Վանո Խոջաբեկյանի թիֆլիսյան քրոնիկոնը

Խոսուն ու տպավորիչ են թիֆլիսահայ ինքնուս նկարիչ Վանո Խոջաբեկյանի գծանկարները։ Օգտագործելով համեստագույն միջոցներ՝ թուղթ և մատիտ, ավելի հազվադեպ՝ գրչածայր, վրձին, նա ստեղծել է լիարյուն, կյանքով լեցուն պատկերներ․ դրանք դիտելիս աչքերիդ առջև հառնում է հին Թիֆլիսը՝ իր բազմագունությամբ ու հրապույրով։ Հասարակ թղթի կտորների վրա արված այդ ինքնատիպ գծանկարները երբեմն ավելին են ասում կովկասյան երբեմնի մայրաքաղաքի կյանքի, կերպարների, սովորույթների, տոնակատարությունների և այլևայլ մանրումունր իրադարձությունների մասին, քան ժամանակի մամուլը, գիտական կամ գեղարվեստական գրականության մեծածավալ երկերը։
Վանո (Հովհաննես) Խոջաբեկյանը ծնվել է 1875 թվականի հունվարի 14-ին՝ Մթածմինդայի ստորոտին գտնվող Աղբյուր թաղամասում, չքավոր հայ կոշկակար (խարազ) Գևորգի բազմանդամ ընտանիքում։ Յոթ տարեկանից աշխատել է ավագ եղբոր կրպակում, սակայն առևտրի ոլորտը խորթ է եղել նրան․ կրթություն ստանալու հնարավորությունից զրկված Վանոն հին լրագրեր ու գրքեր կարդալով ինքնուրույն սովորել է հայոց այբուբենը, 14 տարեկանում տեսնելով Գոգոլի «Մեռած հոգիների» համար Պյոտր Բոկլևսկու արած նկարազարդումները՝ հրապուրվել է նկարչությամբ։ Զբաղվել է միայն գծանկարչությամբ, քանի որ դա մեծ ծախսեր չի պահանջել։
Աշխատել է որպես արհեստավոր, գործակատար, երկաթուղային սևագործ բանվոր ու գերեզմանափոր։ 1901թ․ Թիֆլիսի Սուրբ Նշան եկեղեցում ամուսնացել է Վարդուհի Սանոյանի հետ, սակայն ընտանեկան կյանքը հարթ չի անցել․ կինը մշտապես դժգոհել է, որ ամուսինը զբաղվում է նկարչությամբ ու ոչինչ չի վաստակում։ Վեց երեխա են ունեցել, որոնցից երկուսը մահացել են մանուկ հասակում, ևս երկուսը՝ երիտասարդ տարիքում։
Այժմյան Վանո Սարաջիշվիլի փողոցում՝ իր տանը կից Խոջաբեկյանը բացել է մանրավաճառքի փոքրիկ խանութ. այնտեղ էլ ազատ պահերին նկարել է թիֆլիսյան պատկերներ, դիմանկարներ։ Լադո Գուդիաշվիլիի խոսքերով՝ Խոջաբեկյանը «մանրավաճառի իր փոքրիկ կրպակում, զօր ու գիշեր կանգնած վաճառասեղանի մոտ, ձեռքից բաց չէր թողնում վրձինը կամ մատիտը։ ․․․Ճկուն ու խոսուն էր Վանոյի գիծը, բովանդակությունը դրսևորվում էր խորը զգացումով ու վիրտուոզ կատարմամբ»։ Հայ նկարչին հաճախ այցելած Գուդիաշվիլին պատմում է, որ Խոջաբեկյանը հետաքրքրվում էր թե՛ հին Թիֆլիսի կենցաղով, և թե՛ տիրապետում էր դասական նկարչությանը․ «սիրում էր խոսել Ռաֆայելի մասին և այնպիսի հափշտակությամբ էր խոսում, որ այդ պահին ներս մտած հաճախորդին անգամ չէր նկատում․․․»։ Հատկանշական է, որ ըստ մասնագետների՝ Գուդիաշվիլիի վաղ շրջանի գծանկարի ձևավորման գործում որոշակի դեր են խաղացել Խոջաբեկյանի ստեղծագործությունները։
