Ոչինչ

Երբ ճիշտ պատասխանեց հանելուկին, որի շուրջ բոլոր հարազատներով ապարդյուն գլուխ էին կոտրել, միանգամից հասկացան, որ երեք տարեկան տղան նկարիչ է դառնալու: Իսկ հանելուկը հետևյալն էր. Սանկտ Պետերբուրգում գիշերն արջն իր տուն է հրավիրում ագռավին՝ գինի խմելու: Խմելուց հետո սկսում են պարել: Ագռավն է հրավիրում: Ինչի՞ մասին է խոսքը: Ու տղան, պատուհանից տեսնելով, թե ինչպես են ձյան փաթիլները ծածկում գորշ քաղաքը, բացականչել էր՝ Սպիտա՜կ:
Հա էլի, բացահայտել էին մեծերը՝ «սպիտակ». Սանկտ Պետերբուրգում լինում են սպիտակ գիշերներ, տունը լինում է սպիտակ, արջը լինում է սպիտակ, ագռավը լինում է սպիտակ, գինին ու պարը՝ նույնպես:
-Տղաս նկարիչ է դառնալու,-հորը լուռ նայեց մայրը:
-Քեզ թվում ա,-հոր պատասխան հայացքն էր:
Բայց հա՛յրը տարավ նկարչական դպրոց: Մոր մի հայացքը բավական էր դրա համար:
Հիմա երկուսն էլ չկան: Բայց ինքը համոզված է, որ կան: Ինքը գիտի, որ երբ մարդը մարդ է տեսնում, նույնիսկ շուկայում, մանավանդ կանգառում, թեկուզ պատուհանից նայող, այդ մարդը միշտ մնում է: Սա պատերազմից հետո գիտի: Պատերազմից և սիրուց:
-Ոչինչն ավելի լավ է, քան այն, ինչ թվում է,-մի անգամ ասաց նկարչության դասատուն:
-Դուք ոչինչ չեք հասկանում նկարչությունից,-սա վաղուց էր ուզում ասել ինքը:
Առաջարկը հանկարծակի ստացավ: Նույնիսկ չստացավ, այլ պարզապես տեսավ, որ Շվեյցարիայում, հենց Ալպերի սրտում, բացվել է նկարչական դպրոց, որտեղ ուսանողներին նույնիսկ կլորիկ թոշակ են տալիս ու կակաո՝ ամեն առավոտ: Դպրոցը տեղակայված էր մի հսկայական շենքում, որի բոլոր սենյակները պատուհաններ ունեին՝ լեռներին նայող: Տնօրինությունը պարզաբանել էր, որ լեռները բնության միակ երևույթն են, որոնց երկար նայելու արդյունքում նայողի մոտ առաջանում են տարբեր կերպերի ու կերպարանքների պատկեր-ասոցիացիաներ, նույնիսկ կենդանի դեմքեր ու ապրումներ, որոնք էլ (ինչպես համոզված էր տնօրինությունը), իրենց ուսանողները կտավին կհանձնեին:
Երկու շաբաթից Շվեյցարիայում էր: Դպրոցը կոչվում էր «Աչքով տալ», ընդ որում դպրոցի լոգոն հենց մարդու դեմք էր, որ աչքով էր տալիս, ավելի ճիշտ՝ մի աչքը փակ էր, մյուսը՝ բաց: Երեսին պեպեններ ունեցող դասախոսը հենց առաջին օրն ասաց. «Այն, ինչ կարող ես տեսնել աչքերդ փակ, պակաս կարևոր չէ նրանից, ինչը կարող ես տեսնել աչքերդ բաց: Ավելին, ծաղկած լեռներում ծնված մարդը կարող է ապրել անապատում: Այո՛, աչքերը փակ»:
Ինքն, իհարկե, հիշեց, թե ինչպես էր վախենում աչքերը փակելուց պատերազմից հետո, և սիրուց հետո՝ չնայած համատարած անապատին: Ինքն, անշուշտ, գիտեր, որ մի բան ստեղծելը սեփական վախի հաղթահարումն է՝ նախ և առաջ:
Ուսուցումը մեկ տարով էր: Ուսանողները պետք է երկու քննություն հանձնեին՝ կիսամյակային՝ ամռանը (երբ լեռը գորշ էր) և ավարտական՝ ձմռանը (երբ լեռը սպիտակ էր): Քննական հանձնարարությունն ընդամենը մեկ նախադասություն էր. «Նկարեք այն, ինչ տեսնում եք», ընդ որում, խորամանկ հանձնաժողովը չէր հստակեցրել՝ աչքերը բա՞ց, թե՞ փակ:
Ամառային քննությունը հաջողությամբ հանձնեց: Եթե, իհարկե, հանձնաժողովի անդամների կլորացած աչքերը ուսանողի հաջողության ապացույց են: Նայել էր գորշ լեռանը օրվա բոլոր ժամերին, նույնիսկ առանց թարթելու աչքերը և նկարել ամբողջովին ճերմակ լեռ՝ ձյան մեջ կորած: Հետո սպիտակացրել էր ամբողջն ու ստացվել էր պարզապես սպիտակով ներկված կտավ:
Ուսանողների լավագույն աշխատանքները մեկ շաբաթ թողնում էին դպրոցի մեծ ցուցասրահի պատերին: Ոչ տպավորիչներն անհետ կորչում էին, կար ենթադրություն, որ դպրոցի նկուղում: «Չտեսնվածը», ինչպես վերնագրել էր իր աշխատանքը, անհետ կորել էր, ինչը հրաշալի առիթ էր՝ պարզելու, թե շվեյցարական նկարչական դպրոցի տված կլորիկ թոշակով քանի՞ շիշ ռոմ կարելի է գնել:
-Իրականում վատ չէր,-իսպանացի խոստումնալից նկարիչն ասաց՝ երևի սփոփելու համար բաժակակցին,-նույնիսկ հետաքրքիր էր, ինքնատի՛պ:
-Իրականում... Ոչինչ չկա,-միանգամից խմեց:
Իսպանացին, ի դեպ, նույնությամբ նկարել էր գորշ լեռը, բայց ինչպես ինքն էր հավաստիացրել հանձնաժողովի անդամներին, նա դա արել էր աչքերը փակ:
-Գիտե՞ս,-ասաց նոր ընկերոջը,-լեփ-լեցուն բաժակը երբեք չի դատարկվում, որ տեսնես ինչեր կային մեջը. պայթում է:
-Հետաքրքիր միտք է, ինչպես ամեն վիճելի բան,-ծիծաղեց իսպանացին:
-Տեսածդ անհոգ երջանկությունից ծնված սիեստան չի՞,-հանկարծ բղավեց, բայց անմիջապես էլ սկսեց խնդալ,-տեսածդ երեք-չորս սեր չի՞, լավ՝ թող կեսը լինեն սեքսով... Դու պատերազմ տեսած կա՞ս...
Իսպանացին զգաց, որ ինքը չպետք է խոսի հիմա:
-Բոլորդ եք էդպես ապրում: Տեսնում եք միայն սպիտակ ներկը, բայց ներսում ի՞նչ կա, չգիտեք... Ու լավ է, որ չգիտեք, քանի որ այն, ինչը ներսում է, ի՛մն է:
Ձմեռն ամենասպիտակը լեռներում է լինում: Կակաոն առանց կաթի էր ու թունդ, ինչպես ինքն է սիրում:
-Իսկ ո՞ւր է այն տղան, որ շտապել է մի քիչ՝ ծնվելուց,-ներկաներին դիմեց քննական հանձնաժողովի նախագահը:
-Նա ասաց, որ այս անգամ ներկայացնում է իր ամենալավ աշխատանքը,-հանձնաժողովի քարտուղարն էր:
-Ե՞ւ, որտե՞ղ տեսնենք այդ կտավը,-նախագահը հումորով մարդ էր:
-Այդ աշխատանքը նա անվանել է Ոչինչ:
Ավարտական քննության ամբողջ ընթացքում ինքը կակաո էր խմում: Ինքը հո չգիտե՞ր, որ «Չտեսնվածն» ամենևին էլ անհետ չի կորել, այլ ամուր կախված է հանձնաժողովի նախագահի սպիտակ տան պատից:
Հովիկ Աֆյան