Ծանոթ մարդիկ

«Արցախից հետո կյանքում առաջին անգամ սկսել եմ ամբոխի մեջ ծանոթ մարդ փնտրել ու չգտնել։ Փոխարենը սովորել եմ ամեն մի նոր ծանոթի նմանեցնել անցյալից մեկին»,-վերջերս ասաց իմ հադրութեցի Մհերը։
Ի՛նչ հետաքրքիր բան է, չէ՞, ինչ կարևոր են, փաստորեն, նրանք՝ ծանոթ մարդիկ։
Ո՛վ կմտածեր․․․
Հիշում եմ՝ ինչ սարսափի մեջ էի, երբ գիտակցական կյանքիս ընթացքում առաջին անգամ քաղաքային աղմկոտ ամբոխի մեջ «կորցրել էի» ամենակարևոր ծանոթ երկու մարդկանցից մեկին՝ հորս։ Միշտ հորս ցուցամատից բռնած էի պտտվում շուկայում կամ փոստի շենքի դիմաց, և այնքան վստահ էի, որ երբեք չեմ կորցնի այդ մատը։ Ինչու այլ կերպ պատահո՞ւմ է։ Եվ այդ օրը, ես իմ մատնաչափիկ վիճակով, իհարկե, վերև չէի նայել ու ամբոխի մեջ նրա ցուցամատին շատ նման մի ցուցամատ էի բռնել․․․ Բայց դա նա չէր։ Շփոթված կատվի ձագի պես այդ ոնց էի լաց եղել, այդ ոնց էի փոթորկվել։ «Իմ» ցուցամատը, իհարկե, գտավ ինձ, և այդ պատմությունն էլ պսակվեց հորս մեծահոգի ժպիտով։
Որպես Սփյուռքում մեծացած հոգիներ՝ մենք երբեք չենք ընկալել «ծանոթ» մարդու կերպարը այնպես, ինչպես տոհմիկության օրրան Հադրութի որևէ բնակիչ։ Մենք չէինք ծնվում-մեծանում այն մարդկանց մեջ, որոնց երջանկացնում է նույն բանը, ինչ մեզ։ Այսինքն՝ մեր պես մարդկանց մեջ։ Հետևաբար «ծանոթները» շատ էին, բայց նոր տեղերում մենք նրանց չէինք փնտրում ամբոխների մեջ, նույնիսկ եթե շատ սիրեինք։ Փոխարենը լրիվ անծանոթ մարդը, որը մեր լեզվով պատահաբար օդում բաց էր թողնում մի հատ «ցավդ տանեմ»-ը, արդեն ամենաթանկն էր։
Երբ Երևանում էի արդեն ապրում՝ փողոցում հանդիպող ծանոթները հիմնականում մեր ազգականներն էին, որոնց երբեմն ուրախությամբ էի բարևում, երբեմն էլ շրջանցում փողոցի այդ հատվածը՝ անհարկի ու անիմաստ խոսակցություններից զերծ մնալու համար։ Այդ սովորությունը մինչ օրս էլ չեմ փոխել։ Եվ Երևանում, իհարկե, ամեն սփյուռքահայ հոգի սովորում է, որ ծանոթը «ներսից» ու «դրսից» կարող է խիստ տարբեր լինել, նույնիսկ եթե նույն մարդու մասին է խոսքը։ Դրանք կարևոր դասեր են, որոնց միջով պետք է անցնի ամեն իրեն հարգող հայրենադարձ։
Երբ Պոլսում ուսանող էի՝ «ծանոթը» ձկան ռեստորանում պատվավոր սեղանի երաշխիք, նպարավաճառի մոտ որակյալ «ղըյմա» (աղացած միս) կամ պահքի օրերին ձիթապտղով թարմ բուլկի գտնելու հույս, և փչացած մեքենան մոտակա վարպետի մոտ արագ ուշքի բերելու հնարավորություններ էր ենթադրում։ Քանի որ բոլոր այս պարագաներում Թուրքիայում սիրում են խաբել, ծանոթն այդ մեծ քաղաքում ենթադրում էր ուղղակի էլեմենտար գործը առանց «կուտ» ուտելու միանգամից կարգավորելը, ասել է թե՝ ավել-պակաս երկրագնդի շուրջ չպպտվելը։
Մենք՝ ոչ ոքի չսպասած հայերնադարձներս երևի գրեթե չենք վախեցել անծանոթ միջավայրից, այդքան տագնապած աջուձախ չէինք նայում անծանոթ նոր քաղաքների անծանոթ փողոցների անծանոթ մարդկանց, մի տեսակ անգամ մեր քայլվածքի մեջ դա դաջված է երևի։
«Դու կողքերդ չնայելով, ոնց որ ամբոխի մեջ մխրճվելով առաջ ես գնում, մարդ կմտածի՝ հազար տարի է էստեղ ես ապրում։ Դրա համար էլ ոչ ոքի մտքով չի անցնում, թե տեղացի չես», -արձանագրեց մի անգամ հորաքույրս մեզ բոլորովին մի օտար քաղաքի փողոցներում ինձ հետ քայլելիս։
Հետագայում, երբ ես էլ փախստական դարձա, ամեն անգամ պիտի հիշեի 95-ամյա Պայծառ բաբոյի՝ իր ամենաանելանելի վիճակը նկարագրելիս աչքերը սարսափով չռած «ինձ համար, ախր, անծանոթ միջավայր, մատաղմ» արտահայտությունը։
