Վկան

Գոլորշիացող արցունքներ, հզոր էակներ, շտկված դեմքեր, միշտ ոչ մի բանով խիստ զբաղված ուղեղներ՝ առանց սեռի և տարիքի սահմանափակման, ամենակարող անհատներ, որոնց երակներում արյունն օր-օրի վերածվում է անկշռելի, անչափելի աստվածային գինու, գինովցած «ճոճանակներ», ճոճվող հարաբերություններ, չհարաբերվող մտերիմներ, մտերմացող անհամատեղելիություններ․․․ ու այս ամենի ստվերում մի սմքած մարմին, որը պատկանում է ինձ՝ իր ժամկետանց գոյության մեղավորությունն ի խորոց սրտի գիտակցողիս։ Այդ սմքած մարմինս անտարբեր քարշ տալով՝ տեղավորվել էի հենակով նստարանին, որը դրված էր որդուս անշնչացած մարմինն իր վրա կրող սեղանի մոտ։ Ցավակցող կանայք իրենց ամուսիններին դրսում՝ ավագ որդուս մոտ թողնելով, մոտենում էին ինձ, գրկախառնվում, վերջում ձեռքն ուսիս դնելով՝ հեռանում։ Դա երևի անմեկնելի ուղերձ էր՝ ուսերդ ձիգ պահիր․․․ ես թիկունքիդ կանգնած եմ․․․ կամ էլ՝ դու, քո ցավը, բայց հա, հիշիր, որ ցանկացած պահի ուսդ գետնին տվող կլինի, ու ի՞նչ իմանաս, թե ով, թե մեզնից ով․․․

Խորհրդավոր, լուռ ու սպասված հոգեհանգիստ էր։ Ոչ մի հեծկլտոց չէր խախտում իրենց պարտականությունն իրականացնողներին՝ կողքովս անցնելուց հետո զբաղեցնել որևէ տեղ, մոտ տասը րոպե նստել, մոտենալ, հեռանալ, երբեմն զսպված ծիծաղն անմիջապես դուրս գալուց հետո արձակել, երբեմն ստիպել սեփական արցունքներին դուրս գալ կոպերի սահմանից․․․ Ինչ էլ եղած լիներ, ինչ պայմաններ էլ գործողությանս հիմքում ընկած լինեին, որդիասպան մոր պիտակը կրծում էր հոգիս։ Ամեն վայրկյան ավելի բթացնող ցավը մեկ հիշողությունիցս ջնջում էր ամեն ինչ, ու անգամ չէի գիտակցում, թե որտեղ եմ, մեկ վերակենդանացնում էր բոլոր տեսարաններն այնպես, ասես դրանք հենց այդ պահին էին կատարվում։ Հիվանդանոցի երկու տարվա սարսափեցնող սառնությունը, բժիշկը, նրա բառերը, հայացքը՝ նույնքան սառը, որքան հիվանդանոցի ճերմակությունը, նմանատիպ ճերմակ թուղթը, վրան սև տառերով գրված որոշումը և իմ կապույտ ստորագրությունը․․․ Երկու տարի կոմայից դուրս չգալուց հետո թղթի կտորի վրայի մի փոքր խազմզոցով որդուս վերադարձի ճանապարհը քանդել էի։

Ես բանտապետի մայր էի։ Եվ բանտարկյալի մայր էի։ Տարակուսած, շփոթված, մեկ բանտապետի, մեկ բանտարկյալի վշտի ընկեր մայր էի։ Թեպետ բանտարկյալ որդիս՝ Սարոն, ամեն կերպ հեռացնում էր ինձ իր իրականությունից՝ ինձ բաժին թողնելով միայն իր կարոտների ու սերերի՝ կնոջ ու երեխաների մասին պատմությունները, բայց հոգիս նրա համար միշտ բաց էր։ Ես զգում էի այն անարդարությունը, որը նրան հասցրել էր ճաղավանդակներից այն կողմ: Զգում էի կսկիծը, որով ընդունում էր ճակատագրի հարվածները։ Իսկ Զավենը հաճախ գանգատվում էր բանտարկյալների անկարգություններից, հղփացածների անպատժելիությունից, վճիռների մեղմությունից, կարգուկանոն ապահովելու ինքնակամ փորձերից, իր հանդեպ ղեկավարների վստահությունից, գործընկերների նախանձից․․․

