Անսասան ու անսահման․ Զապել Եսայան
«Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառանգութիւններէն ամէնէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդաւառութեամբ։ Ես վստահ եմ, որ կը պաշտպանենք»․
Զապել Եսայան
Փետրվարյան մի ցուրտ գիշեր՝ 1878-ին, Պոլսի Սկյուտար թաղամասում է ծնվել Զապել Հովհաննիսյանը, ասում են՝ այդ գիշեր ռուսական բանակը հասել էր Սան Ստեֆանո, նույն ինքը՝ այսօրվա Ստամբուլի Յեշիլքյոյ։
«Տունը, ուր ծնած եմ, երկյարկանի, փայտաշէն եւ կարմիր ներկուած սովորական տուն մըն էր, որուն փողոցի վրայ նայող պատուհաններու վարագոյրները գրեթէ միշտ փակ կ’ըլլային, որովհետեւ ճիշդ մեր տան դիմաց կար յոյն նպարավաճառի խանութ մը, որ միեւնոյն ատեն գինետուն էր»․․․, - «Սիլիհտարի պարտեզներ» վեպում հիշում է Եսայանը իր հայրական տունը։
Ապագա գրողի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը, որը փոքրիկ Զապելի մեջ սեր էր սահմանում դեպի ընթերցանություն, ապա՝ ոգևորում որակյալ կրթություն ստանալու հարցում։
Զապելը նախ ավարտում է Սկյուտարի Սուրբ Խաչ Դպրեվանքը, ապա նաև շուրջ մեկ տարի աշակերտում գրող և բանասեր Արշակ Չոպանյանին, որի խմբագրությամբ թերթում էլ իր առաջին գրական գործերն է տպագրում, իսկ 1895-ին հոր հորդորով մեկնում Փարիզ՝ Սորբոնի համալսարանում որպես ազատ ունկնդիր կրթություն ստանալու։ Այսպիսով՝ Զապելը դառնում է արևմտահայ իրականության մեջ համալսարանական կրթություն ստացած առաջին կինը։
Սակայն մինչև այդ, իհարկե, հասցրել էր ունենալ իր կյանքը փոխած այն կարևոր ու հուզիչ հանդիպումը, երբ դեռ պատանեկան տարիներին հյուրընկալվելով Սրբուհի Տյուսաբին, արդեն իսկ որոշել էր գրող դառնալ։ Մինչև Փարիզ հասնելը Զապելը հաջողել էր նաև անդամակցել Պոլսում առաջին արևմտահայ նախակրթարանները հիմնած Գայանե Մատաղյանի գրական սրահին։ Հետագայում հենց այստեղ Զապելը պիտի հանդիպեր ապագա ամուսնուն՝ նկարիչ Տիգրան Եսայանին, ում հետ պսակադրվեցին Փարիզում։
1902-ին Եսայանները վերադառնում են հայրենի Պոլիս, հենց հաջորդ տարում այստեղ է լույս տեսնում Զապելի՝ «Սպասման սրահի մեջ» վեպը։ Սակայն հայրենիքում դժվար նյութական կացության մեջ հայտնված ընտանիքը կարճ ժամանակ անց նորից վերադառնում է Փարիզ։
Զապել Եսայանն այն քիչ իրատեսներից էր, որոնք միանշանակ չվերաբերվեցին Երիտթուրքերի հեղափոխությանը։ Այդ ընթացքում նա նույնիսկ գաղափարական լուրջ տարաձայնություններ ունեցավ նախկինում անդամակցած «Դաշնակցության» հետ և լքեց նրանց շարքերը։ Ի վերջո, ևս մեկ անգամ հայրենիք դառնալով ու նորից Փարիզի ճամփան բռնելով, Եսայանը կարծես որոշել էր այլևս հետ չգալ, մինչդեռ հոր հիվանդությունը նրան նորից Պոլիս է բերում հենց Եղեռնի նախօրեին։
