Ուժուպիս՝ արվեստագետների հանրապետություն՝ գետի այն ափին

ՄԱԿ-ում չգրանցված պետությունները որոշ դեպքերում առանձնահատուկ հրապույր ու ձգողականություն ունեն։ Դրանք բազմազան են ու տարբերվող․ այսպես, Ջոն Լենոնի հիմնած Նուտոպիան նույնիսկ ֆիզիկական տարածք ու սահմաններ չունի, փոխարենը իր քաղաքացիներին վիրտուալ նույնականացման քարտ է տալիս և ուտոպիստների մեկ համայնքի պատկանելու զգացողություն։ Միանգամայն այլ բնույթ ունի Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում 1971թ․ հիպիների հիմնած Քրիստիանիան, որը փաստացի չի վերահսկվում դանիական իշխանությունների կողմից ու հանդիսանում է ազատ համայնք՝ իր տարածքով, դրոշով և այլ ատրիբուտներով։
Մի կողմից՝ Քրիստիանիան, մյուս կողմից՝ փարիզյան Մոնմարտրն է հիշեցնում Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի հին հատվածում գտնվող Ուժուպիսը։ Այն զբոսաշրջային երթուղիների կարևոր կետ է ու հազվադեպ է պատահում, որ քաղաքում հյուրընկալվողը չայցելի նաև Ուժուպիս։ Լինելով Վիլնյուսում՝ ես էլ ինքնըստինքյան քայլերս ուղղեցի դեպի երազային այդ պետությունը։
Ուժուպիս թաղամասի բնակիչները 1997 թվականին հռչակեցին Ուժուպիսի Հանրապետությունը՝ սեփական դրոշով, նախագահով, սահմանադրությամբ և նույնիսկ 12 հոգանոց բանակով։ Անկախության օրը նրանք կեսկատակ նշում են ապրիլի 1-ին։ Ուժուպիսն ունի իր օրհներգը, պատվավոր քաղաքացիները, դեսպաններն ու հյուպատոսները տարբեր քաղաքների պատկերասրահներում ու սքվոթերում, որոնց նպատակն է կամուրջներ հաստատել մարդկանց միջև, նաև՝ թերթը, այստեղ անցկացվում են ընտրություններ ու զբոսատոներ։ Նամակագրության համար կա փոստ և սեփական փոստային կնիք։
Այս ինքնահռչակ հանրապետությունն իր գոյությամբ պարտական է արվեստագետներին և նրանց երազանքներին: Հիմնադիրները ցանկանում էին ստեղծել մի գաճաճ պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ազատ ապրել՝ առանց հետևելու սոցիալական նորմերին։ Վիլնյուսի իշխանությունները ըմբռնումով վերաբերվեցին նոր տարածքային միավորմանը, իսկ քաղաքապետը նույնիսկ դարձավ Ուժուպիսի պատվավոր քաղաքացի: Գրող Ալեքսանդր Գենիսի խոսքերով՝ «կարողություն չունենալով բարելավել այս անհրապույր տարածքը, տեղի բոհեմը փոխեց դրա նշանակությունն ու համատեքստը։ Ուժուպիսն իրեն անկախ հռչակեց և առանց տանկերի օգնության որոշ չափով հասավ պաշտոնական ճանաչման»։
Մինչև Լիտվայի անկախացումը Ուժուպիսը Վիլնյուսի աղքատ ու լքված հատվածն էր: Այն գտնվում է փոքրիկ թերակղզու վրա․ մի կողմից գետն է, մյուս կողմից՝ դժվարամատչելի բլուրները, իսկ երրորդ կողմից՝ խորհրդային ժամանակներից մնացած արդյունաբերական գոտին։ Բնակարանների էժանության պատճառով այստեղ սկսեցին բնակություն հաստատել ստեղծագործ մարդիկ՝ բանաստեղծներ, երաժիշտներ, նկարիչներ, ռեժիսորներ, որոնք արագորեն այս անմխիթար տարածքը վերածեցին բոհեմական կենտրոնի: Այսօր Ուժուպիսում գործում է «արվեստի ինկուբատոր»․ աշխարհի տարբեր ծայրերից արվեստագետները գալիս են այստեղ, որպեսզի ազատ ստեղծագործեն։
