Յանիս Պետերսի հայկական մոտիվները

1960-ական թվականներին Լատվիայում ասպարեզ մտավ բանաստեղծների աննախադեպ մի բույլ՝ Իմանտս Զիեդոնիս, Մարիս Չակլայս, Կնուտս Սկույենիեկս, Օյարս Վացիետիս, Յանիս Պետերս և ուրիշներ։ Նրանց փառքը տարածվեց Լատվիայի սահմաններից դուրս․ Հայաստանում էլ առաջին երեքը հայտնի անուններ են, նաև այն պատճառով, որ հայկական առնչություններ են ունեցել։ Մեզանում զարմանալիորեն անտեսված է բանաստեղծ, արձակագիր և դիվանագետ Յանիս Պետերսը, չնայած նրա մի քանի ստեղծագործություններին շատերս ենք ծանոթ՝ շնորհիվ Ռայմոնդ Պաուլսի երգերի, ինչպես նաև «Քույր Քերրի» մյուզիքլի և «Շերլոկ Հոլմս» երաժշտական ներկայացման։ Նրա տեքստերով գրված հարյուրավոր երգերից շատերը համամիութենական հիթեր են դարձել, մի քանիսը՝ թարգմանվել ռուսերեն, ինչպես հանրահայտ «Դեղին տերևները»։ Իսկ «Իմ հայրենիքին» երգը համարվում է Լատվիայի ոչ պաշտոնական օրհներգը, բազմահազար ժողովրդական երգչախումբն այն կատարում է Երգի տոների ժամանակ․
Կոտրված սոճիները սրտերում կընձյուղվեն,
Նոր այգաբացները կկանչեն նորովի։
Հավերժին երգելով դեպ առաջ կքայլենք,
Որ խայտանք բարձունքին լուսո դղյակի։
Հայաստան այցից հետո, 1972թ․ Պետերսը գրում է իր տպավորությունները ներկայացնող բանաստեղծություններ, որոնք զետեղվում են նրա «Նախազգացումներ» (1979 թ․) ժողովածուում։ Դրանցից «Հայկական մոտիվը» իրապես գլուխգործոց մի երկ է՝ երկարաշունչ խոհական բանաստեղծություն, որի բնաբանում կարդում ենք․ «Հին հայկական ձեռագրերի շտեմարանում՝ Մատենադարանում, 15-րդ դարի մի եզակի և չափազանց հաստափոր մատյան արտագրող գրիչ Հովհաննես Մանկասարենցի մասին ուղեցույցն ասաց. «Նրա աջ ձեռքը չորացավ, նա կուրացավ, բայց իր գործն ավարտեց և մահացավ 86 տարեկանում»»։ Եթե Չարենցի «Ես իմ անուշ․․․»-ը հանճարեղ բանաստեղծական պատկերների խտացմամբ տալիս է Հայաստանի համապատկերը, ապա Պետերսը՝ կենդանություն հաղորդելով միայն մեկ դրվագի՝ խորապես զգում ու փորձում է բանաձևել մեր ժողովրդի ցավը, «հայի ճակատագիր» կոչվածը։ Ընդամենը 32 տողերում բանաստեղծը յուրովի անդրադառնում է մեր պատմությանը, խստաշունչ բնությանը և սուրբ հողին, խորհրդածում հայերիս թե՛ դարավոր անցյալի, թե՛ ապագայի մասին․
Որպես հավերժ հարցում՝ չորացած ձեռքն է դողում
լերկ ժայռերի վրա, ուր աղբյուրն է շաչում,
ուր Ճաղատ լեռն է՝ դեռևս Քրիստոսից առաջ,
աղոթքը նախնիների՝ կրակի շուրջ հնամյա
քարե կացինով սարում մի դուռ բացելու համար,
և որ նիզակներով շարվի անառիկ պատ
ընդդեմ օտարականի, որ կարծես լինի ավազակ,
և ցողի հայցը երկնից՝ հացահատկի համար։
Ասես անդրժամանակյա մի հայ մատենագրի շուրթերով նա հավաստում է, որ ամենից առաջ հոգևոր հարստությունն է հայ ժողովրդի անմահության առհավատչյան, իսկ գոյութենական անվտանգությունը՝ նրա կենսական գերխնդիրը․
Հայտնի է մեզ հին ցավը, բայց ո՞րը կլինի նորը,
ասա՛, Մատենադարան, ինչ տեսք կառնի ոսոխը։
Երկնակամար կապույտ՝ գիտակ աստղերի ճամփին,
քո միջով են ճախրում մեր արծիվն ու բազեն,
ընդունիր մեր ջանքը, անգիտություն-կասկածը,
ու հույսը, թե Մասիսը մի օր տուն կդառնա։
Միայն ճշմարիտ ու մեծ բանաստեղծի սիրտը կարող էր արտաքինից անհոգ 1970-ականներին նախազգալ (չմոռանանք ժողովածուի խորագիրը) ապագայի ողբերգությունները․
Վառվի՛ր, հարցման նշան, Հայաստանի վրա,
թող մանուկները մեր չմորթվեն քնում․․․
