Սիբիլ․ հայուհին, որ «ընկճվելը չի գիտեր»

Կիսվել:

․․․«Անոնք որ հաց ունին, անոնք, որ կուշտ են, չեն համարձակիր տուներնէն դուրս ելլել․ անօթի չըլլալու ոճիրը խղճի խայթի մը պէս կը չարչրկե զիրենք։ Խօսելու կը վախնան, կարծիք չունին․ ամէնուն սեւեռեալ  մտածումը սովն է, տժգոյն սարսափը որ լեռներն ի վար կ՛իջնէ օրէ օր, չար ոգիի մը պէս, ու իր պողպատէ հսկայ մատերուն մէջ կը սեղմե բոլոր կոկորդները, սիրտերն ալ, գլուխներն ալ, սպառնալով այն հեռաւոր ու անծանօթ վախերով, որոնք իրականութենէն աւելի ահռելի են։

Այս ընդհանուր արհաւիրքին մէջ, բռնազբօսիկ մարդասիրութեան կեղծ մթնոլորտ մը կը գոյանայ, ամէնքը իրարու եղբայր կը դառնան․ թշնամութիւնները, ատելութիւնները զինադուլ կ՛ընեն պահ մը մեծ վճիռին՝ մահուան առջեւ, որ քով քովի կը բնակի քեզի հետ, դիմացի տունդ, հոն փողոցին անկիւնը, թերեւս վարը, սանդուխին ոտքը։ Բայց կեղծ զրկեալները նորէն իրենց պժգալի դերը կը խաղան, ագահները, մարդկութեան կեղտը, որոնց ամբարները լեցուն են, և որոնք յետին մուրացիկին հետ պատառ մը սև հացով կը պառկին»․․․

Ինչ մեղքս թաքցնեմ, թեև բազմիցս էի լսել նրա՝ պոլսահայ գրականության և մանկավարժության մեծ վարպետուհու՝ Սիբիլի մասին, սակայն միայն 2023-ի գարնանը՝ Զատկի տոներից մի քանի օր առաջ սկսեցի կարդալ ու խնայողաբար ըմբոշխնել նրա միտքն ու ձեռագիրը։ Ձեռքիս տակ եղած գրքերը գրեթե հատել էին, երբ նրա՝ «Ծաղկազարդի հիշատակին» կոչված և, թերևս, ամենահուզական արձակ գործերից մեկը էլեկտրոնային գրադարանիս մի «անկյունից» աչքերս կլանեց։

Այդ օրերին ամեն ինչ, բառացի և ուղղակի ամեն ինչ ճիշտ այնպես էի տեսնում և զգում, ինչպես գրված էր Սիբիլի՝ մեկ դար առաջ գրված տողերում։

 Եվ հատկապես սա․

«․․․Բայց երկինք միշտ պարզ, անողոքելի կը մնար միշտ։ Այնքան աչքեր հորիզոնին վրայ ուղղուած՝ չէին կրնար իրենց աղիողորմ արցունքներովը ողորմութեան ցօղի կաթիլ մը խլել անոր առատաբուխ աղբիւրներէն։

Հին մարդիկը, պառաւ մամիկները կը պատմէին սակայն թէ այսպէս պատահած էր տարիներ առաջ և թէ այսպես տեւած էր մինչև Ծաղկազարդի կիրակին, և Քրիստոսի՝ Երուսաղէմ մտած օրն էր, որ ողորմութիւնը պիտի իջնէր քաղաքին վրայ։ Իսկ մենք կը մտածէինք թե Զատկի տօնը մահուան նախատօնակը պիտի ըլլար այդ թշուառ ժողովուրդին»․․․

 

***

 1863-ին, Պոլսի այն ժամանակվա ամենագեղանի թաղամասերից մեկում՝ Սկյուտառում է լույս աշխարհ եկել։ Այստեղ էր նաև բացվել հայկական առաջին աշխարհիկ ճեմարանը, որտեղից էլ սկսեց իր կրթական ուղղին Զաբելը ՝ ապագա Սիբիլը։ Զաբել Հովհաննեսի Խանջյան, Զաբել Ասատուր և ի վերջո՝ Սիբիլ․ հայտնի ծածկանունը նշանավոր կին գրողն առաջին անգամ գործածում է 27 տարեկանում՝ «Մասիս» ամսագրի էջերում, թեև գրել սկսել էր դեռ ճեմարանական տարիներից։ Ստացել է նաև ֆրանսերեն թեքումով կրթություն, ինչպես նաև հաճախել Սկյուտառի նշանավոր Սուրբ Խաչ Դպրեվանք, որն իր դռները չի փակել մինչև օրս։