Սարոյի ազատման օրը Զավենը կոմայի մեջ ընկավ։ Մտքերս ինձ հանգիստ չէին տալիս։ Հիմնական վարկածը, որ պտտվում էր գլխումս՝ այն էր, որ Սարոյի դուրս գալուց հետո կոնֆլիկտ է առաջացել, Զավենը փորձել է պաշտպանել Սարոյին, բարձր պահել եղբոր անունը, ինչի արդյունքում վեճ է սկսվել, և «վայրենացած» բանտարկյալները, ինչպես երբեմն ասում էր Զավենը, որդուս պատժել են։ Մի տարբերակ էլ, որ մտքովս անցնում էր, այն էր, որ Զավենը կրում էր Սարոյի՝ չափից շատ անկեղծության ու շիտակության համար տված կռիվների հետևանքը։ Սարոն շուտ էր տաքանում, երբ խոսքը վերաբերում էր անիրավությանն ու բանսարկությանը։ Քանի որ երկուսի դեմ կռվելը անհնար կլիներ, որովհետև ես որդիներիս որպես իրար թիկունք եմ դաստիարակել, երբեմն գալիս էի այն համոզմանը, որ դավադրությունը կազմվել է նախապես և սպասել են, մինչև Սարոյին կազատեն։ Վերջին՝ գլխումս ծագած ամենից անհավանական թվացող վարկածը Զավենի նախկին կնոջ եղբոր միջամտությունն էր ծեծկռտուքին։ Չնայած բժիշկը, որն ընդունել էր Զավենին, ասում էր, որ բռնության հետքեր չէին եղել մարմնի վրա, և միակ վնասվածքը գլխի հետևի մասում հարվածն էր, այնուամենայնիվ, ես հավկած էի հավատալ, որ կռիվ եղել էր։

Չլսելով Սարոյի հորդորները՝ վկաների և ապացույցների բացակայության հետ կապված, ես դիմել էի դատարան։ Ուզում էի վերականգնել արդարությունն ու մեղավորներին պատժված տեսնել։ Որդիս պատերազմի մասնակից էր, ու, իմ համոզմամբ, այդ փաստը պետք է շահագրգռեր իրավապահ մարմիններին՝ բացահայտելու եղելությունը։

Մեկ տարին լրացել էր, ինչ կոլեգաներս օր ու գիշեր պայքարում էին Զավենին կյանք վերադարձնելու համար։ Ինձ սարսափեցնում էր Սարոյի չեզոքությունը դատական գործընթացի հանդեպ։ Իմ առավոտները բացվում էին հիվանդանոցում, և գիշերները աստղոտվում էին դատարանում։ Անգամ թոռներիս ներկայությունն ինձ չէր ստիպում զգալ գոյությունս։ Ես պայքար էի դարձել՝ պայքար լռության դեմ, ինչն ավելի սարսափելի է, քան փոթորկոտ աղմուկի, ցունամիի, կատաղած փղերի դեմ պայքարը։ Երբ պայքարը շարժուն ու խոսուն երևույթի դեմ է, գիտես, որ կամ կտապալես, կամ կտապալվես։ Իսկ լռության դեմ պայքարը պահանջում է պրպտել, տնտղել բոլորին ու ամեն բան, հասնել մի կետի, երբ ինքդ էլ պետք է լռես, համրանաս, բացահայտես, հետո․․․ չխոսկան դառնաս կամ գոռաս բացահայտման մասին։ Ես փափագում էի, որ իմ բացահայտումն արժանի լիներ իր մասին գոչելուն։

Այդ մեկ տարվա ընթացքում հաճախ էի մեկուսանում․ գնում էի անտառ կամ մոտակա գետափ, վերլուծում էի անցած օրերն ու դեմքերը։ Ինձ հանդիպած քանի մարմիններ կփրկվեին կամ կանցնեին այլ ճանապարհով, եթե միայն ճիշտ գլուխներ բաժին հասած լինեին նրանց։ Խճանկարի պես հավաքում էի ապրած կյանքս, խճանկարի ազատ տեղերում պատկերացնում այն ապագան, որ բաժին էր հասնելու ինձ։ Երջանիկ մանկությանս փոխարինելու էր եկել պատանեկությունն իր բոլոր գույներով՝ ուսանողություն, սիրահարվածություն, թեթևություն․․․ Ամուսնացել էի սիրելի տղամարդու հետ։ Մեր հնարավորությունները սուղ էին՝ երկուսս էլ ուսանող էինք, ես՝ բժշկական համալսարանում, ամուսինս՝ ճարտարապետական։ Մենք մեզ համար սիրուն ապագա էինք նախագծում։ Հումորով հիշում էինք ամուսնուս ու նրա հոր զրույցը։

