Յաշար Քեմալի հիշատակին

«Մարդու համար չկա մահ։ Մարդը սիրո մեջ է ծնվում, մարդը սիրո համար է ծնվում։ Եթե մարդ սիրո համար չէ ծնվում՝ է այդ դեպքում կմեռներ․․․

Մարդը մարդու համար է ծնվում»։

Յաշար Քեմալ

 

***

Աղթամարում նորից պատարագ է։

Վանի հյուրանոցներում էլի տեղ չկա ու այս անգամ դրանք զբաղեցնողները միայն առևտրի ու պարելու եկած իրանցիները չեն։

Աղթամարում նորից պատարագ է։ Այն սովորաբար Սուրբ Խաչի տոնին է նվիրված, թեև բուն եկեղեցական տոնից մեկ շաբաթ առաջ են իրականացնում։ Լավ օր է, հետաքրքիր է, մարդաշատ, ուրախ աղմուկով, աղոթքով, խնկով լցված։ Տարվա մեջ միակ օրը, երբ ես հաստատ չեմ գնա Աղթամար։  

«Կղզու վրա կա մի փոքրիկ քաղաք երկու մղոն շրջագծով, քաղաքն ունի այնքան տարածություն, որքան կղզին։ Այս քաղաքը կոչում են «Արմենիկ», շատ բազմամարդ է, և միայն հայ քրիստոնյաներ են այստեղ բնակվում՝ առանց որևէ մահմեդականի», - 6-րդ դարի սկզբում Աղթամարի մասին է հիշատակում Վենետիկցի մի վաճառական։

«Գագիկ արքան հրաման տվեց բազմաթիվ արհեստավորների և անթիվ մարդկանց կտրել ծանր ու դժվարին վեմ քարեր և գցել ծովի խոր հատակը», - գրում է թագավորի ժամանակակից Անանուն Արծրունին՝ նկարագրելով Գագիկ Արծրունու կողմից արհեստական նավահանգստի և մի ամբողջ նոր Հայոց քաղաքի՝ Արմենիկի կառուցումը, որտեղ տեղավորվում էր մի քանի հարյուր մարդ, Հայոց թագ և այնքան «պատարագ», որքան ուզեինք։

Մենք էինք տեղավորվում, փաստորեն, Աղթամարի ներսում, իսկ հիմա՝ չենք տեղավորվում։ Պատահական չէ, որ տարվա մեջ միակ պատարագի օրն այնտեղ ասեղ գցելու տեղ, խունկ ծխելու անկյուն, տապից էլ մի ստվեր չես գտնում։ Չենք տեղավորվում Աղթամարում, չենք տեղավորվում։ Մեղքը, ինչպես ասում են, մեր վիզը։

Դե լավ, էլ չսկսենք։

Հա, Աղթամարում նորից պատարագ էր։ Իսկ հետո մենք կհեռանանք։ Մեր խենթացած ամբոխներով, մեր՝ անորակ տառեխ կերած լինելու փոքրիկ հպարտությամբ, մեր եկեղեցական ու աշխարհիկ շքախմբերով և մոմ ու հուշանվեր գնելու մեծ պոտենցիալով։ Մենք կհեռանանք, իսկ Աղթամարը կմնա։ Եվ այս պատմության մեջ, թերևս, սա է կարևորը։

***

Ամեն կոթող մի մարդու մասին է, ասում էր իմ ընկեր Սևակը։ Եվ գուցե շատ զարմանաք, բայց Աղթամարն ինձ համար, ամենայն հարգանքով դեպի նախնյաց փառքն ու պատիվը, Յաշար Քեմալի հետ է ասոցացվում։ Աղթամարի երկրորդ ծնունդն ավելի՞ եմ արժևորում կասեք, այդ օտար մարդու հանդեպ պարտքի խորագույն զգացո՞ւմ ունեմ կասեք՝ չգիտեմ։ Հուսամ, որ վերջինիս հոգին ինձ կների, որ ես այդպես էլ չհասկացա ու չգտա նրա՝ կյանքի ու պայքարի զգալի մասը կազմած քրդական շարժման արդարության ուժը, այդպես էլ չդարձա նրա գաղափարակիցը բազմաթիվ կարևորություններում, բայց ես ո՞վ եմ որ չասեմ՝ մեծ, մեծ մարդ էիր, Յաշար Քեմալ։ Որովհետև տեսնել գեղեցիկն ու դրանով հիանալ կարողանալը, վեհին չնախանձելը, մեծագույն արժեքներին քաղաքականության կոշիկով ոտատակ չտալն, ինչ խոսք, մեծ մարդու բան է։