Ուժուպիսի նախագահն է բանաստեղծ, երաժիշտ և կինոռեժիսոր Ռոմաս Լիլեյկիսը։ Ուժուպիսի պատվավոր քաղաքացի էր նյու-յորքյան կինոավանգարդի կնքահայր Յոնաս Մեկասը։
Ինչպես Հին Վիլնյուսի մնացած մասերում, Ուժուպիսում էլ բազմաթիվ գաղտնիքներ են անթեղված։ Իր ընկեր ֆիլոմատների հետ այս թաղամասում եղել է Ադամ Միցկևիչը․ ուսանողների գաղտնի միավորման հավաքներն, ի վերջո, ավարտվել են դրա անդամների ձերբակալությամբ։ Պատմում են, որ այստեղի տներից մեկում 19-րդ դարում ապրել է Եժի Լասկարիսը՝ բյուզանդական կայսրերի հետնորդը, որը լեհերեն բանաստեղծություններ է գրել։ Որոշ ժամանակ Ուժուպիսում են ապրել նկարիչ և կոմպոզիտոր Միկալոյուս Չյուռլյոնիսը ու լեհ բանաստեղծ Կոնստանտի Գալչինսկին։ Այստեղ է բնակվել պրիմիտիվիստ նկարչուհի Յադվիգա Նալիվայկենեն։ Ըստ լեգենդի՝ գեղանկարչությամբ նա սկսել է զբաղվել 1940-ականներին՝ 50 տարեկանում, երբ երազում տեսել է Աստվածամորը, որն իրեն ներկապնակ է հանձնել։ Նկարչուհու գունեղ նկարներում նրա երիտասարդության հիշողություններն են, ժողովրդական լեգենդները ու ֆանտազիաները։
Հին Վիլնյուսը ինձ դիմավորում է ցուրտ ու խոնավ եղանակով։ Այստեղ ինձ ոչ ոք չի սպասում, լիտվերեն չգիտեմ, որևէ լիտվացու ծանոթ չեմ, չհաշված լիտվացի բանաստեղծի հետ կարճ նամակագրությունը, բայց դա էլ քիչ բան չէ։
Վիլնյուսն արևելյան Եվրոպայի հին քաղաքներից է, պատմական խառնիխուռն իրադարձությունների լուռ ականատեսը։ Հակադրություններ կան և քաղաքի արտաքին տեսքում․ սալարկված նեղլիկ փողոցներ ու ասֆալտապատ լայն պողոտաներ, երկնասլաց կոստյոլներ, բարոկկո ոճի պալատներ ու կոնստրուկտիվիստական պանելային կառույցներ, լաբիրինթոսի նմանվող համալսարան, սրբազան բլուրներ․․․ Տիրապետողը խստաշունչ գույներն են, որոնց հակադրվում է հնամյա աղյուսների կարմիրը։
Քաղաքի տարաշխարհիկության զգացողությունը երբեք չի լքում քեզ։ Վիլնյուսի նեղ փողոցները, բարձր եկեղեցիները այնպես են ուղղորդում մտքերդ դեպի վեր, որ ասես կորցնում ես կապը իրականության հետ։ Սակայն պետք է կենտրոնանալ․ 500-600 հազար բնակչություն ունեցող այս քաղաքում հեշտ է կորչել։
Տեսարժան վայրերը հաջորդում են միմյանց՝ հերթն իրար չզիջելով։ Հին Վիլնյուսում վերջին կանգառս Աստվածածնի վերափոխման ուղղափառ կաթողիկե եկեղեցին է, որ հայերիս համար անսպասելիորեն հոգեհարազատ կառուցվածք ունի։ Բեռնարդինյան կամրջով անցնում եմ բավական անշուք (գոնե վաղ գարնանն այդպես է) Վիլնյա գետը ու արդեն Ուժուպիսի տարածքում եմ․ Ուժուպիս լիտվերեն հենց նշանակում է «գետից այն կողմ»։ Իրականում Ուժուպիս տանող կամուրջները մի քանիսն են․ հարևան կամրջի տակ բրոնզե ջրահարսն է․ ըստ լեգենդի, եթե ուղիղ նրա աչքերին նայես, երբևէ չես լքի այս ինքնահռչակ հանրապետությունը։ Ավելի տաք եղանակին գետի ափին՝ հենց քարե պատնեշի վրա արվեստի տարբեր ստեղծագործություններ են ցուցադրվում։
