Իեն Գիլան. հարդ ռոքի հուժկու ձայնը

Ռոք հանրագիտարաններում հազվագյուտ երաժիշտներ են ներկայանում միաժամանակ երեք հոդվածներում, մինչդեռ երգիչ, երաժիշտ և երգերի հեղինակ Իեն Գիլանին (ընդունված է նաև Յան Գիլլան գրելաձևը) դա հաջողվել է չորս անգամ. նախ՝ որպես առաջատար բրիտանական «Deep Purple» խմբի երգչի, ապա՝ որպես մենակատարի, բացի այդ՝ որպես «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք օպերայի գլխավոր դերակատարի ու «Black Sabbath» խմբի 1983-1984թթ․ երգչի։ Այլ կերպ ասած՝ նա կարողացել է լավագույնս ինքնադրսևորվել չորս տարբեր ձևաչափերում ու այդպիսով ունկնդրի հիշողության մեջ հավերժացնել իր միանգամայն ինքնատիպ ձայնը։ Օպերային տենոր Լուչանո Պավարոտտին նրա մասին այսպես է արտահայտվել․ «Մտածում էի՝ նա կա՛մ խենթ է, կա՛մ հանճար։ Պարզվեց՝ հանճար է»։ Մինչդեռ Գիլանը համեստորեն նշում է․ «Ես հանճար չեմ, այլ սոսկ երջանիկ մարդ, որ խենթի պես սիրում է երաժշտությունը»։

Գիլանը ծնվել է Մեծ Լոնդոնի թաղամասերից մեկում․ հայրը բանվոր էր և պրոֆմիության գործիչ, իսկ մայրն ուսուցչուհի էր՝ երաժշտական նախասիրություններ ունեցող ընտանիքից։ Ինքը՝ փոքրիկ Իենը երգում էր եկեղեցական երգչախմբում։ Ավելի ուշ՝ լսելով Էլվիս Փրեսլիի երգերը՝ նա հրապուրվեց ռոքնռոլով։ Սկզբում հանդես էր գալիս սիրողական խմբերում (զբաղվածության պատճառով չավարտեց դպրոցը), իսկ 1965-ին դարձավ «Episode Six» խմբի վոկալիստը։ Խումբը երկու անգամ հյուրախաղեր ունեցավ Բեյրութում, նրանց երգերն այնտեղ հիթեր դարձան։ Ինքնավստահ Գիլանը, որ լայն դիապազոնով հազվագյուտ ձայն ուներ, երգելիս երբեմն անցնում էր ֆալցետի՝ կախարդելով հանդիսատեսին։ Աստիճանաբար կատարելագործելով բարձր նոտաներ արտաբերելու՝ տղամարդու համար հազվագյուտ կարողությունը, նա ստեղծեց սեփական երգելաոճը, ինչը բրիտանական ռոքի կարևոր նորամուծություններից էր։ Երբ թափ հավաքող «Deep Purple»-ի երաժիշտները նոր երգչի ու բաս կիթառահարի փնտրտուքներում ունկնդրեցին «Episode Six»-ի համերգը, միաձայն (իր համաձայնությունը տվեց նույնիսկ էլեկտրակիթառի վիրտուոզ, դժվարահաճ Ռիչի Բլեքմորը) իրենց խումբ հրավիրեցին թե՛ Գիլանին, թե՛ խմբի բաս կիթառահար Ռոջեր Գլովերին։ Ձևավորվեց «Deep Purple»-ի երկրորդ՝ «Ոսկե» կազմը։ Երաժշտական նախասիրություններով ու բնավորությամբ խիստ տարբեր երաժիշտների համագործակցությունը հիանալի պտուղներ տվեց։ Փորձերի առաջին իսկ օրը նրանք ստեղծեցին «Արագության արքա» երգը, որը խումբը կատարում է մինչև հիմա։ Առաջին ալբոմը՝ «Deep Purple in Rock»-ը, որ երաժիշտները միասին ձայնագրեցին, բրիտանական երաժշտական չարթերում մնաց շուրջ մեկ տարի՝ վաճառվելով ավելի քան 1 միլիոն օրինակով, ու տարբեր երկրներում ստացավ «Ոսկե» կարգավիճակ։ Սա այն բացառիկ դեպքն էր, երբ բրիտանական ռոք խմբի նորաթուխ կազմի առաջին փորձը նման հաջողություն ունեցավ՝ ճանաչվելով ծանր ռոքի ու վաղ մետալի անկյունաքարային դասական ալբոմներից մեկը։ Ռոքի հետագա զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ նաև «Deep Purple»-ի մյուս նորամուծությունը՝ Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ռոք խմբի առաջին համատեղ համերգը։ Համերգի ժամանակ հնչած երգերից էր հակապատերազմական «Երեխա ժամանակի մեջ» երգը, որ Գիլանը կատարեց անսովոր բարձր ձայնով՝ երկու օկտավա վեր։ «Ես սովորական ֆալցետից մեկ օկտավա բարձր էի երգում․ ոմանք դա ճիչ են անվանում, բայց ես ամբողջությամբ վերահսկում էի երգեցողությունս»,- հետագայում պատմել է երգիչը։ Տեքստի հեղինակը Իենն էր, որի խոսքերով երգը «աշխարհի տիրակալների հիմարության ու կուրության մասին է»։ Հատկանշական է, որ այդ դժվար հաղթահարելի երգը Իենը կատարում էր մինչև հիսունյոթ տարեկանը։ Այն հնչեց Լարս ֆոն Թրիերի «Ճեղքելով ալիքները» ֆիլմում։