-Լսիր, աղջիկ եմ գտել, հարուստ ընտանիքից։ Ամբողջ կյանքումդ ոչ մի բանի կարիք չես ունենա, -ասել էր հայրը։

-Ես հիմա էլ չունեմ։

-Ո՞նց չունես։ Երկու քայլ էլ դնես, կոշիկիդ տակացուն կպոկվի։

-Դա իմ խնդիրն է, -վստահ պատասխանել էր նա, -ես գործարքի մեջ չեմ մտնի ընտանիք ունենալու համար։ Լավ է՝ չունենամ ընտանիք, քան ողջ կյանքս գլուխս կախ քայլեմ։ Եվ հետո՝ իմ ընտրության մասին դու լավ գիտես։

-Ընտրության․․․ Այ քեզ սոված ընտրություն։

Հետագայում, իհարկե, մեր հարաբերությունները հիանալի էին։ Ես ու ամուսինս ավարտելուց հետո աշխատում էինք, ձեռք էինք բերել մեր բնակարանը, պատրաստվում էինք սկսել փոքր բիզնես։ Զավենը կրում էր ամուսնուս հոր անունը, և նա հպարտությամբ էր թոռնիկին տանում դպրոց, հետո՝ զբոսանքի, հետո՝ բոքսի։ Մեր ամուսնությունից տասներկու տարի անց ամուսինս ծանր հիվանդությունից մահացավ։ Նա իսկական տղամարդու օրինակ էր որդիներիս համար։ Ես փորձում էի լրացնել նրա տեղը՝ զրուցելով տղաներիս հետ այնպես, ինչպես նա կաներ։ Բացատրում էի մարդկային արժեքների կարևորությունը, մարդկանց հարգելու, ընկեր լինելու, մաքուր խղճով գլուխը բարձին դնելու նշանակությունը։ Որքան էլ մեր օրինակը նրանց աչքի առաջ էր, այնուհանդերձ, ես կարծում էի, որ պետք է անդադար կրկնել, որ չի կարելի խեղճացնել մարդուն ցանկացած հարաբերություններում, լինի նա կին, թե տղամարդ, գործատու, թե աշխատող։ Եթե գեների մեջ փոքր չափաբաժնով առյուծ չլինի, դիմացինն այնքան կխեղճանա, որ կվերածվի խամաճիկի։ Իսկ այդ ամենին կողքից հետևելն անգամ ստորություն է։ Նման թեմաների շուրջ ես զրուցում էի որպես ընկեր, և ոչ որպես խորհրդատու։ Ինձ թվում էր, թե տղաներս ընկալում են հորդորներս։

Հերթական մի օր, երբ վերադարձել էի անտառից, որդիս ընկերների հետ տան նախասրահում զրուցում էր։ Դուռը բաց էր։ Խոսակցությունով տարված՝ ինձ չէին նկատել։

-Չեմ կարող, ես դա չեմ անի, -կրկնում էր Սարոն։

-Չե՞ս տեսնում, տանջվում է խեղճ կինը։ Իրականությունն է փնտրում։ Պատմիր, թող ինքն էլ իմանա։

-Ո՞նց։ Դու չես հասկանում, ես կկոտրեմ մորս վերջնականապես։ Միակ բանը, որ ուզում եմ էս կյանքից, Զավենին առողջացած տեսնելն է։ Իսկ մնացածը սուտ բաներ են։

-Սուտ բանե՞ր։ Չէ, Սարո։ Քո արժեքները սուտ չեն։ Եթե մի օր դրանք վերանան, մարդիկ իրար կհոշոտեն։ Հա, մի զարմացիր։ Այն, ինչ հիմա կատարվում է, չարյաց փոքրագույնն է։

-Սուտ են։ Բոլոր արժեքներն են սուտ մարդկային կյանքի դիմաց։ Ո՞ւմ էր պետք իմ ճշմարտությունը, եթե հիմա եղբայրս կյանքի համար կռիվ է տալիս իմ պատճառով։ Ես, միայն ես եմ մեղավոր նրա ու մորս վիճակի համար։