1904թ․ Խոջաբեկյանը կարճ ժամանակ ուսանել է Գեղեցիկ արվեստների թիֆլիսյան ընկերության նկարչական դպրոցում։ 1910թ․ ընդունվել է Նիկոլայ Սկլիֆոսովսկու մասնավոր նկարչական դպրոցը, սակայն այս անգամ էլ միջոցներ չի ունեցել ուսումը շարունակելու համար։
Նկարիչը թղթին է հանձնել իր հիշողության մեջ դաջված թիֆլիսյան պատկերները, հատկապես մարդկանց, կոլորիտային կերպարներին․ նրանք երբեք չեն դառնում խառնամբոխ, ամեն մեկը դեմքի իր արտահայտությունն ունի, իր զբաղմունքը, տրամադրությունը։ Իսկ մարդկանց բազմությունն արդեն արտահայտում է քաղաքային հերթական հավաքի, տոնախմբության, որևէ իրադարձության, ծիսական կամ հիշատակի արարողության այլազան մթնոլորտը։ Այդ իմաստով՝ Խոջաբեկյանի պատկերները նաև ազգագրական կարևոր նշանակություն ունեն, դրանք վաղուց անցած-գնացած կերպարների, համայնքների, սովորույթների անփոխարինելի վկայություններ են։ Հատկանշական է, որ վրացական որոշ աղբյուրներ Խոջաբեկյանին բնորոշում են որպես ազգագրագետ։ Ինչ խոսք, այսօրվա Թբիլիսին բոլորովին ուրիշ քաղաք է, իսկ այն, ինչ մենք տեսնում ենք Խոջաբեկյանի գործերում՝ մեզ արդեն անծանոթ մի աշխարհ է։ Այսպես, Ղեյնոբային միայն նրա հայտնի նկարների միջոցով ենք ծանոթանում․ այն խորհրդանշում էր Պարսից շահի դեմ վրաց ժողովրդի հաղթանակը և համարվում էր համաքաղաքային տոնակատարություններից ամենաաղմկոտը։
Խոջաբեկյանը տարբեր թեմաներով գծանկարների շարքեր է ստեղծել, հաճախ արել նկարների տարբերակներ։ Խոջաբեկյանի նշանավոր աշխատանքներից է «Խոյերի կռիվը»․ այստեղ նա վարպետորեն մի քանի պլան է ստեղծել։ Մենամարտող խոյերի հետևում տղամարդկանց խումբն է․ նրանք խոյերի պես տարերային են ու կրակոտ, ոմանք նույնիսկ վիճաբանում են։ Խորքում ևս մի քանի տղամարդ կա․ Խոջաբեկյանը նրանց պատկերել է պակաս ընդգծված ու այսպիսով ստացել երրորդ պլան։ Նման սկզբունքով են ստեղծված «Նորապսակի պարը հոր գերեզմանի վրա», «Շախսեյ-վախսեյ» և այլ գծանկարներ, որոնք ներկայացնում են բազմամշակութային Թիֆլիսի անհետացող ծեսերն ու սովորույթները։ Որոշ դեպքերում մարդկանց խմբերը պատկերված են քաղաքային բնապատկերների ֆոնին․ «Պարում» Նարիղալայի բերդը ասես կրկնում է առաջնային պլանում պատկերված պարը։ Ասել է թե՝ այդ հարևանությունը պատահական չէ։ «Քելեխից վերադարձ» գծանկարում միայն ծերունիներ են՝ խարխլված կազմվածքով, ակնհայտորեն մահվանը մոտ, սակայն կենսախնդությունը չկորցրած։