38 մրցանակ ուներ Քեմալը, այդ թվում՝ Նոբելյանի բազմակի հավակնորդ, բայց ինձ համար, ներեցեք սուբյեկտիվության ու սենտիմենտալության համար, դրանցից ամենակարևորը «Գրիգոր Նարեկացի» շքամեդալն է։ Միշտ մտածել եմ՝ ի՛նչ լավ է, որ Հայաստանը հասցրեց շնորհակալություն ասել Յաշար Քեմալին Սուրբ Խաչի համար։ Ի՛նչ լավ է․․․

Հասցրեց․․․ Որպես պետություն՝ հասցրեց։

Եվ ի՞նչ պիտի ասեր ի պատասխան Յաշար Քեմալն այդ պատվավոր անունը կրող հուշամեդալը ձեռքին․․․ Դե իհարկե, տիպիկ յաշարքեմալյան, ես կասեի՝ տիպիկ վանեցու պատասխան պիտի տար․ «Հպարտ եմ, որ Գրիգոր Նարեկացու հայրենակիցն եմ»։

Մի առիթով էլ գրել է․ «Մարդկային աշխարհում տեղը զբաղեցնում է ոչ թե նրա մարմինը, այլ նրա սիրտը»։

1951-ին, երբ Աղթամարի Սուրբ Խաչի ոչնչացումից հինգ էր պակաս, Յաշար Քեմալն ընդամենը քեմալիստական «Ջումհուրիյեթ» թերթի նորելուկ թղթակիցն էր։ Ավելին՝ շատ էր վախենում, որ նման գործերի մեջ թաթախվելով ի հայտ կգա իր քրդական անցյալը, գլխին մի փորձանք կբերի։ Ավելին՝ մինչ այդ շատերն էին ջանացել փրկել եկեղեցին ավերումից, սակայն՝ ապարդյուն։

2015-ին, երբ սիրելի գրողը հեռացավ այս աշխարհից, «Ակօսն» այսպես էր ներկայացրել նրա հուշերը Աղթամարի Սուրբ Խաչի փրկության հետ կապված։

․․․«Բժշկի հետ ճանապարհ ընկանք դեպի Աղթամար կղզի: Վանա լճի ջուրը մոգական է, ժամանակ առ ժամանակ փոխում է գույնը: Փոքրիկ մակույկով հասանք կղզի: Դեռ հերթը չէր հասել Աղթամարի եկեղեցուն, նոր-նոր քանդում էին եկեղեցու կողքին գտնվող փոքրիկ մատուռը:

Կապիտանը հրամայական տոնով ասաց. «Մինչև ես չասեմ՝ ձեռք չեք տալու եկեղեցուն, ես գնում եմ նահանգապետի մոտ…»:

Բանվորները պատրաստակամորեն դադարեցրին գործը: Նրանց գլխավորն ասաց. «Աչքիս վրա, կապիտա՛ն»: Մենք եկանք Վան: Զանգեցինք «Ջումհուրիյեթ»-ի խմբագրություն: Այդ օրը մինչև երեկո սպասեցինք, այդպես էլ չվերցրին հեռախոսը: Հաջորդ օրը կեսօրից կրկին փորձեցինք կապ հաստատել թերթի հետ: Մի քանի ժամ անց պարոն Նադիրը (թերթի գլխավոր խմբագիրը)  մեր կողքին էր: Պատմեցի նրան այն, ինչ լսել էի կապիտանից:

Պարոն Նադիրն ասաց. «Մի տխրեք, պարոն Ավնին է այս գործով զբաղվում: Ես լավ եմ ճանաչում նրան, քաղաքակիրթ մարդ է»:

Ավնի Բաշմանը այդ ժամանակ կրթության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում:

«Երկու օր անց Իլյաս Քիթափչըն («Ջումհուրիյեթի» Վանի թղթակիցը), կապիտան Ջավիդ բեյի հետ եկավ այն հյուրանոցը, որտեղ իջևանել էի: Ավնի Բաշմանը եկեղեցու քանդումը դադարեցնելու մասին հեռագիր էր ուղարկել»․․․

Փրկվեց Աղթամարը։ Չփրկվեց Տեկորը, չփրկվեցին Խծկոնքի չորս հսկաները, չփրկվեց Նարեկավանքը, Առաքելոցը, շատերը․․․ Որովհետև մի երկիր ինչպես չի կարող անխտիր այդքան շատ վատ մարդ ունենալ, այնպես էլ չի կարող մեկից ավելի Յաշար Քեմալ, պարոն Նադիր ու Աղթամարի համար կուրծք ծեծած բժիշկ կապիտան ունենալ։ Չի կարող, հո զոռով չի։

․․․Որովհետև տեսնել գեղեցիկն ու դրանով հիանալ կարողանալը, վեհին չնախանձելը, մեծագույն արժեքներին քաղաքականության կոշիկով ոտատակ չտալն, ինչ խոսք, մեծ մարդու բան է։

Մեծ, մեծ մարդ էիր, Յաշար Քեմալ։

 

Յաշար Քեմալի հիշատակին

Սոֆյա Հակոբյան