Gyumri Art Week․ Ձևավորելով և ձևակերպելով Գյումրու արվեստային ապագան
Ժամանակակից արվեստի Gyumri Art Week միջազգային փառատոնն օգոստոսի 7-20-ը Գյումրիում էր համախմբել ժամանակակից արվեստի դաշտի տարբեր ներկայացուցիչների թե՛ Հայաստանից, թե՛ ամբողջ աշխարհից։ 5-րդ հոբելյանական Gyumri Art Week-ը Գյումրիում հյուրընկալեց արվեստագետներ՝ Հայաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Կանադայից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից։ Փառատոնի համադրողներն էին՝ Սարգիս Հովհաննիսյանը (Gyumri Art Week), Նազարեթ Կարոյանը (ICA), Վիկտորիա Իլյուշկինան (CYLAND), Գոռ Մարգարյանը (Muthesius), Յան‑Նիկլաս Թապեն (Kunstakademie Münster), Կարեն Բարսեղյանը (Ասլամազյան քույրերի պատկերասրահ)։
Gyumri Art Week 2026-ը կրում էր «Քաղաքը և ժամանակը» խորագիրը՝ ուսումնասիրելով քաղաքը որպես տարածք, որտեղ անցյալը, ներկան և ապագան հատվում և շարունակաբար վերաձևավորում են միմյանց։ Միջազգային փառատոնի այս տարվա թեման առանձնահատուկ հնչեղություն ստացավ Գյումրիի համատեքստում, որտեղ Գյումրին ոչ միայն փառատոնի անցկացման վայրն էր, այլև կենդանի հետազոտական դաշտ, որի միջոցով փորձ արվեց ուսումնասիրել ժամանակի և քաղաքի փոխհարաբերության բազմազան դրսևորումները։

Գյումրին, որպես կենդանի մշակութային տարածք
Gyumri Art Week-ն ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեկ շաբաթ շարունակ ներկայացրեց ժամանակակից արվեստն իր բոլոր դրսևորումներով՝ նոր մեդիա, ցուցահանդեսներ, պերֆորմանսներ, վիդեոարվեստ, ինստալյացիաներ, այցելություններ արվեստանոցներ, պանելային քննարկումներ, հանրային տարածքներում իրականացվող արվեստային գործողություններ։
Վերաիմաստավորելով քաղաքային հիշողությունը, փոխակերպումները և ապագայի նոր պատկերացումները, փառատոնի շրջանակում՝ Հաղթանակի այգում տեղի ունեցավ Մկրտիչ Մաթևոսյանի խոսող քանդակ-ինստալացիայի բացումը, որը փառատոնի գեղարվեստական ղեկավար Սարգիս Հովհաննիսյանի բնորոշմամբ Գյումրիում հիմք է դնում ուրիշ տեսակ մտածողության, այն է՝ ժամանակակից արվեստի ներկայությանը մեզ հետ և մեր շուրջ։
«ՀԸԲԸ»-ն հայոց այբուբենի 40-րդ տառի երևակայական շարունակությունն է։ Այն խորհրդանշում է Գյումրու ինքնատիպ խոսքը, հումորը, մտածողությունը և մշակութային ինքնությունը։ Խաղային և հեգնական ձևով նախագիծն առաջարկում է վերաիմաստավորել այբուբենը ոչ թե որպես ավարտուն համակարգ, այլ որպես կենդանի մշակութային տարածք, որը շարունակաբար ձևավորվում է մարդկանց, քաղաքների և ժամանակի ազդեցությամբ։ «40-րդ տառը» դառնում է Գյումրու խորհրդանշական նշանը՝ քաղաքի ստեղծարար ոգու, լեզվական յուրահատկության և անվերջ ինքնավերաստեղծման արտահայտությունը։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սարգիս Հովհաննիսյանի տեսլականն է՝ ապագայում Գյումրու մասին խոսեն ոչ թե որ այնտեղ եղել է ժամանակակից արվեստի փառատոն, այլ որ Գյումրին ժամանակակից արվեստի քաղաք է։ «5 տարի առաջ փառատոնը սկսվեց որպես գաղափար՝ ստեղծելու միջազգային հարթակ որտեղ ժամանակակից արվեստը կհանդիպի Գյումրիին, իսկ Գյումրին՝ աշխարհին։ Այսօր արդեն կարող ենք փաստել, որ այդ գաղափարն իրականություն է, և փառատոնը միավորում է արվեստագետների, համադրողների, ճարտարապետների և այլ մասնագետների, որոնք մեկ շաբաթ շարունակ Գյումրին դարձրեցին համաշխարհային արվեստի երկխոսության շատ կարևոր կանգառ»,-ասում է Ս․ Հովհաննիսյանը: Նրա կարծիքով փառատոնի կարևոր առաքելությունը՝ նոր գաղափարների շուրջ արվեստագետների միջև ազատ երկխոսություն ձևավորելն է, հաղորդակցություն ստեղծելը, իսկ փառատոնը կարող է դառնալ ժամանակակից արվեստի կարևոր հարթակ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար։
Այս տարի փառատոնը նաև ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվեց, 2025թ-ի դեկտեմբերին արվեստի դաշտում գործող 12 հաստատություններ միավորվեցին Gyumri Art Week-ի շուրջ՝ նպատակ ունենալով փառատոնը և նրա գործունեությունը դարձնել ինստիտուցիոնալ, ինչը ըստ Ս․ Հովհաննիսյանի հնարավորություն է տալիս ունենալ․ «Մեկ զարգացող արվեստային համայնք։ Մեկ ընդհանուր տեսլական՝ Գյումրիում ժամանակակից արվեստի ապագայի համար»։