Ըստ մասնագետների՝ Խոջաբեկյանի շատ գծանկարներ արված են նուրբ հումորով, սակայն հարկ է ավելացնել, որ պակաս ուշագրավ չեն այն ստեղծագործությունները, որոնք հեղինակը ստեղծել է անթաքույց կարեկցությամբ ու ցավով («Քելեխից հետո», «Կալանավորները Մետեխի բանտի բակում», «Գաղթականներ», «Երևան․ ճաշ են տալիս որբերին» և այլն)։
Ի տարբերություն իր համաքաղաքացի, նմանապես ինքնուս Փիրոսմանիի՝ Խոջաբեկյանի նկարները զուրկ են ստատիկությունից, շարժում են արտահայտում, առավել բազմամարդ են։ Մեծաքանակ կերպարների առկայությունը ու հմուտ տեղաբաշխումը առանձնացնում է Խոջաբեկյանին իր մյուս ժամանակակիցներից՝ ոչ միայն Փիրոսմանիից, այլև Կարապետ Գրիգորյանցից, Գիգո Զազիաշվիլիից ու մյուսներից։
Բացառիկ դեպքերում է Խոջաբեկյանը պատկերել միայն մեկ-երկու կերպարների («Խենթ Յաշկան», «Կարա-Դարվիշի դիմանկարը», «Ջրկիրը» և այլն)։
Ինչպես նշեցինք՝ նրա գծանկարներում մարդիկ արտահայտիչ, դինամիկ, կենդանի կերպարներ են՝ իրենց բնավորությամբ, հակումներով։ Նույնը կարելի է ասել և հաճախ հանդիպող կենդանիների մասին․ դրանք երբեք չեն կրկնվում, նույնիսկ հետին պլանում գտնվողները ոչ թե ֆոնը լրացնելու, այլ գծանկարը մի նոր կերպարով հարստացնելու համար են։
Խոջաբեկյանի հեղինակային առանձնահատկություններից են սուր անկյունները, օրինակ կենդանիների սուր ականջները, դնչերը։ Հավատարիմ մնալով չափի զգացմանը և արվեստագետի հոտառությանը՝ նկարիչը խուսափում է ավելորդ գծերից, նախընտրում է, որ դրանք լինեն քիչ և հատու։ Բացի այդ, թղթի վրա նկարելիս, այն էլ գրչածայրով, ուղղումներ չես անի, մեծ ճշգրտություն ու ուշադրություն է հարկավոր։
Խոջաբեկյանը պատկերել է այն հասարակությունը, որին մոտիկից է ճանաչել՝ արհեստավորների, գյուղացիների, առևտրականների, հատկապես կինտոների։ Կարեն Միքայելյանի խոսքերով՝ «նա նկարում էր իր նմաններին։ Յուրայիններին։ Այստեղից էլ ամեն մի «կադրի», ամեն միզանսցենի, ժեստի, գլխի թեքումի, հայացքի համոզչականությունը։ Նկարները լի են բազմաձայն ամբոխի չլսված ձայներով, զուռնայի ու թմբուկների երգեցողությամբ։ Ինչպես և էշի բառաչյունով, աքլորի կանչով»։
Շնորհիվ իր բացառիկ դիտողականության ու վարպետության՝ Խոջաբեկյանը վաստակել էր հին Թիֆլիսը հավերժացնողի, անվանի քաղաքացու համբավ, սակայն պարզունակ հիացումը շատ ուշ է իրական մասնագիտական գնահատանքի վերածվել։ Համարվում է, որ Խոջաբեկյանի գործերն արվեստասեր լայն հասարակության համար առաջինը բացահայտել է նկարիչ Բորիս Ֆոգելը, որը նաև հավաքել է հայ նկարչի աշխատանքները։