Իրոք, դժվար բան է։
Ո՞ւմ մտքով կանցներ․․․
***
Արցախում ես քիչ ծանոթ ունեի։ Մեր Մարգոյի հայրիկ ձյաձ Սերգեյն էր, որը միշտ նստած էր «Օպտիկայի» իր խանութի դիմաց և որի մասին ես ձեզ արդեն պատմել եմ։ Մի քանի լրագրող, մի քանի հադրութցի փախստական, որոնց հետ հասցրել էի հարցազրույց անել, ասել է թե՝ ուղղակի լսել նրանց ու դառնալ նրանց «աչքի լույսը»։ Իսկ շրջափակման մեջ, ասեմ ձեզ, ծանոթը մեծ բան էր։ Մեզ՝ ծանոթ չունեցողներիս ոչ ոք չէր զանգի ու չէր ասի՝ «մագազինումը վերջին էրկու սասիսկան ա, եկ», կամ՝ «Արևանց կողքեն կեզար են ստացալ, վազ տո» և այլն։ Ծանոթը կարևոր էր, ծանոթը կյանք էր, ծանոթը կարող էր մի շիշ բենզին գտնել ու երեխային հիվանդանոց հասցնել, ծանոթը կարող էր մահամերձին դեղ հասցնել՝ անհնարինության միջից։ Իհարկե՝ եթե ծանոթն էլ ծանոթ ուներ, իսկ այդ ծանոթն էլ իր հերթին «վաժնի» մի քանի ծանոթ։
«Բա՛րև ձեզ», -Տումա Հարութիկն այնքան ժիր բարև տվեց սեպտեմբերյան այդ շոգ ու անհույս օրը, կարծես բլոկադայի տասներորդ ամիսը չէր, կարծես ինքը՝ իրենց, ես էլ մեր տուն ոտքով չէինք բարձրանալու այդ անտանելի զառիվերները, կարծես հույսներս մարելու եզրին չէր։ Ոչինչ չէր պակասել նրա կանաչ աչքերով ողողված լայն ժպիտից։ Նա էլ էր Արցախի իմ առաջին ծանոթներից, որը մեզ Վարուժ քեռու «Նիվա»-ով տարել էր Բռի Եղցի վանքը արդեն հեռավոր 2021-ին։
-Մհերը պոստումն ա՞։ Էս պամիդորը հինչքանավ ըն ծըխես, -ժպիտն անպակաս հետաքրքրքվեց Հարութը։
-800, Հարութ։
-Էէէ՛, պա ստա հինչ ա, վեր 800 են ըսես, համո՞թ չի, բազարին առաջին 600-ով տեսալ ըմ, իմ արև․․․
-Էէ, Հարութ, ջանդամին, շոգ ա, քինան չըմ․․․
Դա վերջին հանդիպումն էր Տումա Հարութիկի հետ, որը երկու շաբաթ անց պետք է այրվեր չարաբաստիկ հրդեհի ժամանակ։ Ավելի ճիշտ՝ նախավերջին հանդիպումը, այն տեսակցությունից առաջ, երբ Մհերի հետ Երևանի հիվանդանոցներից մեկում էլի «ծանոթի» շնորհիվ սողոսկեցինք Հարութի մոտ՝ վերակենդանացման բաժին ու տեսանք նրա զարմացած, բայց ցավից ուրախություն արտահայտել չկարողացող դեմքը, որն այդ անելանելիության մեջ ծանոթ դեմք էր որսացել մահից առաջ ու այնքա՛ն շոյվել։
***
Արի ու տես, որ այս կյանքը, գաղթականներով ու ավերով, կենդանի ամեն արարածի աճելու համար տրված արևով, անցյալի, ներկայի ու ապագայի սահմանագիծը սուր ածելիի ծայրի վերածած օրերով ու այս ամենից հաճախ գլուխ չհանող մարդկանցով լի կյանքը ծանոթի ու անծանոթի պատկերները հաճախ է փոխում։ Ամբողջ կյանք ծանոթ արահետները, մարդիկ և քարերը կարող են երազ դառնալ, իսկ անծանոթը՝ նոր տուն։ Ավելին՝ սիրելի նոր տուն, սիրելի դարձած մարդկանցով։ Եվ կգա մի օր, երբ կպարզվի, որ դրա մեջ չկա ոչ մի ողբերգություն, որովհետև դու ոչ առաջինն ես, ոչ վերջինը։
Ո՛վ կմտածեր․․․
Ինչ քամիներ ու գաղթեր ուզում են անցնեն՝ դու, մեկ է, միշտ փնտրելու ես քո առաջին ծանոթ մարդկանց, քեզ առաջինը ամբոխին հանձնած ցուցամատը, քեզ համար առաջին անգամ անծանոթ աշխարհը պակաս տագնապալի, քո բաժին տեղն այս արևի տակ պակաս շրջափակված դարձնելու համար շատ բան արած մարդկանց աչքերը։
Ծանոթ մարդիկ․․․
Քեզ երբեմն կցավեցնեն անծանոթների աչքերի ներսի անտարբերությունը, նոր քաղաքի ամբոխները կարծես կգան ու կանցնեն քո վրայով, բայց հետո կսովորես քայլել ամբոխի միջով, մխրճվել մեջը, աջուձախ չնայելով։ Այնպես, որ նույնիսկ ինչ-որ պահի, ինչ-որ մեկը կարող է հավատալ, որ տեղացի ես։
Ո՛վ կմտածեր․․․
Սոֆյա Հակոբյան