Հրահրել և կառավարել ժամանակակից արվեստի զարգացման պրոցեսները
Gyumri Art Week-ի Խորհրդի կազմում է նաև Ժամանակակից արվեստի ինստիտուտը։ ԺԱԻ տնօրեն Նազարեթ Կարոյանն ասում է՝ ինքը սիրում է խոսել ոչ թե բովանդակությունների, այլ կառուցվածքների ու գործառնությունների մասին, օրինակ թե այդ կառուցվածքն ինչքանով է կայուն և որքանով է գործուն։ «Այդ տեսանկյունից, դեռ անցած տարի մեր ինստիտուտը որոշեց Gyumri Art Week-ին մեր մասնակցությունը բերել ոչ թե պարզապես բովանդակություն ստեղծելով, այլ գծել ընդհանուր ռազմավարական պլան, որպեսզի Gyumri Art Week-ը կարողանա առաջ գնալ, իսկ դրա արդյունքը խորհրդի ստեղծումն էր»,-ասում է Ն․ Կարոյանն ու նկատում, որ հաջորդ Gyumri Art Week-ի աշխատանքները կսկսեն հենց այս տարվա սեպտեմբերից, երբ որոշեն հաջորդ տարվա համադրողին. «Գլխավոր համադրողը պետք է այդ տարվա փառատոնի թեման, կոնցեպտը մշակելու, ուղղորդումներ տալու համար, որի շրջանակում էլ բոլոր մասնակիցները կներկայացնեն իրենց նախագծերը։ Մոտավորապես նման է Վենետիկի բիենալեի կառուցվածքին, երբ կա ընդհանուր համադրող իր թեմայով և կան ազգային տաղավարներ, որոնք արձագանքելով թեմային մշակում են իրենց ազգային տաղավարների կոնցեպտները»։

Անդրադառնալով ձևավորված Խորհրդի առաքելությանը, Կարոյանն ընդգծում է, որ Խորհրդի նպատակը չի լինելու միայն հաջորդ տարվա Gyumri Art Week անելը, այլ երկարաժամկետ ձևով նպաստել Գյումրու արվեստային, մշակութային ենթակառուցվածքների վերանորոգմանն ու զարգացմանը, մասնավորապես բարենորոգել կերպարվեստին, ժամանակակից արվեստին առնչվող տարածքները, սրահները՝ ներգրավվելով գյումրեցիներին, երիտասարդներին, ամբողջ համայնքին։ «Մեծ հաշվով Սարգիսի գաղափարը կենդանի պահելն է, մերը՝ իրեն թողնել, որ ինքն իր գաղափարը տնօրինի, բայց դրանից բացի պետք է նաև ընտրենք, գտնենք համադրողներ, որպեսզի այդ մարդիկ իրենց անձնական փորձով, նոր գաղափարներով նոր լիցք բերեն, իսկ Gyumri Art Week-ի ամեն մի թողարկումը թարմ լինի։ Միաժամանակ պետք է փորձենք մեծացնել դրամահայթայթման հնարավորությունները, որովհետև այն, ինչ արվում է՝ սուղ միջոցներով է արվում։ Եվ դրա համար շատ կարևոր է ինստիտուցիոնալ մոտեցումը, որը ոչ միայն հրահրում, այլև կառավարում է ժամանակակից արվեստի զարգացման պրոցեսները»։
Նազարեթ Կարոյանը փառատոնի շրջանակում 2 ցուցահանդես էր համադրել, մեկը Գյումրիում՝ Նվարդ Դալյանի հեղինակած «Քարերի հիշողությունը» նախագիծն էր, որը ներկայացնում է Գյումրու 19-րդ դարի այն շենքերը, որոնք մասամբ ավերվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքով։ Մյուսը՝ Երևանում «Ասա՝ ասեմ․ Վահան Թոփչյանը և գծանկարը» ցուցահանդեսն էր, որը մեկ ամիս կցուցադրվի ԺԱԻ-ում։