Երիտասարդ Գիլանը դարձավ համաշխարհային ռոքի աստղերից մեկը․ բնատուր ուժեղ ձայնը, արտիստիզմը, հիշվող երգեր հորինելու ձիրքը նրա սրընթաց հաջողության գրավականներն էին։ «Երեխան ժամանակի մեջ» երգից ցնցված Էնդրյու Լլոյդ Վեբերը և Թիմ Ռայսը հրավիրեցին Գիլանին իրենց «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք օպերայում կատարելու Քրիստոսի դերերգը։ Ի դեպ, Գիլանն իր բառերով՝ «ուժեղ հավատ» ունի ու դրանից բացի՝ այն հազվագյուտ ռոք աստղերից է, որի շուրջ երբևէ թմրադեղային սկանդալներ չեն եղել։ 1970թ․ թողարկված ձայնապնակը երկու անգամ գլխավորեց ամերիկյան հիթ-շքերթը ու իր մնայուն տեղը զբաղեցրեց ժամանակակից երաժշտության պատմության մեջ։

«Deep Purple»-ի հաջորդ երկու ալբոմները ամրապնդեցին տղաների հաջողությունը։ Երաժշտական փառատոնի ժամանակ սկսված հրդեհը առիթ հանդիսացավ՝ գրելու «Ծուխը ջրի վրա» երգը, որին վիճակված էր դառնալ ամենաճանաչելիներից մեկը ռոքի պատմության մեջ։ 1972թ․ «Deep Purple»-ը Գինեսի ռեկորդ սահմանեց որպես աշխարհի ամենաբարձր նվագող խումբ։ Անսանձ էներգիա ու փայլուն կատարողական տեխնիկա ունեցող երաժիշտների կողքին (նրանցից յուրաքանչյուրը տեղ է զբաղեցրել աշխարհի 100 լավագույն ռոք երաժիշտների ցանկերում) Գիլանը ոչ միայն չէր կորցնում ինքնատիրապետումը, այլև կարողանում էր իր վրա սևեռել հանդիսատեսի ուշադրությունը։ Իր առանձնահատուկ վոկալի մասին Իենն ասել է․ «Իրականում սա ճիչ չէ, այլ երգեցողություն բարձր ձայնով․․․ Ես հանկարծ հայտնաբերեցի, որ կարող եմ «աճպարարություն» անել չորս օկտավաներով։ Դա կյանքն ավելի հետաքրքիր է դարձնում»։ Հաճախ երգելուն զուգընթաց նա թմբուկ կամ շրթհարմոն էր նվագում։