Ալեքսանդր Թոփչյանի հետ զրույցում բանաստեղծ Իմանտս Աուզինշը այս բանաստեղծությունը մեջբերել է որպես պատմական նյութի վրա հիմնված զորեղ ստեղծագործության օրինակ։ Այն մշտապես ընդգրկվում է Պետերսի ընտրանիներում և թարգմանական ժողովածուներում (միայն երեք անգամ՝ ռուսերեն հրատարակություններում)։ Ցավոք, այն ցայժմ ըստ պատշաճի չի ներկայացվել հայերենով՝ չհաշված մեր չափազանց համեստ թարգմանական փորձը։
Նույն շարքի մեկ այլ՝ «Վերադարձ Հայաստանից» բանաստեղծությունում հեղինակը փորձ է անում ավելի շուտ համադրել, քան թե հակադրել իր հայրենիքի և Հայաստանի բնությունն ու միջավայրը։ «"Մոսկվա-Թբիլիսի-Երևան" գնացքում» բանաստեղծությունը ևս Պետերսի ընտիր գործերից է․ դրա հերոսը գնացքում ունկնդրում է «հայերի թախծոտ երգը» ու ջանում է «առագաստ պարզել, որ հասնի նրանց հոգու երկրին», քանզի նրա համար «ամեն հայ իր երկրի դեսպանն է»։
Բանաստեղծը թերևս Հայաստանով հետաքրքրվել է շնորհիվ իր գրչընկերների՝ Միրձա Քեմպեի, որին համարում էր իր «առաջին Ուսուցիչը» և Մարիս Չակլայսի, որի հետ մտերմացել է երիտասարդ տարիքում՝ Քեմպեի տանը կազմակերպված բանաստեղծական հավաքների ժամանակ․ «Մարիս Չակլայսը հավանաբար իմ լավագույն ընկերն էր, թեև ամենաշատը նրա հետ էի վիճում։ ․․․Չակլայսի սերը Հայաստանն էր՝ ոչ միայն հողը, այլև բանաստեղծներն ու մշակութային գործիչները։ Այստեղ (Լատվիայում - Ա․Գ․) է ապրում Մարիսի ընկերներից մեկը, որի որդին կինոռեժիսոր Հայկ Կարապետյանն է։ Նրա հայրը հայ նկարիչ [Վարուժն] է, որ վրձնել է Մարիսի դիմանկարը»։ Ինքը՝ Պետերսը, կապված էր Վրաստանի հետ, որն իր «երկրորդ տունն» էր անվանում և որտեղ մի քանի անգամ է եղել․ «արդյունքում հայտնվեց Վրաստանի մասին ակնարկս, բանաստեղծություններ Վրաստանի մասին և Հայաստանի, որտեղ ևս իմ ընկերներն են ապրում»։ Պաուլսին նվիրված Պետերսի գրքում հիշատակվում են երգահանի ջերմ ընդունելությունը Հայաստանում և «համաշխարհային էստրադայի կենդանի հրաշք» Ազնավուրի համերգը Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում։ Բացի այդ՝ Պետերսը ծանոթ է եղել Ալեքսանդր Թոփչյանի հետ, իսկ նրա սիրելի կոմպոզիտորներից էր Արամ Խաչատրյանը։
2009 թ․ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսը նշել է․ «հայերի հնագույն հողի մասին մեզ պատմել են Լատվիացի ճանաչված գրողները և մշակույթի գործիչները՝ Ռայնիսից մինչև մեր ժամանակակիցներ Մարիս Չակլայսը, Լեոնս Բրիեդիսը, Յանիս Պետերսը»:
Պետերսը ծնվել է 1939թ․՝ Պրիեկուլե քաղաքում։ Բարձրագույն կրթություն չի ստացել, սակայն Լիեպայայի թատրոնի բեմի աշխատող և ռեժիսորի օգնական Յանիսի կյանքի կոչումը գրականությունն էր․ «Արդեն հինգերորդ դասարանում ցանկանում էի դառնալ կա՛մ նավաստի, կա՛մ բանաստեղծ»։ Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1961թ․, առաջին ժողովածուն՝ «Ջրաղացաքարը», 1968-ին։ Այդ տարիներին որպես խմբագիր աշխատել է տարբեր պարբերականներում։ Հրատարակել է 10 բանաստեղծական ժողովածու, ինչպես նաև բազմաթիվ հատընտիրներ և արձակ երկեր։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով՝ Պյոտր Վեգինի, Յուրի Կասյանիչի և այլոց կողմից, հրատարակվել ահռելի տպաքանակներով։ Ընտրվել է Լատվիայի գիտությունների ակադեմիայի և Լատվիայի համալսարանի պատվավոր անդամ, արժանացել բարձրագույն շքանշանների և մրցանակների։