Մեծ չէ հանրապետության տարածքը՝ ընդամենը 60-70 հեկտար․ գետի ափին՝ Տիբեթի պուրակի հարևանությամբ (Դալայ Լաման Ուժուպիսի պատվավոր քաղաքացի է)՝ արվեստի ինկուբատորն է ու դրան կից պատկերասրահը։ Շենքը, բակը և հարակից տարածքը լեցուն են գրաֆիտիներով, ինստալյացիաներով ու քանդակներով, որոնք պարբերաբար թարմացվում են։
Հաշված րոպեներ անց արդեն Ուժուպիսի կենտրոնում եմ, որտեղ քարե սյան վրա վեր է հառնում շեփորով հրեշտակը՝ քաղաքի խորհրդանիշը։ Ռոմաս Վիլչյաուսկասի ստեղծած արձանը նշանավորում է Արևելյան Եվրոպայի արվեստի վերածնունդն ու ազատությունը։ Ավելի վերևում՝ փոքրիկ բլուրների վրա ցածրահարկ տներ են՝ մի մասը շքեղ ու հարմարավետ, մյուս մասը՝ տխուր ու անխնամ։
Մեծ առևտրի կենտրոններ ու լիտվական կառավարական հաստատություններ Ուժուպիսում չկան։ Երբեմն հանդիպում են պատկերասրահներ, արվեստի սրահներ և սրճարաններ, սակայն առաջին հայացքից դրանք այնքան էլ շատ չեն։ Փոխարենը հանրապետության փողոցները լի են արվեստի ստեղծագործություններով, որոնց հեղինակներն են տեղի նկարիչները, քանդակագործները, դիզայներներն ու ճարտարապետները։ Ուշադրությունս գրավում են բազմագույն գրաֆիտիները (ցավոք, այստեղ էլ են դրանք պարբերաբար ջնջում-ոչնչացնում) և բազմատեսակ արձանները։
Արվեստի սրահներում շլացնող ոչինչ չկա, բայց հայտնի է, որ զբոսաշրջիկները սիրով են ի հիշատակ ինչ-որ գործեր գնում։ Մեծ պահանջարկ ունեն Ուժուպիսի հրեշտակի ոճավորված մանրակերտները։ Պատկերասրահներում հիմնականում ժամանակակից արվեստի ստեղծագործություններ են ներկայացված, որոնց արժեքը դժվար է որոշել։ Ըստ վիճակագրության՝ Ուժուպիսում գրող կամ արվեստագետ է ամեն յոթերորդ բնակիչը, ու նրանք, որպես կանոն, մի քանի զբաղմունք ունեն։ Այսպես, նկարիչ, գրող և թարգմանիչ Թոմաս Չեպայտիսը նաև հանրապետության հիմնադիրներից է ու երկարամյա արտգործնախարարը։ Մարիուս Աբրամավիչյուսը լուսանկարիչ, նկարիչ, ճանապարհորդ, գրող և ինստալյացիաների հեղինակ է, որի մի քանի աշխատանքները զետեղված են բաց երկնքի տակ։
Զարգացած են կիրառական արվեստները, գործում են կավագործի, ոսկերչի արվեստանոցներ, դարբնոց։ Որոշ ցուցափեղկեր արվեստի ինքնուրույն գործեր են։
Այդուհանդերձ, Ուժուպիսի Հանրապետությունը մի տեսակ անկյանք է թվում։ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի կաթոլիկ եկեղեցում միայնակ եմ, ներսում նույնիսկ հոգևորական չկա։
Չքավորների նախկին անշուք թաղամասն այսօր Բալթիայի ամենաթանկ վայրերից է։ Փոքրիկ հանրախանութում նույն տեսականին է, ինչ լիտվական քաղաքներում, սակայն նկատելիորեն ավելի սուղ գներով, հերթն էլ վրադիր։ Ուժուպիսն ունի իր սեփական արժույթը՝ եվրոուժը, սակայն խանութում եվրոյով են առևտուր անում։