Խումբն իր երգերում անդրադառնում էր մարդկությանը հուզող ամենատարբեր հարցերի։ Այսպես, «Կրակի մեջ» երգը թմրադեղերի վտանգավորության մասին էր, իսկ «Ոչ, ոչ, ոչ»-ը ըմբոստ քաղաքական ենթատեքստ ուներ․

 

Մենք ստացա՞նք ազատություն։ -Ո՛չ, ո՛չ, ո՛չ։

Կյանքը դարձա՞վ ավելի լավը։ -Ո՛չ, ո՛չ, ո՛չ։

 

Երաժիշտների համատեղ չորրորդ ալբոմը մեծ հաջողություն ունեցավ, սակայն երաժշտական առումով այն խայտաբղետ էր, անհամատարր։ Երկարատև, հոգնեցուցիչ հյուրախաղերը հաջորդում էին միմյանց․ ճապոնական հյուրախաղերի արդյունքում թողարկվեց կենդանի կատարումների ալբոմ, որը հայտնվեց տարբեր երկրների հիթ-շքերթների առաջին տասնյակում ու ստացավ «պլատինե» կարգավիճակ։ Փառքից գլուխը կորցրած Իենը սկսել էր չարաշահել ալկոհոլը, սրվել էին նրա հարաբերությունները Բլեքմորի հետ․ 1973թ․ Գիլանը ստիպված էր լքել խումբը, որտեղ նրան փոխարինեցին Գլեն Հյուզը և Դեյվիդ Քովերդեյլը։ Պետք է նշել, որ դրանից հետո խմբի երաժշտությունը ավելի շաբլոնային ու կոմերցիոն դարձավ։

Իենը երկու տարի զբաղվեց ձեռնարկատիրությամբ, իսկ 1975-ին ստեղծեց իր խումբը, ձայնագրեց մի քանի հետաքրքիր ալբոմներ. դրանցից երկուսը տեղ զբաղեցրին բրիտանական լավագույն ալբոմների եռյակում։ 1982թ․ բրիտանական «Sounds» երաժշտական թերթի հարցման արդյունքում Գիլանը ճանաչվեց լավագույն երգիչ։ Եվ այս ամենը առանց ազդեցիկ պրոդյուսերների աջակցության․ ինչպես նշում է երգչի կենսագրությունն ուսումնասիրող Ա․ Գալինը՝ «նա ձգտում էր հնարավորինս չգնալ փոխզիջումների շոու-բիզնեսի մեքենայի հետ՝ առաջնորդվելով սոսկ իր խղճով»։ 1984-ին «Deep Purple»-ը վերստին հավաքվեց իր «ոսկե» կազմով ու ձայնագրեց երկու ալբոմ։ Վերադարձը երկար սպասված էր, հաջողությունը՝ մեծ, սակայն Բլեքմորի հետ հակասությունների պատճառով 1989-ին Գիլանը ստիպված էր վերստին հեռանալ։ Հենց այդ ժամանակ՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո սկսվեց Գիլանի հայանպաստ գործունեությունը։ 1989թ․ Ջոն Դիի նախաձեռնությամբ համաշխարհային ռոքի մեծագույն աստղերը համատեղ ձայնագրեցին «Ծուխը ջրի վրա» սինգլը, որի վաճառքից ստացված հասույթը փոխանցվեց Հայաստանին։ Անշուշտ, երգի հիմնական կատարողը կրկին Գիլանն էր։ Մասնակիցներն իրենց խմբերով մեկական երգով ներկայացան «Երկրաշարժի ալբոմում», որը ստացավ «Ոսկե» կարգավիճակ ու անվանվեց «բոլոր ժողովուրդների ու ժամանակների լավագույն հավաքածու»: Լոնդոնում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ Գիլանը նշեց․ «Կարծում եմ, որ հայ ժողովրդին օգնելը հիանալի գաղափար է։ ․․․Ցանկանում եմ, որ հաջողությունն ուղեկցի Հայաստանի ժողովրդին»։ Եվ շատ բան արեց դրա համար։