Զապել Եսայանը հայ մտավորականության զագնվածային աքսորի չարաբաստիկ գիշերը՝ 1915-ի ապրիլի 24-ին «սև ցուցակի» միակ կինն էր։ Ապաստանելով նախ հունական մի հիվանդանոցում, ապա թուրք մուսուլման կնոջ հանդերձանքով կարողանում է փախուստի դիմել Բուլղարիա, ապա անցնում Թիֆլիս և Բաքու, ուր նա շարունակել է զբաղվել հայ որբերի խնամքով։ Հետագայում Փարիզ՝ ամուսնու և դստեր մոտ վերադարձած Զապելը կարող էր այնտեղ էլ անցկացնել իր վերջին տարիները, սակայն ԵՊՀ-ի հատուկ հրավերը նրան բերեց Երևան և միաժամանակ ստորագրեց մյուս՝ մահվան երկրորդ ու վերջին դատավճիռը. Եսայանին 1937-ին աքսորում են Սիբիր, պոլսահայ ամենաազդեցիկ կին գրողի սպանվելու վայրն ու օրը մինչև օրս անհայտ են։
Երկար տարիներ մոռացության մատնված նշանավոր գրիչը նորից «վերակենդանացավ» բավականին երջանիկ պատահականությամբ․ 2005-ին Ստամբուլում տեղի ունեցած աղմկահարույց «Հայկական կոնֆերանսի» ժամանակ թուրք գրող Էլիֆ Շաֆաքի մեջբերումներում Զապել Եսայանի անվան հիշատակումը, որն անակնկալի բերեց շատերին, նպաստեց նրա գործերի նորանոր հրատարակություններին և թարգմանություններին այդ երկրում, ապա նաև աշխարհում։
Ինչպես կգրեր Շաֆաքը՝ լինում է՝ չի լինում․․․
Զապելը, որ Սկյուտարից էր
․․․«Այգիներէն անդին, թրքական թաղերն էին հոյակապ մզկիթներով, որոնց սլացիկ եւ ճերմակ մինարէները կ’ընկերանային սեւ նոճիներու։ Հեռուէն կ’երեւէր նաեւ Վոսփորի կապոյտ եւ փալփլուն ժապաւէնը, ուրկէ անդին Սթամպուլի սիլուէթը, որ, առաւօտները վարդագոյն, օրուան մէջ ոսկեգոյն եւ իրիկունները կապտորակ մշուշի մէջ շղարշուած, կը թուէր յարափոփոխ, երանգաւոր ու երազային երկիր մը։
Իմ մանկական աչքերս շլացեր են այն ճաճանչներէն, որոնք մզկիթներու ոսկեզօծ գմբէթներուն վրայ իյնալով լոյսի հրդեհներ կը վառէին. իմ առաջին տեսողական տպաւորութիւններս կրեր եմ այդ գունագեղ եւ միեւնոյն ատեն նրբօրէն երանգաւոր շրջանկարէն, որ խոր ազդեցութիւն գործեր է իմ վրաս։ Դեռ անգիտակից եւ անբարբառ՝ լացեր կամ խնդացեր եմ կրած տպաւորութիւններուս առթած ուժգին յուզումով եւ հետագային, երբ կրկին տեսեր եմ նոյն տեսարանները, զգացեր եմ որ անոնք արդեն տեսնուած ու զգացուած են ինձմէ»։
