Տիկնայք փափկասուն Սասուն աշխարհի

Ներկայացնում ենք Սոֆյա Հակոբյանի «Սասունապատում» շարքի հերթական հոդվածը:
***
Կիսամերկ ու խոժոռ լեռների խոր կնճիռներում է թաքնված Կոմեկ գյուղը․ Խարվեռից մի քիչ վերև, Հաթնիից մի քիչ ներքև, Մարաթուկի դաժան ու քարքարոտ փեշերին։ Ամառը սաստիկ չորային, իսկ գարունը չափազանց գեղեցիկ ու փարթամ է այս կողմերում, երբ Մարաթուկի ջրերը վար են հոսում՝ խշրտալով ուղիղ հոգուդ խորքը։
Այս քարքարոտ, արևաշատ ու ջրառատ կողմերում, իհարկե, աննման խաղող պետք է լիներ, այդպես էլ կար։ Քիշմիշի ճոխ թփերը խիստ կանոնավոր տարածվում էին Կոմեկի երեք հայկական տան յուրաքանչյուրի բակում՝ Ֆերիդե ու Սաբրիյե մորաքույրների ու Արամ հորեղբոր, որը 16 երեխա ուներ։ Նրա բոլոր երեխաների անունները ոչ ոք չի հիշում, իսկ ազգականները կատակում են, թե՝ «Ոտքդ ուր գցում ես՝ Արամի երեխաներն են դիմացդ դուրս գալիս»։
Երբ իջնում էր երեկոն՝ աղմուկ «աղաղակով» իր կովերին ներս էր քշում փոքրամարմին ու միշտ ժպտադեմ Սաբրիյե մորաքույրը, որից ամենաշատը մոտս տպավորված են միշտ պսպղուն աչքերն ու մի քանի շերտ գունագեղ մանր վզնոցները, որոնք միշտ հպարտությամբ ցույց էր տալիս ու ասում՝ «Իսա ըմ բաբ տվավ ինձ»։ Քաղքիքից էին հարս բերել Սաբրիյեյին, ի տարբերություն ավագ քրոջ՝ հայալեզու ու քրիստոնյա ընտանիք էր ընկել։ Մինչդեռ Սաբրիյեյի քրոջ զավակները, որոնք իսլամացված հայ ընտանիքում ծնվեցին արդեն, տարիներ անց էին հասկացել, որ սարի գլխին մնացած իրենց մորաքույրը, ոչ այլ ինչ է, քան հայ, ասել է թե՝ «քրիստոնյա»։
Սաբրիյեյի կովերից բացի պակաս կարևոր դերում չէին Ֆերիդե տատի այծերն ու գառները, որոնք հազար ու մի զրնգոցով քարերի վրայով արագ գալիս լցվում էին իրենց տեղը։ Սա լուրջ գործ էր։ Այն ճոճո Ֆերիդեն անում էր ամենայն պատասխանատվությամբ՝ ոչ մի վայրկյան չկորցնելով իր նազանքից ու 80 տարեկանում փայլուն պահպանված հմայքից։
Այծերին վաճառելով հասցրել էին Ստամբուլում տուն գնել։ Չամուսնացած աղջիկների համար էին գնել, որ զերծ մնան գյուղից ու այստեղի «տաճիկներից»։ Այդպես էլ Սարինն ու Սիրունը ընտրեցին դանդաղ ու սիրուն ծերանալը Պոլսում, բայց ոչ կյանքը «տաճիկների» մեջ կամ անխուսափելի բռնի ուծացումը, որով նրանց՝ սիրուն աղջիկներին սպառնացել էին ոչ մեկ անգամ։
«Դրդոն ոնց է, դեղերը խմո՞ւմ է», - կիսաձայն հարցնում ենք՝ մի կուժ համարձակություն մի կերպ հավաքելով, մինչ Դրդոն՝ Ֆերիդեի հարսն ամենօրյա արարողակարգն է կրկնում՝ թոնիրն է վառում ու կաթի սերով հաց թխում։
«Հմեն օր կենիմ», -սառը դեմքին մի ժպիտ ճեղքելով ինձ է նայում 5 երեխաների մայրը։ Նրան ճանապարհը ճեղքել ու Պոլիս գնալ դեռ չէր հաջողվել...