1916 թվականին Խոջաբեկյանն առաջին անգամ մասնակցել է Թիֆլիսի «Փառքի տաճարում» (այժմ՝ Արվեստի պատկերասրահ) կազմակերպված ցուցահանդեսին, ապա՝ «Հայ արվեստագետների միության» ցուցահանդեսներին՝ նախ Թիֆլիսում, ապա՝ Երևանում և Կոստանդնուպոլսում, ցածր գնով վաճառել որոշ աշխատանքներ։ Ապրուստի միջոցներ հայթայթելու համար տարբեր քաղաքներում կատարել է վարձու բանվորի աշխատանք, վարակվել տիֆով, 1919-ին գտնվելով Երևանում՝ իր բազում գծանկարներում պատկերել արևմտահայ գաղթականության ողբալի վիճակը։ Թիֆլիս վերադառնալով՝ աշխատել է որպես սրճարանի դռնապան, սակայն ազատվել է աշխատանքից՝ մեծահարուստների առջև դուռն անմիջապես բացելու փոխարեն նկարչությամբ զբաղվելու համար։ Որպես ցրիչ աշխատել է Ռուսթավելիի թատրոնում, ապա եղել ռուսական թատրոնի պահակը։
Բարի, համեստ, զիջող, խորը ներաշխարհ ունեցող նկարիչն իր գծանկարները սիրով նվիրել է ընկերներին, կրպակի հաճախորդներին, հարևան երեխաներին։ «Նա շռայլ էր և ամաչկոտ, իր գծանկարները նվիրում էր և դա նրան ուրախություն էր պատճառում»,- վերհիշել է Կիրիլ Զդանևիչը։ Շատ նկարներ այրվել են 1910-ին նկարչի տանը և խանութում տեղի ունեցած հրդեհի ժամանակ։
Վանո Խոջաբեկյանը մահացել է ծայրահեղ չքավորության պայմաններում՝ թոքերի բորբոքումից, 1922 թվականի նոյեմբերի 16-ին։ Անսպասելիորեն շքեղ հուղարկավորության ժամանակ ավագ եղբայրը բացականչել է․
-Վայ մե, Վանո՛ ջան։ Պարզվում է, եղբայրս մարդ է եղել, իսկ ես դա չէի հասկանում, ջարդում էի նրա մատիտները․․․
Նախապես թաղվել է Վերայի հայոց գերեզմանոցում, հետագայում վերաթաղվել Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում։
Արվեստաբան Էրաստ Կուզնեցովի բնորոշմամբ՝ «Փիրոսմանիշվիլիի ճակատագիրն իրապես ողբերգական էր, բայց և՛ Խոջաբեկովը, և՛ Գրիգորյանցը փաստորեն մահացան մոռացության մեջ՝ կյանքի մայրամուտին, երբ, թվում էր, կարող էին հարգանք և օգնություն ակնկալել»։ Այնքան տառապալից է եղել Խոջաբեկյանի կյանքը, որ 47 տարեկանում կյանքից հեռացած նկարիչը շատերին զառամյալ է թվացել։
Նկարիչ Գիգո Շարբաբչյանի ջանքերով 1930 թվականին Թիֆլիսի «Հայարտանը» բացվեց Խոջաբեկյանի անհատական մեծ ցուցահանդեսը, որին ներկայացված էր 120 գծանկար։ «Զարյա Վոստոկա» թերթում տպագրված հոդվածում պատմաբան Նիկոլոզ Բադրիաշվիլին ընդգծել է Խոջաբեկյանի «պարզ մատիտանկարների անկրկնելի յուրահատկությունը, վարպետությունը, հոգեբանական խորությունը, սյուժեի ազգագրական ճշգրտությունը ու զուտ թիֆլիսյան հումորը»։ Հոդվածագրի համոզմամբ՝ «Դիմակահանդես», «Շախսեյ-վախսեյ», «Քելեխից վերադարձ», «Ոչխարների կռիվ», «Աքլորակռիվ», «Քեֆ նավակի վրա» և այլ աշխատանքներ Խոջաբեկյանին «անշուշտ դասում են Թիֆլիսի ինքնուս նկարիչների առաջին շարքերում»։