Եսայանի չափազանց հարուստ արևմտահայերենն ամենաճոխ գույներով և նուրբ ճաշակով է նկարագրում հայրենի Պոլիսը՝ չխնայելով սերն առ հայրենիք։ Քաղաքի ասիական հատվածում գտնվող երբեմնի չքնաղ Սկյուտարը, որը թեև վաղուց կորցրել է իր «եսայանական պատկերը», սակայն Զապելի «Սիլիհտարի պարտեզները» ինքնակենսագրական վեպի շնորհիվ՝ իր հենց այս գույների մեջ Սկյուտարը ոչ միայն քայլ առ քայլ կարելի է զգալ ու պատկերացնել հենց մեկ դար առաջվա ճոխությամբ, այլև հենց այս մեղրի պես ծորացող տողերում ծաղկաշատ, եսայանական Սկյուտարն այլևս կապրի հավերժ։ Որքա՛ն մեծ էր հուզմունքս, երբ իմացա, որ այդ վեպը Եսայանը գրել է ծննդավայրից վերջնականապես հեռանալուց հետո՝ Խորհրդային Հայաստանում։ Հակառակ դեպքում երբեք չէի նկատի այդ տողերի մեջ առկա խորը ցավը, որը հեղինակը հմտորեն թաքցրել է վարդահոտ բառերի և պարզ մարդկային կարոտի արտահայտումների մեջ։
․․․«Կը յիշեմ գարնան առաւօտները, երբ այդ այգիները, Սիլիհտարի պարտէզները, կը դառնային բոցավառ վարդաստաններ։ Այդ վարդերը կը խուժէին տունէն ներս, կը զարդարէին անզարդ սենեակներ, բուրում եւ երանգ կը բերէին ճերմակութիւնով պատած սենեակներու մէջ, կը դառնային խաղալիք երեխաներու ձեռքին եւ անոնց թերթիկները կ’անձրեւէին ամենուն եւ ամէն բանի վրայ։
Կը յիշեմ կլիսիններու գահավիժումը սարփինաներու վրայէն, որոնք պերճ պատմուճաններու պէս կը ծածկէին զառամած տուներու խլխլիկ թշուառութիւնը։ Արեւի լոյսը, մաղուելով սաղարթախիտ ծառերու մէջերէն, կը թափէր գետնի վրայ խուսափուկ պղպջակներով. զով սիւքը փայփայանքի պէս կ’անցնէր մարդոց եւ բոյսերու վրայէն եւ որուն հետ կարծես նազանքով կը խաղային նորածիլ ոստերը»․․․
Պոլսի տարբեր հատվածների հարուստ նկարագրությունները պարտադիր ներկա են և մեկը մյուսին չեն զիջում Զապել Եսայանի գրեթե բոլոր ստեղծագործություններում։
«Նա երբեք որևէ բանի ռոմանտիզացմամբ չզբաղվեց, նրա գրածն ու արտահայտածը երբեք տեսությունների կամ կլիշեների շուրջ չէին։ Ամբողջ կյանքի ընթացքում իր հավատացած փիլիսոփայությանը չդավաճանեց, միշտ մնաց պայքարի մեջ և իր վեպերում ու պատմվածքներում հատիկ-հատիկ ասեղնագործեց այն ճշմարտությունները, որոնք նա հավատում էր», - 2014-ին թուրքական «Բիանեթ»-ի էջերում իր՝ «Հեղափոխություն կերտող մի կյանք․ Զապել Եսայան» հոդվածում գրում է պոլսահայ ժամանակակից հեղինակներից Սարո Դադյանը։
Ի հակառակ վերջինիս՝ Եսայանի գործերն արևմտահայերենից թուրքերեն թարգմանած Մեհմեդ Ֆաթիհ Ուսլուն «Արթը» հեռուստաալիքի «Կնոջ տարբերությունը» հաղորդաշարի թողարկումներից մեկի ժամանակ մատնանշում է եսայանական «հրաշալի մի ռոմանտիզմի» և 20-րդ դարասկզբի համար «հարուստ, հզոր և ապշեցուցիչ գեղեցիկ» գրականության մասին, որը կերտում էր պոլսահայ Զապել Եսայանը։ Միևնույն ժամանակ նաև շեշտելով կին գրողի մոդեռնիստական ոճը, Ուսլուն համոզված է, որ Եսայանը, բավականին երկար ժամանակ անցկացրած լինելով Փարիզում, էապես ազդված էր ֆրանսիական գրականությունից և ժամանակի օսմանյան ու պոլսահայ իրականության համար շատ առաջադեմ և ամենից զատ՝ բավականին համարձակ գրականություն էր ստեղծում։