***
«Աստված Քրիստոս», -կիսաձայն, հազիվ լսելի, բայց առանց ծամծմելու, շատ հստակ էր արտասանում այս պարտադիր երկու բառը ծնունդով Կոմեկից Փիրշենքի հարս Խմլոն, երբ թոնրից պոկում էր ընկույզով հացը։
«Քեզ համար ընգուզով շինեցի», -ասում ու թեթև, շատ թեթև ժպտում էր երկար լաչակը ուսերից վար թողած Խմլոն։ Ժպիտը նրա մոտ հստակ չափաբաժին ուներ, երբեմն՝ թաքնված, մի մեծ տան ավագ հարս, հո մեր ջրերը չէր ընկնելու․․․
Էլի Կոմեկից էր Փիրշենքի հարս Խմլոն, նրա տեգոր կինը, մյուս տեգոր կինը և նրանց հարսները նույնպես։ Վարդուհին, Նաֆիյեն, Հասմիկը․․․ Նույնիսկ «Դերիկո»-ն երգող Միսաք պապի կինն էր կոմեկցի, ում անունը չեմ կարողանում հիշել։
«Սիրուն աղջիկների տեղը հենց իմացել են՝ բոլոր հարցերը տեղում լուծել են», - կատակով ասում էր Միսաքի կրտսեր աղջիկը։
Եվ իրոք՝ այս երկու գյուղի լռելյալ դաշինքը ապշեցուցիչ էր։
60-ականներին Մարդին հասած եպիսկոպոս Բալըմյանը գրում էր, թե Մարդինի հայերը գրավոր համաձայնագիր են ստորագրել, որ երեխաներին ամուսնացնելու են առանց քահանայի պարտադիր ներկայության, փեսայից էլ ոսկի չեն պահանջելու, աղջկանից էլ՝ օժիտ։
Սասունում նման համաձայնագրեր չկան։ Ու թեև Սասունի անունը «դուրս է եկել» որպես «բե կանոն» /քրդերեն՝ օրենք չճանաչող/, չգրված օրենքներն այստեղ հարգվում են։
«13 տարեկան էր Վարդը, որ տարան։ Ծնկները վերք էր, երեխաների հետ դուրսը խաղում էր։ 7 երեխա ունեցավ, ամուսնուն թաղեց։ Նոր էր էլեկտրականություն եկել Սասուն, տղամարդիկ բարձրացել էին սյուները ու․․․ Բերեցին, անշնչացած մարմինը փռեցին Վարդի առաջ»․․․
Դրանից հետո Վարդի միակ պարտքն ամեն տարի Մարաթուկի յայլա բարձրանալն ու այծերին մենակ չթողնելն էր։ Նրա սևացած մոմե մատները, բոլորին «աղջիկս» դիմելաձևը, իր դիմաց փռածս գունավոր լաչակներից ամենապրակտիկն ընտրելը առաջինն են, ինչ հիշվում է նրա մասին խոսելիս։ Մեկ էլ նրա երեխաները, որոնցից ամեն մեկը գիտեր իր դերը տանը, դրսում, համայնքում։ Նրանք գյուղում «հայ» էին, որովհետև այդպես էլ կրոնափոխ չեղան, իսկ Ստամբուլի համայնքում՝ «գավառացի», որովհետև «ուշ» էին եկել քաղաք։ Վարդը, չգիտեմ ոնց, հաջողում էր գյուղում յուրային մնալ թե՛ մուսուլմանների, թե՛ քրիստոնյա մնացածների հետ, իսկ քաղաքում բավարարվում էր Աստվածածնի եկեղեցու բակում թեյ մատուցելով ու այգին խնամելով։ Իր սասունցիական կոշտությունը, որն իր հետ միասին իջել էր Մարաթուկի Օթնակ յայլայից, շատ հետաքրքիր ու պատկառելի կերպով էր զուգորդվում քրիստոնեական խոնարհության հետ։