1990-ի մայիսին նա առաջին անգամ եղավ Հայաստանում, այցելեց աղետի գոտի, տեսածի տպավորությամբ ստեղծեց «Դժոխքի պատկերներ» երգը։ Նա չորս բազմամարդ համերգ տվեց Երևանի Մարզահամերգային համալիրի դահլիճում, երրորդ համերգին իրենց հուզիչ կատարմամբ մասնակցեցին Արսեն Գրիգորյանը (դուդուկ) և Արա Գևորգյանը (ստեղնայիններ)․ Գիլանի մտահղացած համատեղ կատարումը նվիրվեց երկրաշարժի զոհերի հիշատակին։ Հսկա դահլիճը ողողվեց կրակայրիչների լույսով․․․

Ամեն ձևականություններից հեռու, մարդամոտ Գիլանը եղավ նաև Կամերային թատրոնի դահլիճում, այնտեղ շփվեց ու երգեց ռոքի հայ սիրահարների հետ։ Տ․ Ռշտունուն («Երեկոյան Երևան», №120, 1990 թ․) տրված հարցազրույցում շոտլանդական արմատներով երգիչն ասաց․ «․․․թե՛ Բրիտանիայում, թե՛ Ամերիկայում հաճախ եմ շրջապատված եղել հայ ընկերներով, հայկական միջավայրով։ Եվ ճանաչելով հայ մարդուն, Հայաստանը ինձ համար միշտ մի գեղեցիկ օազիս է պատկերացել՝ բարձր մշակույթով, իմ ծննդավայրի պես լեռնասիրտ ու մեծահոգի ժողովրդով։ Քրիստոսի դերերգը մշակելիս, թե այլ առիթով, չեմ հիշում, իմացա, որ հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն»։

Իեն Գիլանը բազմիցս նշել է, որ Հայաստանը համարում է իր հոգևոր հայրենիքներից մեկը: Երկրաշարժից 20 տարի անց Գիլանը և «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմին կրկին այցելեցին Հայաստան ու խորապես ազդվեցին, թե որքան աշխատանք դեռ կա անելու: Նրանք ձևավորեցին «WhoCares» նախագիծը և ձայնագրեցին նոր երգ՝ «Մտքիցս դուրս» (Out of My Mind): Այս երգից, դրան հաջորդած «WhoCares» ալբոմից, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Գիլանի համերգներից, ինչպես նաև բարեգործական հատկացումներից ստացված գումարները հնարավորություն տվեցին Գյումրիի երեխաների համար նոր երաժշտական ​​դպրոց կառուցել:

Իսկ երկրաշարժի 30-ամյակին Գիլանը նոր արշավ նախաձեռնեց՝ օգնելու Գյումրիի «Օկտետ» երաժշտական դպրոցին գնել նոր գործիքներ և պահպանելու այն: Գիլանի հայաստանյան այցերի մասին հետաքրքիր տվյալներ կարելի է գտնել դրանց կազմակերպիչներից մեկի՝ Արա Թադևոսյանի գիրք-հուշագրությունում։

2022թ․ աշնանը Հայաստանի արևելյան սահմանների վրա սանձազերծված լայնամասշտաբ ռազմական արշավի օրերին երգիչն իր պաշտոնական կայքում կոչ արեց չհավատալ Հայաստանի վրա իրենց հարձակումները արդարացնողներին։

1992թ․ Գիլանը վերստին միացավ «Deep Purple»-ին։ Այսպիսով, այն ներկայումս միակ առաջատար ռոք խումբն է, որի կազմի մեծամասնությունը պահպանվել է 1969 թվականից։

