Համշենն ու իր «հեքիյան»․ կյանքն ու ճիշտը սարն ի վեր
2015-ի մայիսի վերջն էր, ուղիղ 11 տարի առաջ ճիշտ այս օրերը, երբ երկրորդ անգամ «ընկա» Համշեն։ Բաթումի ճոպանուղու ներքևի կանգառից մեզ դիմավորեցին նրանք` այն անուշ ու «միամիտ» հայերենը խոսող մարդիկ` մեր համշենցի ընկերները և միասին անցանք սահմանը։
-Ո՞ւր եք գնում, - եղավ թուրք սահմանապահի հարցը, որին մեր ընկերներից մեկը թույլ չտվեց, որ ինքս պատասխանեմ։
-Իմ հյուրերն են, - ասաց և, շուռ գալով դեմքը դեպի ինձ, այլայլեց այն, - կարծես հոր դուքյանն է, ի՞նչ հարց է տալիս․․․
Ես, ում բնավ չէր խոցել սահմանապահի հարցը, ժպտալով առաջ անցա և մի քանի ոտք այն կողմ ահա Խոփայում էի։ Երեկո էր և Սև ծովը, որը ես այդպես էլ չսիրեցի, կատարում էր իմ կյանքում իր միակ գործառույթը` զով էր փչում և վառ հիշողություններ առաջացնում։
-Մի կտոր հաց ուտենք` նոր գնանք, - պարոն Ալին, որն այդքան զուսպ էր արտահայտում հայության հետ իր կապն ու մեզ տեսնելու ուրախությունը, մեքենան կանգնեցրեց փայտաշեն սրահներով ռեստորանի բակում։
Քյազմ Քոյունջուի` ռեստորանի ամենաերևելի տեղում կախված նկարը միանգամից պատասխանում էր շատ հարցերի. համշենցի են, սիրում են երգել և չեն մոռացել բարբառը։
-Քյազմ Քոյունջուն համշենցի չէ, լազ է, բայց առաջինը նա է հանրային կերպով Համշենի բարբառով երգ ձայնագրել, նպաստել տեղի հայերի շրջանում մայրենիով ստեղծագործելուն, երգեր լսելուն, չմոռանալուն։ Համշենցիները նրան շատ են հարգում և հաճախ են նկարը կախում իրենց հաստատություններում, - պարզ երևանյան հայերենով բացատրեցի գործընկերուհուս` Մերիին և դառնալով պարոն Ալիին և Կորյունին` թույլտվություն հարցնելու պես ասացի.
-Ճի՞շտ էի...
-Հա, սաղ էլլիս ,- և թարգմանության կարիք չկար։
***
Այդեր հովիտը դեռ չէին փչացրել, ասել է թե` Այդերը դեռ ավելի շատ տեղացիներինն էր, քան տուրիզմինը։ Ես, Մերին, պարոն Ալին և Կորյունը մեքենան կայանեցինք այնպես, որպեսզի կովերը չբախվեն դրան, և առաջ նետեցինք մեզ` դեպի Այդերի անծայրածիր, թարմ, կիսաթաց կանաչը։ Ջրերն աղմկում և ծածկում էին ամեն ինչ` ճամփի հոգնածությունը, որ իջնում էր մեր ուսերից ու այնքան ցածր էր գահավիժել, որ երևի խառնվում էր շաղով պատված կանաչին, կամաց-կամաց Այդերը գրավող արաբ զբոսաշրջիկների աղմուկին, խոշոր եղջերավորների զանգակների` թռչունների ծլվլոցին խառնվող անուշ-անո՜ւշ ձայնին։ Արև էր և ոչինչ չկար, որ կխանգարեր մեզ վայելել, ճանաչել ու սիրել Համշենն այս, մյուս և Քաջքարի հնարավոր բոլոր կողմերից։
Մի կին մեզ սև հաց ու կանաչ սոխ հյուրասիրեց, իսկ համշենցի ընկերներս թույլ չտվեցին, որ տատի ձեռքը համբուրեմ, ինչպես կանեինք մեր կողմերում` Սասունում, Մուշում, Բիթլիսում...