Վրաց ժամանակակից արվեստի «Զմայլանքն» Ասլամազյան պատկերասրահում
Gyumri Art Week-ին Վրաստանից ժամանած երիտասարդ արվեստագետների խմբակային ցուցահանդեսը Ասլամազյան քույրերի պատկերասրահում կրում էր «Զմայլանք» խորագիրը։ Մասնակիցները Թբիլիսիի Ազատ համալսարանի VA[A]DS՝ Տեսողական արվեստի, ճարտարապետության և դիզայնի դպրոցի շրջանավարտներն ու ներկայիս ուսանողներն էին։
Աշխատելով բազմազան մեդիաներով և անդրադառնալով տարբեր թեմաների՝ նրանց ստեղծագործությունները թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն առնչվում էին այս տարվա փառատոնի՝ «Քաղաք և ժամանակ» թեմային։ Գեղանկարչության, տպագրական տեխնիկայի, անիմացիայի, ձայնի, քանդակի, ինստալացիայի և ճարտարապետական գծանկարի համադրությամբ ցուցահանդեսն ուսումնասիրում է, թե ինչպես են անհատական և հավաքական փորձառությունները ձևավորվում քաղաքային միջավայրերի և դրանցում պահպանված հիշողությունների ազդեցությամբ։
Մասնակից արվեստագետները «Քաղաք և ժամանակ» թեմային մոտեցել էին տարբեր տեսանկյուններից՝ ընտանեկան պատմությունների և սերունդների միջև կապերի, քաղաքով անցնող առօրյա երթուղիների, թվային ինքնությունների, ճարտարապետական ձևերի, անձնական ծեսերի, մասնատված հիշողությունների և երևակայական աշխարհների միջոցով։

Ցուցահանդեսի համադրող Իրենա Պոպիաշվիլին ասում է՝ ընտրել է տարբեր ձեռագրերով արտիստների, որոնք յուրովի են բացում թեման։ «Թբիլիսին, ինչպես Երևանը կամ Գյումրին, անընդհատ փոխվում է, չկա մի թաղամաս, որտեղ միաժամանակ պատմության, ժամանակի մի քանի շերտեր պահպանված լինեն,-ասում է Պոպիաշվիլին ու ընդգծում, որ արվեստագետներն էլ տարբեր կերպ են արձագանքում այդ փոփոխություններին,- օրինակ այս ցուցահանդեսին ներկայացված գործերից մեկն անդրադառնում է ժամանակի գործոնին, թե ինչպես է ժամանակը փոխազդում մի քանի սերունդների հետ։ Մյուս նախագծում տղան ցույց է տալիս այն դիագրաման, թե ինչպես է քայլում քաղաքում, ֆիզիկապես ինչ է զգում, երբ դժվար է տեղաշարժվել քաղաքում հատկապես հիմա՝ այս ուրբանիզացիայի պայմաններում»։
Սա առաջին համագործակցությունն է Gyumri Art Week-ի հետ, ինչն իր համար շատ կարևոր է, իսկ Սարգիս Հովհաննիսյանի հետ ծանոթացել է այս տարի գարնանը, երբ նա Gyumri Art Week-ի արտիստներին նեկայացնում էր Tbilisi Art Fair-ին․ «Ինձ համար շատ կարևոր է այս այցելությունը, որպեսզի արտիստները ճանաչեն միմյանց, տեսնեն ինչպես են մարդիկ այստեղ ապրում, ստեղծագործում, և որ մեր մասին հենց մենք պատմենք ու միմյանց մասին պատկերացումները չսահմանափակվեն հայերի ու վրացիների մասին անեկդոտներով»։