Եսայանական ֆեմինիզմի «Վերջին բաժակը»
«Եւ ինչո՞ւ ամչնալ յաղթանակէ մը, որովհետեւ վերջապէս ամենամեծ յաղթանակը մարդուս իր սեպհական երջանկութիւնը գտնելը չէ՞»․ Զապել Եսայանի ամենաաղմկահարույց և միևնույն ժամանակ ամենազորեղ համարված գրքի՝ «Վերջին բաժակ»-ի հերոսուհին՝ Ադրինեն, որի միջոցով Եսայանը վեր է հանում կանանց հուզական աշխարհի ամենախոցելի, ամենազորեղ և միաժամանակ ամենաշատ պաշտպանության կարիք ունեցող ձայները, եկավ տակնուվրա անելու կնոջ երջանկության, ձգտումների և դերի մասին պոլսահայ ավանդական պատկերացումները։
«Վերջին բաժակ»-ը, որը ժամանակի Պոլսի մամուլի համար չափազանց համարձակ և խնդրահարույց գործ էր, արևմտահայ գրական աշխարհում անխոս ու աներկբա համարվեց Եսայանի գրական գլուխգործոցը։
Սիրո եռանկյունու մեջ հայտնված Ադրինեի խոստովանական նամակներից բաղկացած վեպը իսկապես հեղափոխական էր, իսկ Եսայանի գրչի նրբանկատությունն ու կորովը միաժամանակ շարունակում է կնոջ հոգու նորանոր շերտեր բացել նույնիսկ մեր ժամանակներում․
․․․«Բնազդո՞վ թէ գիտակցութեամբ՝ ամենէն նուիրական օրէնքները համարեր էի անոնք որ իմ էութեանս խորքերէն, իմ իսկութենէս կը հետեւէին եւ վերագնահատելով իմ ապրած օրերս, գոհ էի ինքզինքէս։ Տարօրինակ խաղաղութիւն մը եւ հանդարտութիւն մը զիս ողողեց եւ իմ կեանքիս գեղեցիկ օրուան վերջաւորութեան նայեցայ առանց վրդովմունքի եւ առանց ցաւի»։
Որքան «Զապել» կար Ադրինեի մեջ, արդյո՞ք նրա անձնական կյանքի ծածուկ մանրամասնություններն այլաբանորեն արտահայտված էին այդ վեպում, թե ոչ՝ մեկ դար անց էլ այս քննարկումները չեն դադարել․ չէ՞ որ գրողը կին է․․․
Զապել Եսայանի ամենամեծ նվաճումն ու այդքան մեծ ճանաչում ձեռք բերելու «նյութը», թերևս, հենց այստեղ է թաքնված․ անսասան և անկաշկանդ մնալու իր գրչի, մտքի և դրա ազատության հանդեպ։
․․․«Ահաւասիկ իմ երիտասարդութիւնս անցնելու վրայ է եւ ես, կարելի է ըսել թէ իմ կեանքս ապրեցայ։ Իմ հոգիս ճանչցաւ մարդկային զգացումներու ամենաբարձր եւ զանազան յուզումները։ Ամեն ինչ ուրիշի մը կեանքին մէջ տափակ ու գռեհիկ պատահար մը պիտի ըլլար, իմ մէջս, շնորհիւ բնական տրամադրութեան մը, դարձաւ հրաշագեղ երազ մը, կամ հրահրուած բոց մը, կամ շողշողուն երկնակամար մը։ Ես իմ հոգւոյս մէջ որոնեցի եւ գտա այն գոհարները, որոնցմով զարդարուեցաւ կեանքս եւ քանիցս յաղթանակեցի ժամանակին եւ միջոցին, քանի որ պահեր եղան, ցաւի կամ ուրախութեան պահեր, որոնց միջոցին հոգիիս թեւաբախումները զգացի յաւիտենականութեան մէջ»։