-Դու անտեղի ոչինչ չես արել։ Դու ի՞նչ իմանայիր, որ մի ապտակից նա հավասարակշռությունը կկորցնի, կընկնի ու գլուխը կհարվածի երկաթե սյանը, -համառում էր ընկերներից մեկը։

-Մի հիշեցրու։ Ամեն անգամ աչքերիս առաջ է գալիս այդ տեսարանն ու ես ատում եմ ինձ իմ անհամարձակության ու հիմա դատարանում մեղքս չխոստովանելու համար։

-Սարո, չփորձես նման բան անել։ Հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ մորդ պատմել, թե ուր են մեր՝ տարիներ շարունակ ամեն ամիս քեզ ու ընտանիքիդ ուղարկած գումարներն ու կապոցները։ Թե ինչպես է Զավենը խաղացել ու տանուլ տվել այն, ինչը պետք է ապահովեր ընտանիքիդ բարեկեցությունը, մինչ դու, նրա մեղքը քեզ վրա վերցրած, անազատության մեջ էիր։

-Սու՜ս․․․ Կամա՜ց, -շփոթվեց Սարոն՝ զգալով հուզմունքից չզսպվող սնքրտոցս։

-Ինչի՞։ Չե՞ս ուզում մի անգամ էլ բախվել ճշմարտությանը։ Զավենը պատերազմում ոչ մի կռիվ էլ չի տվել, դավաճանել է քեզ էլ, ընտանիքիդ էլ, մեզ էլ, ողջ ազգին էլ։ Իսկ դու դեռ շարունակում ես պաշտպանել նրան։

-Մի րոպե՛, -սաստեց Սարոն՝ մոտենալով դռանը։

-Եթե դու քեզ վրա չվերցնեիր նրա մեղքը, -տաքացած շարունակեց մյուս ընկերը, -չասեիր, որ սպառնացել են քեզ երեխաներովդ, որ գաղտնի ինֆորմացիան փոխանցել ես թշնամուն՝ իբր վախից ելնելով, դու կալանքի տակ չէիր հայտնվի, կնոջդ ու երեխաներիդ կողքին կլինեիր, այս ամբողջ պատմությունն էլ չէր լինի։ Սարո, բացիր աչքերդ վերջապես։

Սարոն հասավ ինձ մոտ։ Աչքերիս առաջ սևացավ։ Փորձեցի հենվել պատին, բայց չհասցրի։

Չգիտեմ, թե որքան ժամանակ էր անցել իմ ու Սարոյի հանդիպումից, բայց երբ աչքերս բացեցի, տանը միայն ես ու Սարոն էինք։ Ես, Սարոն ու օդում կախված ճշմարտությունը։ Այն ճշմարտությունը, որը բացահայտվել էր լռության դեմ պայքարից հետո։ Այն բացահայտումը, որի վկան ես էի։ Երբեմնի համոզմունքս, թե՝ խոսքն ինչ է, որ․․․ կարևորը մարդու գործն է․․․ հօդս էր ցնդել։ Խոսքն այն միջոցն էր, որով կարելի էր թաղվել կամ հարություն առնել։ Ես թաղվել էի ճշմարտության ծանրությունից։ Ես վկան էի աչքիս առաջ թերթվող տեսարանների։ Մի բան հստակ էր․ դրա մասին պետք էր լռել։ Իսկ ինձ փաստորեն պարզապես թվում էր, թե տղաներս ընկալել են հորդորներս։

Երանի այն սրտին, որ ուղեղի հետ դաշինքի մեջ է, հակառակ դեպքում մարդու ոչ ապրելն է գալիս, որ մեռնելը։ Ես չգիտեի` արյան մեջ հոսող դավաճանությունն է սարսափելի, թե արյան շրջապտույտի դադարը երակներում, բայց հասկանում էի, որ ինչ-որ հարցում ինչ-որ պահի սխալվել էի։ Այն, ինչ մնում էր անել՝ գոլորշացած արցունքների, շտկված դեմքերի, գինովցած «ճոճանակների», ճոճվող հարաբերությունների, չհարաբերվող մտերիմների ստվերում սմքած մարմնիս գոյությունը քարշ տալն էր՝ անցանկալի բացահայտումից և բժշկի՝ Զավենի համար կայացրած էվտանազիայի որոշման տակ ստորագրությունից հետո։

 

Սիրանուշ Զախարյան