Ոչ ոք չի իմանա

Ոչ ոք չի իմանա

Թե

Մայր մտնելուց հետո

Արևն

Ուր կգնա

 

***

Պատեր ենք շարում

Շարում անդադար

Պատեր ամեն տեղ

Ու գրում վրան

Մեծ-մեծ տառերով՝

Ազատ ենք, ազատ։

Մենք

Հոգի ենք ծախում

Ամեն անկյունում

Ամեն պատի տակ

Անունը դնում

մեծ-մեծ տառերով՝

Կյանք։

Մի կյանք ենք ապրում

Մի կյանք անարժեք

Երկիր ենք ծախում

Հոգի ենք ծախում

Որդի ենք թաղում

Հողի համար մեր

Ու էդ հողն ենք ծախում,

Թողնում ռեխում

Արնաքամ։

Խունկն է դեռ ծխում

Մեր ծուխն է մարում

Մենք ի՞նչ ենք ծխում

Մենք ի՞նչ ենք տեսնում,

Որ սա չենք տեսնում։

Պատեր ենք շարում

Շարում անդադար

Պատեր ամեն տեղ

Մեծ-մեծ տառերով

Վրան գրում ենք՝

Պատերազմ`չէ, չենք ուզում։

Մենք անզեն, անատամ

Շուն ենք մի լաչառ:

Ծեծի հետ մեկ-մեկ

Մեզ ոսկոր տվեք

Ոտքերիդ տակ

Մնանք:

Անկռիվ։

Մենք հոգի ենք ծախում

Ամեն անկյունում

Ամեն պատի տակ։

Խունկն է դեռ ծխում...

 

***

Ու կհանդգնեն մարդիկ

Մոռանալ Նրանց

Ում կյանքի գնով

Սեփական կյանքի

Պարտքերն են փակում։

Ու կժպտան մարդիկ,

Ու կապրեն մարդիկ

Մի կուշտ ուտելու համար։

Ու ուտելուց հետո

Ամենը սակայն

Կդառնա ունայն։

Ու սեփական կյանքի

Փոսերը գարշահոտ

Կմնան դատարկ։

Մարդիկ սեփական մարմնի

Ծանրությունը պիտի

Մի կերպ հոշոտեն,

Որ վաղը նորից

Անկողնուց մեղքի

Գլուխը հպարտ

Վեր բարձրացնեն։

 

***

Էս երկիրը հեշտ մեռնողներից չէ։

Մոռացի՛ր։

Եթե նույնիսկ սերում ես նեռից

Իմացի՛ր.

Էս երկիրը հեշտ մեռնողներից չէ։

Էս երկիրը թե ծնկած է,

Ներսից անպայման դավված է։

Էս երկիրը, երբ ծնկած է

Աղոթքն առ Աստված է:

Էս երկիրը հեշտ մեռնողներից չէ.

Քո մահը կտեսնի նա,

Իսկ դու նրանը՝ դժվար:

Թև դու սերում ես նեռից

Վերջին խոսքերդ թող լինեն՝

-Տե՛ր Աստված, ինձ ներիր:

Իսկ ես կաղոթեմ անպայման

Անդադար,

Թեկուզ շալակեմ մեղքը դաժան,

Որ երբեք՝

Ո՛չ այս կյանքում, ո՛չ էլ այն

Ներում չունենաս հավիտյան։

Էս երկիրը հեշտ մեռնողներից չէ։

Ամեն։

 

***

Քեզ սպանել են

Ու սիրուն դագաղում տեղավորել

Առանց իրար հերթ տալու

Գովերգում են դահիճներդ՝

Օ՜հ ինչ հարմար է դագաղդ,

Այնքան նախշուն բառեր են

Կարկուտի նման թափվում ներքև:

Սովորական թաղում է:

Բայց

Նրանք ովքեր

Քո գոյության համար

Պատրաստ էին յուրաքանչյուրի

Կոկորդը կրծել

Հիմա ծանր ու թեթև են անում

Իրենք էլ նույն դագաղի մեջ

Գուցե տեղավորվեն՝

Այնքան հարմար է

Ու այնքան սիրուն։

Ու ի վերջո

Միակ ճշմարտությունը

Էս երկրի վրա

Այն է՝

-Բոլորս էլ մի օր կմեռնենք...

 

***

Իմ հոգնած կոպերի տակ

Փետուրի նման թեթև

դու վալս ես պարում

 

Ու ինձ թվում է տեղ-տեղ

Երևանում այս անտանելի շոգը

Նրա համար է նաև

Որ գիշերներն երկար

Իմ հոգնած կոպերի տակ

Փետուրի նման թեթև

Դու քո վալսը պարես...

 

***

Արի կարկատեմ սիրտդ

Որ էլ աջ ու ձախ չհոսի սերդ

Արի կարկատեմ սիրտդ

Էն ամպերի պես

Որոնք արևում են

Հարազատ դեմքի

Ժպիտներով ծանոթ

Արի գինի խմենք

Ու հիշենք,

իրար

Չենք սիրել

երբեք

Կյանքի նույն պահին

Գոնե։

Բայց սիրել ենք կյանքը

Նույնիսկ մեռնելու պահին։

Ու չենք մեռել մենք

Ու ապրում ենք

գուցե

 

Որ կարկատենք վերքերը իրար

Ամառվա անվերջ ու անտանելի թվացող

Հալվող օրերից հոգնած

Մի երեկո։

 

Շուշանիկ Գյոլչանյան