Հանրապետությունում ավելի քան 7000 մարդ է բնակվում, սակայն ըստ դրա հիմնադիրներից մեկի՝ Ուժուպիսի քաղաքացի կարելի է համարել բոլոր մարդկանց, քանզի իրենց սահմանադրությունը բոլորին է դուր գալիս։
Ուժուպիսի սահմանադրությունը մի քանի լեզուներով փակցված է Պաուպիո փողոցի երկար պատերից մեկին։ Դրա որոշ կետեր աբսուրդային են, բայց կան և անչափ համակրելիները․ օրինակ՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սիրել», «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծուլանալ կամ ոչինչ չանել» կամ՝ «Յուրաքանչյուր ոք կարող է ազատ լինել»։
Գոնե ինձ համար անհասկանալի ու հակասական են քաղաք-պետության երեք պատվիրանները․ «Մի՛ հաղթիր, մի՛ պաշտպանվիր, մի՛ հանձնվիր»։ Այս մասին սպառիչ է արտահայտվել վերը հիշատակված գրող Գենիսը․ «Ես տուն վերադարձա որպես Ուժուպիսի քաղաքացի՝ որոշելով, թե ինձ լիովին բավարարում է նրա սահմանադրությունը, որն իր կատուներից և հպատակներից ոչինչ չի պահանջում, բացի առողջ բանականությունից և դրա բացակայությունից»։
Ուժուպիսը պատկերվել է գրականության ու կերպարվեստի բազում ստեղծագործություններում։ Լիտվացի գրող Յուրգիս Կունչինասն իր երկերում հաճախ է անդրադարձել Ուժուպիսին։ Նրա ամենանշանավոր՝ «Տուուլա» (1993) վիպակը ներկայացնում է հարբեցողի սիրո պատմությունը և դրանում Ուժուպիսը հառնում է իր բազում մանրամասներով՝ որպես քաղաքակրթության ու բնության սահմանագծին գտնվող միջակայք։ Հարավկորեացի գրող Հայլիջիի «Ուժուպիսի Հանրապետություն» (2009 թ․) վեպի ասիացի հերոսը այցելում է Ուժուպիս՝ հոր աճյունափոշին այնտեղ թաղելու համար՝ հավատալով, որ «Հանրապետությունը» նրա հայրենիքն է։ Ավստրալացի գրող Դեյվիդ Շմիթն Ուժուպիսը նկարագրում է որպես «գետափնյա պատկերասրահ», իսկ լիտվացի նշանավոր բանաստեղծ Թոմաս Վենցլովան այն անվանում է «ուտոպիստական համայնք ստեղծելու իրական փորձ»։ Վենցլովայի «Ուժուպիս» բանաստեղծությունն ավարտվում է այսպիսի տողերով․
Ամռանը հաճախ արևածագից առաջ արթնանում
և զգում եմ առանց երկյուղի, որ պահն է մոտենում
բառարանը նոր սերունդներին փոխանցելու,
նրանց աղ, ավերակներ, հաց, ամպեր տալու,
իսկ ինձ համար սոսկ մի բան՝ ազատությունը պահելու։
Ուղեցույցներում այդպես էլ գրում են․ «Ուժուպիսը հոգով ազատների համար է»։
Ի վերջո, ո՞րն է Ուժուպիսի ուժի ու հմայքի գաղտնիքը։ Առաջին հերթին մի առանձնահատկություն է աչքի զարնում՝ արվեստագետներն այստեղ իրենց խոսքն ասելու, համայնքային և նույնիսկ քաղաքական հարցերում որոշումներ կայացնելու ձգտում ու առաջնահերթություն ունեն, որևէ քայլ կատարելիս նրանց անտեսել հնարավոր չէ։ Իսկ ազատ ստեղծագործողների միջավայրն, ինչ խոսք, միշտ էլ գրավիչ է ու մոգական։
Աշոտ Գրիգորյան
Պատկերներ․
1․ Ուժուպիսի ցուցանակներից
2․ Բլուրներից մեկը
3․ Եկեղեցու ներսում
4․ Ուժուպիսի հրեշտակը
5․ Սառցե արձանիկ՝ պագոդայի կողքին
Լուսանկարները՝ հեղինակի