Զարմանալի ու հետաքրքիր է, բայց Եսայանը երբեք իրեն չի համարել ֆեմինիստ։ Ավելին՝ երբեմն նույնիսկ մտահոգություն է հայտնել, որ պոլսահայ կանայք իրենց պայքարը այդ բառով չպետք է կոչեն, քանի որ կարող են «սխալ հասկացվել»։ Եսայանի ամենամեծ «ֆեմինիզմը» փաստացի հենց նրա՝ ինքնազարգացման և մշտական աճի մղման ու կանացի երջանկությունը հենց դրա մեջ փնտրելու քարոզն է, ինչպես նաև ապրած կյանքի և տողերի մեջ պարզ, անթաքույց նստած անկախության և ինքնաբավության հոգևիճակը, որը նա երբեք չի փորձել կոծկել կամ արդարացնել։
Իր հոդվածներում և անգամ վեպերում նա հաճախ է նշել, որ չի կարծում, թե կանանց կրթության իրավունքի իրացմամբ կանանց իրավունքների խնդիրները կարող են համապարփակ լուծում ստանալ։ Ըստ նրա՝ խնդիրներն ավելի խորն են և համակարգային։
Եթե հաշվի առնենք նաև, որ 20-րդ դարակսզբի Օսմանյան կայսրությունում և այսօրվա իրականությունում ֆեմինիզմը նույն հասկացությունը չէ՝ ավելի լավ կհասկանանք Եսայանի այս պնդումը։
Մյուս կողմից՝ ակնհայտ է նրա անվստահությունը որոշ շրջանակների հանդեպ, որոնք այդ ժամանակների Պոլսում փորձում էին կանանց շարժման կողքին երևալ և որոնց անկեղծությանը Եսայանը, մեղմ ասած, չէր հավատում։ Այսպես մի առիթով նա գրում է․
«Այդ շրջանին ատելութիւն զգացումը ուժեղ էր իմ մէջ, ամէն տեղ և ամէնուն մէջ կը տեսնէի հակասութիւններ, աններդաշնակութիւն խոսքի և գործի մէջ և խորապէս կը տառապէի. Յովհ. Շ. «Հայրենիք» -ի մէջ կը պաշտպանէր կնոջ ազատութիւնը և մտերմական խոսակցութեան մէջ աղջկայ մը համար կ՝ըսէր թէ պատշաճութեան զգացում չունի, որովհետեւ օր մը գործի համար մինակը եկեր էր խմբագրատուն։ Թերթի մէջ որ լիպերալներու օրկանը կը համարվէր, կը գրէին ապահարզանի իրավունքների մասին ռազմաշունջ հոդվածներ և միւս կողմանէ կը բամբասէին կիներու մասին որ այրի հազիվ՝ հետո կրկին ամուսնացեր էին կամ տեսնուէր էին այրի մը հետ. Սիպիլ՝ իրենց թանկաքին աշխատակցուհին էր, բայց չէին վարաներ իր բարքերը քննադատելու ամենախիստ որակումներով. Նոյնիսկ ծաղրով, որովհետեւ դժբախտ ամուսնութենէ մը հետո՝ երբ ամուսինը, Անկարա էր իր գործով, ինքը Պոլսոյ մէջ սիրային բարեկամութիւն կը մշակէր արդեն Հրանտ Ասատուրի հետ»։
Իր՝ «Կնոջ հարցը» հայտնի հոդվածում Եսայանն էսպես է արտահայտվում ֆեմինիզմի մասին․
