային ուժ ունի»,- գրում էր թատերագետ Յուրի Ալյանսկին։ Էպոսի ռուսերեն ընթերցումը համամիութենական հռչակ բերեց երիտասարդ արտիստին․ Հովսեփ Օրբելու բնորոշմամբ՝ «այդպիսի կոմպոզիցիաներ կարելի է ստեղծել երկար ժամանակի ընթացքում, դրանք փայփայելով և ներքուստ ապրելով միայն, թափանցելով մեծ ստեղծագործողի երկի ամենախորին ոլորտները»։ Հետագայում «Մելոդիա» ֆիրման թողարկեց կոմպոզիցիայի ձայնագրությունն ընդգրկող երկսկավառակը։

1939-ից Քոչարյանը Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար էր։ Անսահման էր նրա ռեպերտուարը, որ ներառում էր Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը», «Հազար ու մեկ գիշերը» և Բոկաչչոյի «Դեկամերոնը», Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությունը», Թումանյանի հեքիաթները և բազում այլ ստեղծագործություններ։ Գիտակցելով բառ ու բանի ուժը, իր թավ, հուժկու ձայնի ելևեջների, ինչպես նաև դիմախաղի ու ճկուն ձեռքերի օգնությամբ Քոչարյանը ջանում էր միս ու արյուն հաղորդել գրական հերոսներին, կենդանացնել նրանց շրջապատող աշխարհը հանդիսատեսի մտապատկերում։ Գրականագետ Սիմոն Հակոբյանը դեռ 1933-ին նկատել էր, որ Քոչարյանի «հիմնական հատկությունների մեջ որպես արվեստագետ՝ կարելի է վեր հանել պատմողի գիծը»։ Թատերագետ Լևոն Հախվերդյանը ևս, նշելով, որ «ոչ մեկին այնպես չի սազում «ասացող» հինավուրց տերմինը», ինչպես Քոչարյանին, ընդգծում էր, որ նրա արվեստին առանձին ցայտունություն է տալիս դերասանական ու ասմունքային տարրերի օրգանական համաձուլումը։

1944-ին Քոչարյանը Երևանում ներկայացրեց Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի կոմպոզիցիան։ Ընթերցումը բացառիկ հաջողություն ունեցավ, այն ընդմիջվում էր ծափերով ու խանդավառ բացականչություններով, սակայն արգելվեց ՀԽՍՀ ղեկավարության կողմից, որպես ազգայնականության քարոզ։ Թևաթափ եղած արտիստին այդ օրերին իր տուն է հրավիրել Մարտիրոս Սարյանը՝ նկարելու․

-Ես կամենում եմ քեզ նկարել յուղաներկով։ Այս դիմանկարը ես կնկարեմ Հայաստանի պեյզաժի ֆոնի վրա։ Դու իրավունք չունես հուսալքվելու։ Դու պետք է պարծենաս քո ժողովրդով․․․

Ընդհանրապես, Քոչարյանի բոլոր կոմպոզիցիաները և ծաղկաքաղերը չէ, որ լավ էին ընդունվում, նա երբեմն մեղադրվում էր հեղինակային մտահղացման դեմ մեղանչելու համար, սակայն ոչ մի դեպքում դահլիճն անհաղորդ չէր մնում։ Արվեստաբան Ավներ Զիսը գրում էր, որ Քոչարյանի բոլոր ստեղծագործությունները «էպիկական մեծ կտավներ են, բայց դրանցից ոչ մեկում չի կարելի գտնել էպիկական հանգստության նշաններ։ Նրա արվեստը կրքոտ է ու արդիական, հաստատող ու տապալող, պայքարող ու հաղթող»։

Երբ հռչակավոր Կաչալովը հիվանդացավ, նա խնդրեց, որ իրեն փոխարինի կրտսեր գործընկերը․ «Քոչարյանը վարպետ է, իր գործի վիրտուոզը։ Նրա ելույթները միշտ վարակիչ կերպով կրակոտ են և ջերմացած են մեծ ու անկեղծ զգացմունքով։ Ձայնի գեղեցիկ տեմբրը, որին նա լիարժեքորեն տիրապետում է, փայլուն ֆրազավորումը, արտահայտիչ դիմախաղը Քոչարյանի արվեստին հաղորդում են հատուկ ուժ և հմայք»։

Քոչարյանն այն հայ արտիստներից էր, որ լուրջ վերլուծության էր ենթարկում իր բեմական արվեստի արմատները, սկզբունքները և արտահայտչական հնարքները։ 1960 թ․ լույս տեսավ նրա «Կենդանի խոսքի ոլորտներում» ռուսերեն գիրքը, որը վերահրատարակվեց 1979-ին, իսկ մինչև այդ լույս տեսավ նաև հայերեն։ Առանձին գրքերով հրատարակվեցին նրա մի շարք գրական կոմպոզիցիաները և մշակումները։ Նա նաև ուշագրավ նովելների հեղինակ էր։ Բացի այդ, հայերեն և ռուսերեն լույս են տեսել Քոչարյանին նվիրված մի քանի գրքեր։

1945 թ․ Քոչարյանն արժանացավ Հայաստանի, 1967-ին՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման։ 1951 թ. նրան շնորհվեց ԽՍՀՄ, 1975 թ.՝ Հայաստանի պետական մրցանակ:

Արտիստի միակ զավակը՝ վաղամեռիկ կինոռեժիսոր Լևոն Քոչարյանը (նրա պատվին Հրաչյա Ներսիսյանն իր որդուն Լևոն անվանակոչեց) 1950-60-ականների մոսկովյան ստեղծագործող երիտասարդության վառ ներկայացուցիչներից էր։ Սուրեն Քոչարյանին մեծ ակնածանքով էին վերաբերում որդու ընկերները, մասնավորապես՝ երիտասարդ Վլադիմիր Վիսոցկին, որը մեծ սիրով էր դիտում արտիստի ելույթները, լինում էր նրա տանը։ Հենց Քոչարյանը բարեխոսեց, որպեսզի Վիսոցկու խստաբարո հայրը թույլ տա որդուն դերասանական կրթություն ստանալ։ Լևոն Քոչարյանի և Վիսոցկու ընդհանուր ընկերը՝ իրավաբան Անատոլի Ուտևսկին, այսպես է նկարագրել Սուրեն Քոչարյանին․ «հիրավի ժողովրդական արտիստ, փայլուն ասմունքող, կայծասփյուռ տաղանդի տեր, բարի, փափկանկատ ու բարյացակամ մարդ։ Սուրեն Ակիմիչը փայլուն գիտեր ոչ միայն հայ, այլև ռուս ժողովրդի պատմությունը, գրականությունը։ Նրա կիրքը պոեզիան էր։ Բանաստեղծություններ կարող էր կարդալ առավոտից մինչև երեկո՝ մեզ ներկայացնելով զարմանալիորեն գունեղ պատկերներ»։

Արտիստն իր ամբողջ կյանքում շարունակել է կապված մնալ հայկական իրականությանը: 1965-ին Քոչարյանը շրջագայեց Մերձավոր Արևելքում, որտեղ արժանացավ իր հայրենակիցների բուռն ընդունելությանը։ Նա գրի առավ․ «Հայերը սփռված են աշխարհով մեկ։ Հինավուրց լեզուն ձուլվում է։ Սունդուկյանի հիասքանչ լեզուն մեռնում է, եթե արդեն իսկ չի մեռել բոլորի համար, բացի թիֆլիսցիների հին սերնդից։ Հիասքանչ Պարոնյանը հասու է միայն արևմտահայերին․․․ Նույնիսկ «ամենայն հայոց բանաստեղծ» Թումանյանն ամբողջ թափով չընկալվեց Մերձավոր Արևելքում, Լիբանանում․․․»։

Տոլստոյի «Կրեյցերյան սոնատի» կոմպոզիցիան ամենադժվարն ու հոգեմաշն էր սրտի հիվանդությամբ տառապող Քոչարյանի համար․ ամեն անգամ այն ներկայացնելիս արտիստը բեմում կրկին խորապես վերապրում էր ողբերգական սյուժեն։ 1979 թ․ փետրվարին նա վերջին անգամ Մոսկվայի Չայկովսկու անվան դահլիճում հնչեցրեց «Կրեյցերյան սոնատը», ինչից հետո անկողին ընկավ․․․ Շատ էր ուզում մեռնել բեմի վրա, սակայն վերջին բեմելից հետո ապրեց ևս կես տարի՝ տառապելով ծանր հիվանդությունից։ Հիվանդանոցում էլ շարունակում էր զբաղվել տարբեր ծրագրերի, այդ թվում՝ իր սիրելի հայկական հեքիաթների մշակմամբ։ Անչափ կենսասեր և բարի, սակայն իր նկատմամբ խստապահանջ արտիստը մահվանից առաջ գրել է․ «Երբեմն վախով եմ հետ նայում ու կարող եմ պնդել, որ ոչինչ կամ ոչ մի պետքական բան կյանքում չեմ արել»։

Նա մահացավ 1979 թ․ հոկտեմբերի 9-ին՝ Մոսկվայում, սակայն հուղարկավորվեց իր սիրելի Երևանի քաղաքային պանթեոնում։

Հայ երեխաների մի քանի սերունդ հայկական հեքիաթներին առաջին անգամ առնչվել է քոչարյանական ելույթների ու ձայնապնակների շնորհիվ։ Ռուսալեզու հանրությունը ևս հայ, ռուս և համաշխարհային գրականության շատ գոհարների ծանոթացել է Քոչարյանի մատուցմամբ։ Այսօր էլ նրա տեսանյութերն  ու ձայնագրությունները համացանցում բազմահազար դիտումներ են արձանագրում, տարածվում են սեղմասկավառակների, առցանց արխիվային հավաքածուների, մինչև իսկ ամենատարածված հոսքային (սթրիմինգային) ծառայությունների միջոցով։ Ինչ խոսք, այսօր նա պակաս փնտրված անուն է, քան հիսուն կամ յոթանասուն տարի առաջ, սակայն ի տարբերություն շատ-շատերի՝ չի մոռացվել ու չի ընկալվում իբրև սոսկ անցյալին պատկանող արվեստագետ։ Ավելին, կարելի է վստահորեն պնդել, որ Քոչարյանից հետո գրական էստրադայում նման ընդգրկման և հզոր շնչի արտիստ ի հայտ չեկավ, ու նա մնաց միակը և անկրկնելին․․․

 

Աշոտ Գրիգորյան

 

Պատկերներ․

1․ Սուրեն Քոչարյան, 1977, լուսանկարը՝ Բորիս Ելաշինի,

2․ Սուրեն Քոչարյան, Վավիկ Վարդանյան, Հրաչյա Ներսիսյան և Գուրգեն Ջանիբեկյան

...