Բիո/լենդ արտ․ Ստեղծել ոչ թե արվեստ, այլ աշխարհներ
Փառատոնի շրջանակում Ալեքսեյ Մանուկյանի Ստուդիա այցը բացառիկ հնարավորություն էր ծանոթանալու արվեստագետի ստեղծագործական միջավայրին, ընթացիկ նախագծերին, աշխատանքային գործընթացին և այն գաղափարներին, որոնք ձևավորում են նրա արվեստային պրակտիկան։
Ալեքսեյ Մանուկյանը ժամանակակից հայ արվեստագետ է, որն ապրում և ստեղծագործում է Գյումրիում։ Նրա աշխատանքները հետազոտում են հիշողության, ինքնության, քաղաքային միջավայրի և նյութական մշակույթի փոխհարաբերությունները՝ համադրելով գեղանկարչությունը, ինստալացիան և այլ ժամանակակից արվեստային մեդիաներ։
«5-րդ հարկի շարժումը մեկնարկեց հենց այս տարածքից՝ 5-րդ հարկի իմ արվեստանոցում ու քանի որ այստեղ էին այդ գաղափարները մշակվում, քննարկվում, խմբի անունն էլ մնաց «5-րդ հարկ», բայց թե խումբը, թե արվեստանոցը իրարից անկախ են ու տարբեր»,-ասում է Մանուկյանն ու նկատում, որ 2016-ին փակեց «5-րդ հարկ»-ի արվեստանոցն ու տեղափոխվեց բացօթյա իր արվեստանոցը, որտեղ էլ հիմնականում ստեղծագործում է։

«Ես արվեստ չեմ ստեղծում, այլ՝ աշխարհներ, ու այդ պրոցեսը հիմնականում տեղի է ունենում տարբեր ձևաչափերով ու տարբեր տեղերում, հիմնական սինթեզը՝ տարբեր գաղափարներ, պատկերացումներ․ գիտություն, արվեստ, տեխնոլոգիաներ։ Այդ աշխատանքների մի մասը գտնվում է բացօթյա արվեստանոցում, որտեղ ես բիոօրգանիզմներ եմ աճեցնում հատուկ տարաների մեջ և այստեղ որոշ գործեր կան, որոնք պետք է համադրվեն այդ բիոօրգանիզմների հետ»,-ասում է Ա․ Մանուկյանը, որի այսօրվա արվեստը՝ բիո-լենդ արտը ուղղակիորեն կապված է գիտության և տեխնոլոգիաների հետ։
«Արվեստը զուտ ինքն իրենով կարող է նաև ժամանացային բան լինել, բայց ես փորձում եմ ավելի խորացնել արվեստի բովանդակությունն ու իմաստը, որովհետև այդ մշակութային համատեքստում մարդն իր աշխարհով, փնտրտուքներով, կայանալով, կայացնելով այդ պրոցեսները գալիս է մի կետի, որտեղ փորձում է սինթեզել տարբեր դիսցիպլինաններ, ուղղություններ։ Կան նկարիչներ, որ մի ամբողջ կյանք հավատարիմ են մնում կտավին, բայց ինձ մոտ եկավ մի պահ, որ թուղթը, կտավը, յուղաներկն ինձ այլևս չէին բավարարում, և ես ձայն էի ուզում լսել, դա ինձ համար փոխակերպման ժամանակաշրջան էր, երբ գրաֆիտով թղթի վրա գիծ էի քաշում՝ երկաթի ձայն էի լսում։ Հետո սկսեցի շրջակայքից երկաթ հավաքել ու այս շարքը, որ կոչվում է «Մուրճով ծեծվածները», հենց դրա արդյունքն է»։
Ալեքսեյ Մանուկյանն արվեստ է եկել օրթոպեդիայից, առաջին մասնագիտությամբ օրթոպեդ-պրոտեզիստ է, մի հանգամանք, որն արձագանք է գտել նաև իր արվեստում․ «Ես հիմա վերականգնում եմ իմ մարմնի, ձեռքի օրթոպեդիկ հիշողությունները, որը զուգահեռաբար փորձում եմ բերել արվեստի դաշտ ու այլ ձևերով սինթեզել գիտությանը։ Այս գործերում հենց այդ հիշողությունն է, որը միշտ ինձ ուղեկցում է և շատ ռեֆլեքսիվ է աշխատում թե այդ կապը, թե իմ մարմնի հիշողությունը»։