«Մեզ մոտ ընդունված չէ, Սոֆի, դա քրդերն են անում»․․․
Վայելուչ դիմագծերով ու զուսպ վարքուբարքով այդ բարի կինը, սակայն, իրեն չկորցրեց ու ի պատասխան մեր հանդուգն հարցադրումների, տեղում բացեց իր երկարակեցության, 80 տարեկանում 50֊ի տեսքն ունենալու, իր ճերմակ և թարմ մաշկի գաղտնիքը։
-Ոչինչ արած չկամ, ամբողջ կյանքում ոչ մի շպարի միջոց օգտագործած չկամ։ Այս ջուրը, միայն այս ջուրը, ամեն առավոտ Այդերի սառնորակ ջրով լվացվել եմ և վերջ, - առանց ավելորդ հպարտության, այնքան անկեղծ ու բարի սկսեց պատմել կինը, կարծես ուզենար բացել Համշենի զմրուխտե բոլոր հովիտների ջրվեժներն ու աղբյուրները մեր առաջ ու ասել` եկեք, օգտվեք, մի ամաչեք։
Գիտեք, համշենցիների մոտ, երբ ասում են՝ «սարն ի վեր», դա մի ամբողջ կյանք է։ Կյանք՝ Քաջքարի ծալքերից անդին։ Հովիտները, որոնք տուն են դառնում այս մարդկանց համար արոտի ամբողջ սեզոնին, այդ թավ մառախուղի և եղևնիների մութ անտառներում են պահում Համշենի բազմահազար, իրական գաղտնիքները, գործում գուլպաներ, չորացնում եգիպտացորեն և պատմում իրենց, ինչպես այստեղ են ասում, «հեքիյաները» (պատմությունները)։ Այդպես էլ գլորվում են կյանքը, խոսք ու զրույցը, ապրածն ու չապրածը սարն ի վեր։ Եվ այս կինը, այս սպիտակամաշկ, բարեհոգի և այդքան համարձակ տատիկը կարծես «սարն ի վեր»-ի հավաքական արտացոլումը լիներ, հենց այդտեղ՝ փայտե տնակի նախաշեմին նստած, մուգ կապույտ գլխաշորով և ձեռին կիսատ գործած շագանակագույն գուլպան։
Կորյունը, որ նույնպես համշենցի էր, բայց հարևան Խոփայից, և իր կյանքի շատ ավելի հին փուլում և շատ ավելի խառնիճաղանճ շերտերում վաղուց իմացել, ավելին` մարսել էր իրենց հայ լինելը, շատ էր սիրում բզբզալ, խոսեցնել մյուս համշենցիներին, որոնք, իր կարծիքով, իր չափ գիտակից կամ համարձակ չէին։
Նախորդ օրը հենց իր քաղաքում` ծովափնյա Խոփայում, ուր համշենցիներն «իջել» էին մի երկու դար առաջ հերթական արհավիրքից հետո, մեզ հետ հյուր էր եկել Կորյունը ընկերուհուս` Սեհերի տուն։ Մի երկու բաժակ կոնծած Կորյունը չէր դիմացել Սեհերի հոր` համշենցի Հասանի այն խոսքին, թե` «հայերի հետ հարևան էինք, այդպես լեզուն խառնվել է» պնդմանը և բացականչել.
-Համշեներե՜ն, թե բա` համշեներե՜ն, այդ ի՞նչ լեզու է, Հասան եղբայր, պատասխանի՜ր, ի՞նչ է` հայերեն է, թուրքերեն է, տառզաներեն է, ի՞նչ է, Աստծու սիրուն, դու ո՞վ ես...