Գիլանի անմիջական մասնակցությամբ «Deep Purple»-ը փսիխոդելիկ երաժշտությունից անցավ հարդ ռոքի կատարման, ապա աստիճանաբար հարդ ռոքից շարժվեց դեպի պրոգրեսիվ երաժշտություն։ Սա այն հազվագյուտ խմբերից է, որ միևնույն հաջողությամբ նվագել է ամենատարբեր ժանրերում՝ հարդ ռոք, բլյուզ, արտ ռոք, ֆանք և այլն, միաժամանակ կանգնած լինելով հևի մետալի ակունքներում։

Գիլանը բազում ուշագրավ այլ ծրագրերի մասնակցեց․ երգեց Պավարոտտիի հետ, վերամիավորեց իր պատանեկան տարիների խումբը, հանդես եկավ սիմֆոնիկ նվագախմբերի հետ, հնչյունավորեց Շոպենի մասին լեհական ֆիլմ, ձայնագրեց երգ վիդեոխաղի համար, հրատարակեց ինքնակենսագրական գրքեր։

Հայտնի է, որ բեմական կյանքից դուրս Իենը հեռու է մնում բարձրաշխարհիկ հավաքներից, սիրում է առանձնանալ, ինքնամոռացորեն չի հետևում նորաձևությանը, շատ է ընթերցում, որպեսզի լրացնի կրթության պակասը։

2013 թվականից պրոդյուսեր Բոբ Էզրինի օգնությամբ «Deep Purple»-ի ձայնագրած չորս ալբոմները առանց չափազանցության նոր կողմերով բացահայտեցին խմբի երաժշտությունը։ Այն վերադարձավ միջազգային երաժշտական չարթեր՝ բարելավելով իր դիրքերը դրանցում և քննադատների միտքը բերելով «պրոգրեսիվ մետալի ոսկե դարը»։ Ժամանակակից, բնական հնչողությունը, խորը, հայեցակարգային տեքստերը, երաժիշտների անթերի, փոխլրացնող կատարումները ստվարացրեցին խմբի երկրպագուների՝ առանց այն էլ հոծ բանակը։ 2024 թ․ «=1» ալբոմի մասին «Classic Rock»-ը գրեց․ «Գիլանի ձայնն ավելի հարուստ է հնչում, քան երբևիցե վերջին տարիներին։ ․․․Մինչ դուք կարծում էիք, որ Բրիտանիայի լավագույն խումբն այլևս տալիք ոչինչ չունի, տեղի է ունենում նրա, հնարավոր է՝ վերջին վերածնունդը»։ Իսկ երաժշտական մեկնաբան Իգոր Գավրիլովը գրեց, որ ««Deep Purple»-ի նոր ձայնագրություններն այնպես են մտահղացված, որ Իեն Գիլանն լիովին ինքնադրսևորվի իր ներկա վոկալ հնարավորությունների շրջանակներում»։ «Երաժշտի իմ կյանքը հիմա էլ նույնքան հրապուրիչ ու դուրեկան է, որքան կարիերայիս ամենասկզբում։ Ես գրում եմ ամեն օր՝ անկախ նրանից՝ դա երաժշտություն է, թե ինչ-որ այլ բան, և կարևոր չէ՝ դրա կարիքը կա թե՝ ոչ։ Պարզապես գրում եմ։ Գրել, ստեղծագործել՝ նշանակում է կարողանալ արտահայտել այն զգացմունքները, որոնք արտացոլում են քո կյանքում տեղի ունեցող ամեն ինչը»,-վստահեցնում է Գիլանը։

Վերջերս 80-ամյակը բոլորած երգիչը շարունակում է հյուրախաղերը «Deep Purple»–ի հետ՝ իր երիտասարդական ավյունով ու երաժշտության հանդեպ անանց սիրով հիացնելով ու խանդավառելով ունկնդիրներին։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․Իեն Գիլան

2․ Պարգևատրությունը Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի «Հայության բարեկամ» կոչումով, 2014 թ․

...