«Յայտնի է թէ ամէն դարու եւ ամէն երկրի մէջ, ի՛նչ որ ալ ըլլայ ընկերական վիճակը եւ միջավայրը, կին մը՝ երբ արտասովոր մտաւորական ոյժ մը ունի, առիթը կը գտնէ ինքզինքը արտայայտելու եւ իր կարողութիւնը յարգել տալու։ Féminisme-ը ամէն ցեղի մէջ միջակ կարողութեանց համար նշանակութիւն ունի. անիկա ընդհանուր մակարդակը կը բարձրացնէ, բայց մոռնալու չէ թէ անիկա կ’արտադրէ նաեւ երբեմն միջակ եւ թեթեւակի կրթութիւն մը, որ շատ անգամ կը պատճառէ ծիծաղելի ծայրայեղութիւններ»։
Ադանան․․․
1909 թվականի Ադանայի մեծ ողբերգությունից հետո Զապել Եսայանը մաս է կազմում Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից Կիլիկիա գործուղված հատուկ պատվիրակության, որոնք պետք է գնահատեին ջարդված և ունեզուրկ ժողովրդի, հատկապես որբերի և այրիների կարիքները։
Այս ճամփորդությունը հետագայում շատ բան պետք է փոխի ոչ միայն Զապել Եսայան մարդու, այլև գրողի կյանքում։ Երեք ամիս Ադանայում և մերձակայքում անցկացրած Եսայանը 1911-ին Ստամբուլում առաջին անգամ պետք է հրատարակեր «Աւերակներուն մէջ» գիրքը, որը ներկայացնում էր նրա կիլիկյան ծանր հուշերը և կարևոր վկայությունները։ Շուրջ մեկ դար անց գիրքը թարգմանվեց թուրքերեն, որը լույս ընծայեց «Արաս» հրատարակչությունը:
․․․«Երբ առաջին անգամ տեսայ այդ հարիւրաւոր տժգոյն, մռայլադէմ որբերը, հակառակ ըրած գերմարդկային ջանքերուս չկրցայ ըմբռնել իրենց դժբախտութեան ամբողջութիւնը, ու մինչեւ այսօր այդ բանն անկարելի եղած է ինծի համար. մանրամասնութիւններ կամ մասնակի պատկերներ կ՚երեւան մտքիս, բայց երբեք չեմ կարող հաշուել այն անսահմանելի, այն արիւնոտ պատմութեան գումարը, որ իւրաքանչիւր տղու գլուխ կը ներկայացնէ: Երկար ատեն ես չէի կրնար զբաղիլ իրենցմէ իւրաքանչիւրով: Շփոթ, տարտամ անսահմանելի եղերերգութիւն մըն էր որ այդ դեռ զարմացած, դեռ չապրած, դեռ չհասկցած մանկական նայուածքներու ամբողջութիւնը կ՚արտայայտէր: Այն նախճիրը, այն թափուած արեան հոսանքը, կրակին ու դաշոյնին մէջ բռնուած խելայեղ մարդկութեան մը յուսահատութիւնը` իմ հասկացողութեանս սահմանէն դուրս կը մնար եւ այսպէս եղած է, կը կարծեմ, ամէն մարդու համար»։
Սակայն միայն իր ազգի տառապանքները չէին, որ այդքան ցավ էին պատճառում Եսայանին այդ շրջանում։ Զապելը, որը մինչև այդ իսկապես հավատում էր օսմանյան քաղաքացիների ընդհանուր ապագային, մեծ հոգեկան և գաղափարական հարված է ստանում այս ժամանակ։ Կարելի է համարձակվել անգամ նրա գրական կյանքը բաժանելու Ադանայից առաջ ու հետո-ի։ Ադանայի հետքերը հստակ երևում են նրա հետագա վեպերում և ակնհայտ դարձնում, որ կին գրող լինելուց զատ նա ստիպված դառնում է նախևառաջ հայ կին գրող։
Սոֆյա Հակոբյան
Դիտումներ: 167
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։