-Ի՞նչ իմանամ, որդի, համշեներեն է, մեր լեզուն է, մնացածը` չգիտեմ, չգիտեմ... , - չընդհատելով բարի ժպիտն ու բնավ վիճելու ախորժակ չունենալով փորձեց պատասխան գտնել Հասանն ու չհաջողեց։
-Այ, այ, նայի՜ր, Սոֆի՜, տեսա՞ր, այ սա է համշենցին, էս է, հո զոռով չի... Տնաշեն, դո՛ւ ինչի համար գնացիր` լազի առար, - երեկոյի ամբողջ բարկությունը Սեհերի կրտսեր քրոջ վրա թափեց մեր բարի ու ամենահայ Կորյունը։
Բայց Այդերում պատկառելի տարիքի կնոջ առաջ այսօր նա կանգնել էր առավել զուսպ, ավելի դրական տրամադրված կամ` իր դարդերի հետ ավելի հաշտ, և իր ֆիրմային, անթերի արդուկած, ինչպես ինքն էր սիրում ասել` «ճեյմակ շապիկով»։
-Ես Խոփայից եմ, համշենցի եմ, մորաքույր, - հացն ու սոխն ըմբոշխնելով չէր պատրաստվում հեռանալ նա հաճելի դիմագծերով տատիկի տան նախաշեմից։
-Դե ասա` մերոնցից ես, - նույն համեստությամբ ուրախացավ տարեց կինը, որը քաջ գիտեր`Սև ծովի հարավային ամբողջ ափով տարածված համշենցիներն այստեղից`եղևնոտ բուն Համշենից են գաղթել, տարածվել ափով մեկ ու պահել մի բան`այս վայրի տեղանվանումը։
Եվ իրոք, այդ տեղանվանումն այս եղևնոտ լեռներից դուրս պաշտպանիչ անձրևանոցի պես ծածկում էր ամեն ինչ` նրանց ինքնությունը, լեզուն, հիշողությունը, ապրած կոտորածներն ու նորերի հանդեպ վախը, նոր հարևանների հետ հարաբերություններն ու չհարաբերությունները։ Այնպես, որ «համշենցի» ասելը բավարար էր` «հայ եմ»-ը չխոստովանելու, «թուրք եմ»-ը չարտասանելու, և հավատալու, որ քեզ հանգիստ կթողնեն և չեն լուծարի կամ գոնե կթողնեն` հանգիստ խղճով մի հաց ու սոխ ուտես։
-Այո, մենք մեկ ենք։ Բայց մեզ մոտ լեզուն կա, իսկ ձեր մոտ` ոչ։ Հոմշեցնա՛կ․․․ Ձեզ մոտ՝ Ռիզեում մոռացել են այն, -չարաճճի մանուկի հայացքով շարունակեց տատիկի հոգին պեղել Կորյունը` այնքան խորը հպարտությամբ ուղղելով մեջքն այն վայրկյաններին, երբ հիշատակեց իր բարբառը։
-Ճիշտ ես, ճիշտ ես ասում։ Բայց այս բոլոր տեղանքների անունները հայերեն են, ֊ փակեց մեր բերանը գեղեցկադեմ տատիկն ու չնկատեց հավանաբար իմ ու Կորյունի ապշահար, կայծակահար հայացքները։
․․․Հայերե՞ն, հայերեն, հա՞։ Այսինքն`ոչ «համշեներեն», ոչ այլ «կոդավորված» անունով, այլ հենց հայերեն կոչեց «իր լեզուն» կինը, որ նստած էր Այդեր հովտի իր փայտե տնակում` շրջապատված Գորշ գայլերի դրոշակներով։
-Հայերե՞ն, հա՞, հմմմ... Իսկ ինչո՞ւ, - էլ ավելի «չարացավ» Կորյունը, տեղի չտալով իմ` «Մի արա, պետք չէ» աղաղակող հայացքին։
-Որովհետև մենք հայից ենք մուսուլման դարձել, ձագս։
Ահա այդպես։
Շատ հստակ, շատ հանգիստ, շատ սահուն։ Չնայած լեզվին, չնայած դրոշներին, չնայած դարերին։
Ահա այդպես, ձագս։
-Կերա՞ր, - ծիծաղելով բացականչեց պարոն Ալին, ով նույնպես համշենցի էր, Կորյունի պես չէր սիրում խառնվել նման թեմաների և Այդերում միայն ոգևորված նկարում ու նկարվում էր։
-Այն էլ ինչպե՜ս, - պատասխան բացականչությամբ քահքահ ծիծաղեց Կորյունը` վերջին պատառ հացն ու սոխը կուլ տալով։
Սոֆյա Հակոբյան
Դիտումներ: 21
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։