Երևի բոլոր զորեղ կանանց կերտում են հենց կանայք, և այս պատմությունը նույնպես բացառություն չէ։ Իր «Կիթարդ» հայտնի ստեղծագործության մեջ, որը Սիբիլը ձոնել էր սիրելի մորը, նա բացահայտում է այս տաղանդավոր և հետաքրքիր կնոջը որպես իր առաջին և մեծագույն ներշնչանքի աղբյուր, որը կիթառ էր նվագում և բանաստեղծություններ կարդում իր բալիկների համար։

18 տարեկանում առաջին անգամ ամուսնացած Զաբելը վաղ կորցրեց ամուսնուն՝ փաստաբան Կարապետ Տոնելյանին, սակայն նրանք հասցրին միասին մեկնել արևմտահայ գավառներ, ուր Զաբելը ոչ միայն մանկավարժական լուրջ գործունեություն ծավալեց նման երիտասարդ, կարելի է ասել՝ դեռատի տարիքում, այլև լինելով «Ազգանվեր Հայուհյաց Ընկերության» անդամ, մեծ ու դժվարին ճանապարհ անցավ գավառահայ աղջիկների համար դպրոցներ բացելու պայքար մղելով։ Հենց այդ ժամանակներից արդեն Սիբիլն ակտիվ գրական գործունեություն էր ծավալում պոլսահայ մամուլում՝ գլխավորապես «Մասիս» և «Հայրենիք» թերթերում, ամենուր շեշտելով կանացիության, հայրենանվերության գիծը, ինչպես նաև չափից դուրս նուրբ ու մշակված արևմտահայերենով արտահայտված քնարական ձեռագիրը։

 «... Հոգիներ ծաղկահաս, երազուն

Զքեզ միշտ կը պաշտեն,

Ժողվելով նշխարներդ ազազուն

Անտառէն ու դաշտէն։

Եւ կամ՝

«Ծփանուտ ծով մը վարսերու, մեծ հեղեղ,

Բարձին վըրայ կը թափթըփէ իր ոսկին,

Որուն ալիք, գանգուր թելեր, զերթ բաղեղ,

Ճակտէն մինչեւ ծունկերն ինկած՝ սողոսկին»։

 

(Հատված «Ցօլքեր» ժողովածուից)

 

Հետագայում՝ շուրջ 30 տարի Պոլսո հայկական վարժարաններին ծառայած «Թանգարան» անունով ընթերցանության դասագրքերի շարքը Սիբիլը հրատարակում է երկրորդ ամուսնու՝ գրականագետ Հրանտ Ասատուրի հետ  աշխատակցությամբ, ևս շուրջ երկու տասնամյակ մանկավարժական ակտիվ գործունեություն է ծավալում Պոլսո ամենանշանավոր օրիորդաց վարժարաններից ՝ Եսայանում։

Թեև մեզ քիչ տեղեկություններ են հասել, թե ինչպես և ինչ անձնական կորուստներով է վերապրել 1915-ի ցեղասպանությունը Զաբել Ասատուրը, սակայն մեծ ողբերգությունից հետո էլ շարունակել  է  ապրել և գործել Պոլսում: Նրա առանձնահատուկ վերաբերմունքը Եղեռնի արհավիրքով ամբողջովին կլանված գավառահայության հանդեպ, պայքարը տեղի կանանց կրթության համար և ուծացման դեմ, ինչպես նաև այդ տարիներին հրատարակված մի շարք գրվածքներ ու ճառեր արժանի են հատուկ ուշադրության։

Իր՝ «Ազգանվեր հայուհի» հայտնի ելույթներից մեկում Սիբիլը, մասնավորապես, նշում է․

    «Լալու պատճառներ շատ կան։ Հայաստանի մեկ ծայրեն մյուսը՝ ողբի, տառապանքի հեծածանք մը կը լսվի։ Քանի-քանի տարիներ է ի վեր , չանցնիր օր մը, որ կոտորածի սրտաճմլիկ աղաղակը չգոռա մեր ականջներուն մեջ, և արյունի հոգեվարքի տեսարանններ չը տագնապեն մեր երևակայությունը։