Միահյուսելով զգայական փորձառությունը, շարժումը, լռությունը և տարածությունը
Փառատոնի մասնակից արտիստների շարքում էր Ավստրիայում ծնված, Հռոմում բնակվող ճանաչված մուլտիմեդիա արվեստագետ, վիզուալ արտիստ՝ Ռեգինա Հյուբները, որն իր աշխատանքները ցուցադրում է 90-ականներից ի վեր՝ համադրելով փորձարարական լուսանկարչությունը, ֆիլմը, տեսանյութը և պերֆորմանսը: Նրա եզակի, տեղանքին հատուկ արվեստի գործերը փոխազդում են իրենց միջավայրի և դիտողների հետ՝ ներառելով բնական և արհեստական տարրեր: Հյուբների թեմաները ուսումնասիրում են կյանքի, հարաբերությունների և համընդհանուր հասկացությունների միջև առկա կապերը:
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ներկայացված Ռեգինա Հյուբների «Եվա» վիդեո արտը հետազոտում է մարդու, մարմնի և տարածության փոխհարաբերությունները՝ ստեղծելով պոետիկ ու մեդիտատիվ պատկերային միջավայր, որտեղ միահյուսվում են զգայական փորձառությունը, շարժումը, լռությունը և տարածությունը։
Ռեգինան ուսումնասիրում է կարեկցանքի փոխակերպող ուժը, մեկ ուրիշի զգացմունքները հասկանալու և կիսելու ունակությունը: Այս կապը համադրվում է արարման և ոչնչացման ներքին երկվությունների հետ, թեմաներ, որոնք ներթափանցում են Հյուբների գրեթե բոլոր աշխատանքներ:

«Եվա»-ն մարդու էմոցիոնալ սահմաններն է ուսումնասիրում, թե ինչպես կարող ենք ապրումակցել, ինչքանով կարող ենք տալ ու վերցնել, սա որքան էմոցիոնալ, նույնքան էլ կոնկրետ գործողություն է ենթադրում։ Օրինակ՝ ինչպես է Գյումրին, 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո վերականգնվում, վերակառուցվում։ Հենց այդ ներքին և արտաքին ավերվածությունների գործոնով պայմանավորված որոշեցի Gyumri Art Week-ին ներկայացնել այս աշխատանքը։ Ես երբեք չէի եղել Գյումրիում, բայց գալով տեսա, թե ինչքան ինտերնացիոնալ քաղաք է, այստեղ խոսում են ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, անհավատալի է, այս օրերին Գյումրին դարձել է աշխարհի կենտրոնը»,-նշում է Ռեգինան ու նկատում, որ այս տարվա փառատոնի թեման ակտուալ է նաև աշխարհի մասշտաբով։
«Տնտեսական հարաբերությունները խժռել են մեծ քաղաքները, գլոբալիզացիան ամենուր է՝ քաղաքում, արվեստում, մարդկային հարաբերություններում, մինչդեռ արվեստը դառնում է արվեստ, երբ իրեն տեսնում են»,- հույս և համոզմունք է հայտնում Ռեգինա Հյուբները։

Gyumri Art Week-ի այս տարվա «Քաղաքը և ժամանակը» խորագիրն իր բազմաշերտությամբ ու ներգրավված արվեստագետների մասշտաբով անդրադարձավ այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ քաղաքային հիշողությունը և մոռացությունը, առօրյա կյանքի ռիթմերը, քաղաքային փոխակերպումները, ժառանգության և զարգացման հարաբերությունները, հանրային տարածքները, համայնքային փորձառությունները, ինչպես նաև քաղաքի հնարավոր և երևակայվող ապագաները, այդ թվում և մասնավորապես՝ Գյումրիի օրինակով։
Սոնա Ադամյան
Դիտումներ: 194
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։