Այլ էր Նաֆո հարսը, որը 14 տարեկանում ամուսնանալուց կարճ ժամանակ անց Ղըսմո հորեղբոր հետ հայտնվել էր անծանոթ ու մեծ այդ ձուլարանում՝ Ստամբուլում։ Չէր ձուլվել։ Սասունցիները, ինչպես ասում է թիֆլիսահայ ընկերս, «ում ասես կձուլեն», բայց հակառակը դժվար է։ Եվ հետո՝ Ստամբուլի Սամաթիայի փակ լաբիրինթոսում, որտեղ անգամ փողոցով անցնող կատուները Սասունի աղթանից զատ այլ հեղինակություն չեն ճանաչում, ինչի՞ն ձուլվես։
Չգիտեմ՝ կոշտ ու կոպիտ Սասունից վաղ հեռանալն էր պատճառը, թե իր տեսակը, որ Նաֆոն այդ տանը բոլորից ամենամեղմն ու ապրումակցողն էր։ Կա՞ն, չէ՞, մարդիկ, որոնք միշտ բոլորին հասկանում են, եթե նույնիսկ մարդն ինքն իրեն չի հասկանում։ Այ այդպիսին էր Նաֆոն։ Նա նաև միակն էր, որ թոնրի առաջ չէր կանգնում, հաց չէր թխում, որովհետև վախենում էր այրել ձեռքը։
«Չի ստացվում, լաո։ Ես շուտ եմ գյուղից դուրս եկել, հաց թխած չկամ»․․․
Սա, մեկ էլ «Հայերեն չըմ գինը»-ն նա այնքան մեղավոր ու մեղմ հայացքով էր ասում, կարծես ներողություն խնդրեր։ Էդպես էլ չհասկացա՝ որ մեղքի համար։
Ու միայն հիմա եմ հասկանում, որ ամենաշատը Նաֆոյի մեջ սիրել եմ վախերը չթաքցնելու մեղմիկ համարձակությունն ու պարզությունը։
***
Ես չգիտեմ էլ որտեղ ու երբ առիթ կլինի խոսելու Սասունի լեռների այս վերջին հայ տիկնանց մասին։ Ես չգիտեմ՝ ով է հիշելու ու հիշեցնելու նրանց մասին։ Ես չգիտեմ՝ ով է պատմելու, թե Զարիֆ մորքուրը ոնց է 9 տարեկանում հարս դառնալով «փրկվել», երբ մահացած հոր 29-ամյա ընկերը եկել ու տարել է նրան, որ «անտեր» չմնա։ Չգիտեմ՝ ով է հասկանալու մոտկանցի Դրդոյի երջանկությունը, երբ ընդամենը մի քանի տարի առաջ գյուղից Պոլիս է հասել ու երկու աղջիկներին կրթության տվել՝ «տաճիկներին» գերության փոխարեն։ Չգիտեմ՝ ով է ինքնության պահպանման դասեր տալու Սաբրիյե մորաքրոջ մուսուլման դարձած զարմիկներին, որոնք ոչ մի տեղ յուրային չդարձան՝ անկախ մեծ ցանկությունից։ Չգիտեմ՝ դեռահաս տարիքում մայրացած, այրիանալու դեպքում ամուսնու եղբորը հանձնված ու քարքարոտ լեռներում 7-8 կամ 16 զավակ պահած մեր ժամանակակից այս կանանց դեմքերը բաց կարդալու առիթներ կունենա՞նք, թե նրանց էլ կթերթենք։ Իսկապես չգիտեմ։
Բայց ահա գոնե փոքրիկ հիշողության այս դրվագներին մեր օրերի տիկնայք փափկասուն, երևի արժանի էին։
Սոֆյա Հակոբյան