Տարիներ անց Խոջաբեկյանի ստեղծագործությունները ներկայացվել են Նյու-Յորքում․ պատմում են, որ իր հայրենակցի աշխատանքներով հիացած Արշիլ Գորկին ցուցասրահում ծնկի է իջել։ Գծանկարիչ Ալեքսանդր Սարուխանը գրել է․ «Այդ անուս եւ անդուլ մարդը կատարեալ արւեսագէտ մըն է։ Հրաշալի դիտող մը, թափանցող, որ գիտէ տեսնել ոչ միայն արտաքին գիծեր, այլ անոնց մէջէն խորանալով հասնել կինտոյին հոգւոյն մինչեւ խորքը, տալ անոնց զուարթ, ուշիմ ու խորիմաց բնաւորութիւնը»։
Խոջաբեկյանի գծանկարները և ենթադրաբար՝ դրանց նմանակումները աստիճանաբար տեղ են գտել տարբեր երկրների թանգարանային և մասնավոր հավաքածուներում։ 1955թ․ գրող և արվեստաբան Արամ Երեմյանը Վենետիկում հրատարակել է Խոջաբեկյանի աշխատանքների ալբոմը՝ կենսագրական ակնարկով։
Նկարչի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ ՀԱՊ մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանում բացվել է թիֆլիսահայ ինքնուս նկարչի աշխատանքերի «Վավերագրող հայացք. Վանո Խոջաբեկյան-150» ցուցահանդեսը։ Ինչպես նշում են ցուցահանդեսի համադրողներ Արփինե Սարիբեկյանը և Սեդա Խանջյանը՝ «իր ժանրային բազմաֆիգուր հորինվածքներում Խոջաբեկյանը հանդես չի գալիս սոսկ որպես վավերագրող կամ դիտորդ, նա պատկերվող յուրաքանչյուր տեսարանին տալիս է գեղարվեստական սեփական մեկնաբանությունը»։ Արվեստասեր հասարակությունը հազվագյուտ հնարավորությունն ունի մոտիկից ծանոթանալու Խոջաբեկյանի ստեղծագործություններին, քանզի երկարատև պահպանությունն ապահովելու նպատակով դրանք հազվադեպ են ցուցադրվում։
Ըստ տարբեր հաշվարկների՝ պահպանվել է Խոջաբեկյանի հեղինակած շուրջ 250 գծանկար, որոնցից մոտ 150-ը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։ Մի շարք գործեր պահվում են Վրաստանի թանգարանների (Թբիլիսիի պատմության թանգարան, Վրաստանի արվեստի թանգարան և այլն) պահոցներում։
Գիգո Շարբաբչյանի բնորոշմամբ՝ «Վանոն իր նկարներով արձանագրել է ամբողջ հին Թիֆլիսը, բաց չթողնելով ոչ մի դեպք, անմահացնելով նրա տիպարը, ինչպես Սունդուկյանն անմահացրել է իր գրվածքներում»։ Հիրավի, թղթի խունացած կտորների վրա Խոջաբեկյանը կարողացել է հավերժացնել այն, ինչ այսօր այլևս անցյալ է, ու արել է դա յուրովի, հավատարիմ մնալով իր առաջադրած ստեղծագործական սկզբունքներին, նոր թեմաներով, արտահայտչամիջոցներով ու մոտեցումներով հարստացնելով ինչպես հայ, այնպես էլ վրաց կերպարվեստի ավանդույթները։
Աշոտ Գրիգորյան
Պատկերներ․
1․ Միակ լուսանկարը
2․ «Քեֆ երգեհոնահարի հետ»
3. «Ավանակների վերադարձը»
4. «Պար կժով»
5․ Ստեփան Թարյան, Վանո Խոջաբեկյանի դիմաքանդակը, մարմար, 1930։