    «Ա՜լ մնաց» կըսենք, ա՜լ հայ չը տարիեն հայուն անունը իսպառ պիտի ջնջվի երկրիս երեսի երեսեն։

    Բայց հակառակ ամեն վայրագությանց, որոնց լոկ կերթան մեր կտրիճները, հայր փյունիկի պես կը վերածնի իր աճյուններուն մեջեն, և ամեն ժամանակե ավելի առույգ, ավելի քաջակորով, կ՝ապրի իր թշվառ կյանքը, թալանի, հարստության հարստահարություն և անօրինակ զրկանքներու դատապարտված իր ցավատանջ կյանքը:

    Զրկանքնե՜ր, և որպիսի՜ զրկանքներ. մարդուս ոսկորները կդողան, երբ կպատմեն թե ինչպես հայ գյուղացուն ձեռքեն կհափշտակեն իր սերմնացու ցորենը ցանքի ատեն, թե ինչպես ծեծի ու բանտարկության սպառնալիքին տակ կբռնադատեն զայն, որ հացին պատառը քաշե առնե իր զավակներուն բերեն՝ վայրագ հարկահավաքներու հանձնելու համար, և դեռ ինչե՜ր... Մարդկային թշվառության բոլոր հոգեբանությունը չի կրնար բացատրել տանջանքը այդ հեք հայերուն, որոնց գլուխն վերև կախված է շարունակ Դամոկլեսի սուրին պես՝ բարոյական և նյութական անապահովությունը, ժամ առ ժամ զիրենք ջախջախելու սպառնալիքով։

    Մենք պետք եղածին չափ գաղափար չունինք այդ անլուր զրկանքներուն վրա․ մեզի համար զրկանքը պերճանքի չգոյությունն է․ անոնց համար՝ իրենց կյանքին, ինչքին, պատվույն վտանգ է։

    Եվ սակայն այդ խեղճ ու քաջասիրտ մարդիկ իրենց բոլոր չարչարանքներուն մեջ, զարգացումի,ուսուցման ծարավն ունին․ մեկ կողմեն՝  կը ջարդվին, կը մեռնին, մյուս կողմեն՝ «Դպրոց, գիրք, լույս» կը գոչեն․ ինչ որ զմեզ կը զարմացնե, կը շահագռգռե, կը խռովե։

    Բայց ասիկա ժառանգական հատկություն մըն է հայուն համար․ ազնվական առհավություն մը, մանավանդ հայ կնոջ համար։ Անիկա պարտասիլ, ընկճվելը չի գիտեր, բոլոր արյուն արցունքի օրերուն մեջ՝ հայուհին հառաջ նետված է օգնելու, պաշտպանելու, սփոփելու պատրաստ»։

Զաբել Ասատուրը կյանքից հեռացավ 1934-ին՝ ամուսնու մահից 6 տարի անց։ Դրանից ընդամենը մեկ տարի առաջ Պոլսում մեծ շուքով նշվեց նրա գրական գործունեության 50-ամյակը, որին մեծն Սիբիլն այլևս չէր կարող մասնակցել՝ կաթվածահար վիճակում անկողնուն գամված լինելու պատճառով։

Թեև Սիբիլն ուշադիր հետևել է նաև սովետահայ գրականության զարգացմանն ու նորաստեղծ Թուրքիայի հանրապետությունում փոքրամասնությունների համար ստեղծված բավականին խրթին պայմաններում հաջողել  է կապ պահել մայր Հայաստանի հետ, նրա գրական ժառանգությունը այստեղ մնաց գրեթե չլսված, իսկ իր անունը՝ գրեթե չարտասանված։

Հանգչելով Շիշլիի հայոց գերեզմանատանը, Սիբիլն իր հետ տարավ հայոց պայքարի ամենանուրբ ու ամենականացի դրսևորումը, որը մինչև օրս սովորեցնում է մեզ հավատալ ու լինել օգտակար՝ անգամ անելանելիության ու համատարած ատելության պայմաններում։

 

 

Սոֆյա Հակոբյան

Դիտումներ: 169

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։