«Դաուգավա» հանդեսը (Իդա Տալե ) 1977թ․ գրել է, որ Պետերսի քնարերգության հիմքում «զարմանալիորեն աշխույժ, պլաստիկ և միևնույն ժամանակ պատկերավոր տեսիլներն են, պատմական ժամանակաշրջանների և ֆոլկլորային մոտիվների օրգանական միաձուլումը ժամանակակից իրականության հետ»: Իմանտս Զիեդոնիսի բառերով՝ «Պետերսի պոեզիան հանդարտության և ուժի պոեզիա է՝ հանդարտ ուժի կամ ամենազոր հանդարտության։ Այդպիսի երևույթ հազվագյուտ է պատահում պոեզիայի տարեգրության մեջ։ ․․․Այդ պատճառով այն իր շուրջը համախմբում է երիտասարդ, գեղեցիկ, իրենց մեջ բարին կրող մարդկանց։ Նրանց թիվն ավելանում է և ուժերը՝ բազմապատկվում»։
Աշխարհաճանաչողությունը բնության ու դրա անքակտելի մասը հանդիսացող մարդու միջոցով հատուկ է Պետերսի թե՛ չափածո, թե՛ արձակ երկերին։ Նրա պոեզիան ոգով ժողովրդական է, ինքը՝ հեղինակն էլ միշտ ջանում էր կապի մեջ լինել հասարակության ամենատարբեր շերտերի հետ, իմանալ նրանց մտահոգությունները։ Մեծ էր Պետերսի ժողովրդականությունը․ նրա գրական երեկոներին հերթեր էին գոյանում։ Այդուհանդերձ, ինչպես նրա երևելի ժամանակակից Հրանտ Մաթևոսյանն էր ասում, գրողի առաքելությունն է ձևավորել հասարակական-քաղաքական կյանքը։ 1985-1990 թթ․ Պետերսը Լատվիայի գրողների միության առաջին քարտուղարն էր. 1988թ․ հունիսին նա միության պլենումում հանդես եկավ հուժկու ելույթով, ինչը կարևոր նշանակություն ունեցավ Լատվիայի ազգային զարթոնքի (Երրորդ Ատմոդա) համար։ Պետերսը Լատվիայի ժողովրդական ճակատի հիմնադիրներից և առաջնորդներից էր, որը, սակայն, խուսափեց նորանկախ հանրապետության ղեկը ստանձնել։ Լատվիայի անկախացումից հետո մինչև 1997թ․ նա երկրի առաջին արտակարգ և լիազոր դեսպանն էր Ռուսաստանում։ Համոզված լինելով, որ իսկական գրողը սոցիալական հարցերում միշտ սուր միտք պիտի ունենա, զբաղվում էր նաև հրապարակախոսությամբ։ Ըստ նրա՝ «փաստացի, բոլոր ժողովրդավարական երկրներում գրողները ջանում են քննադատել իշխանություններին, իսկ մեծարումը բնորոշ է ամբողջատիրական երկրներին»։
Չնայած ճակատագրի հարվածներին (որդու մահը, առողջության վատթարացումը)՝ նա մինչև իր կյանքի վերջը շարունակել է ստեղծագործել՝ իրեն առաջին հերթին համարելով բանաստեղծ։ Նույնիսկ անդամալույծ վիճակում բանաստեղծություններ է թելադրել կնոջը՝ Բայբային, որի հետ շատ կապված էր։ Կյանքի մայրամուտին ասել է․ «Ես կարոտում եմ իմ ուկրաինացի ընկերներին, ինչպես և վրացի ու հայ բանաստեղծներին։ Ինձ միշտ հետաքրքիր է, թե որտեղ են նրանք, ինչ ճակատագրի արժանացան»։
Յանիս Պետերսը կյանքից հեռացավ 2025թ․ հունվարի 27-ին՝ իր ծովափնյա տանը։ Նրա վերջին կամքի համաձայն հրաժեշտի արարողությանը մասնակցեցին մի քանի ամենահարազատ մարդիկ, որոնցից մեկն էր Ռայմոնդ Պաուլսը։ Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի խոսքերով՝ Պետերսը «իր մտքով ու խոսքի ուժով արթնացրեց» Լատվիայի անկախության շարժումը, իսկ «նրա բառերը հավերժ կմնան մեր հիշողության մեջ․ «Ես իմ հողում ուզում եմ զանգ լինել, որից հավերժ հորդում են նոր երգեր»։
Պետերսն իր փայլուն բանաստեղծական սերնդի վերջին ապրող ներկայացուցիչն էր։ Նրա մահը, իհարկե, մեծագույն կորուստ է, քանզի ամեն մի իսկական բանաստեղծ անփոխարինելի է։ Իսկ Պետերսը բառի ամենաընդգրկուն իմաստով մոդեռնիստ պոետ էր, հումանիստ ու մտավորական, որի ստեղծագործությունները մշտապես հետաքրքրությամբ են ընթերցվել ու կասկածից վեր է, որ հմայելու են նաև ապագայի ընթերցողներին։
Աշոտ Գրիգորյան