Թող կյանքիդ ամենադառը պյանը սինդրիկը ըլի․․․

Կիսվել:

Շահենը երրորդ մարդն էր Լուսիկ տատից ու Արտո բիձիկից հետո, որն ասոցացվում էր ինձ մոտ Տավուշի հետ առաջին օրերից, երբ ես ոտք դրեցի այս կողմեր։ 2016-ի ապրիլին կյանքում առաջին անգամ եկա Տավուշ։ Այդ օրերին այդ կողմերում դեռ հաճախ էին կրակում։ Սարերը նոր էին ծաղկում, սինդրիկը անտառներում դեռ դուրս չէր եկել, տավուշյան այն թավ, ճոխ զմրուխտը դեռ չէր տարածել իր անծայրածիրությունն աջուձախ, բայց դա չխանգարեց ինձ սիրել Տավուշը, սիրել այն հավերժ և 6 տարի անց գալ այդտեղ ապրելու։ Թեև այդ օրը ես այդ մասին, հավատացեք, որևէ կասկած անգամ չունեի։

 

Այո, ինչ էի ասում, մեզ դիմավորեց Շահենը, այսինքն՝ նրան մեզ դիմավորելու էր ուղարկել Սոնա ծյոծյան, Նարինեի մայրը, մտածելով, որ ընկերուհուս՝ Աստղիկի և Շահենի «աստղը» գուցե իրար բռնի ու, ով իմանա, մի լավ պատմություն դառնա։ Եվ այսպես՝ բաց կապույտ վերնաշապիկով և շագանակագույն լայն տաբատով մայրուղուց քիչ աջ մեքենայի կողքին արծվաքիթը կախ գցած մեզ էր սպասում Շահենը։ Մենք հլու հնազանդ նստեցինք նրա մեքենան ու շարունակեցինք ընթացքը՝ մեզանից գոհ, որ ճիշտ տեղում իջանք, ճիշտ տեղում նստեցինք, ճիշտ մարդուն գտանք և ճիշտ այնտեղ էինք գնում, ուր պետք է գնայինք։ 

-Իսկ ինչո՞վ եք զբաղվում այստեղ, - հանկարծակի ասաց Աստղիկս՝ հին «07»-ի ետևում ինձ աչքով անելով, ինչը նշանակում էր, որ լուծարել, զինաթափել է տավուշյան «դավադրության տեսությունը», բացառել իր և Շահենի հավանական «աստղային» սցենարը, բայց չգիտի ինչպես անի, որ այս աշխարհի ամենաազնիվ մարդկանցից մեկը չխոցվի։

-Դե, գյուղի գործեր ենք անում էլի, - է՛լ ավելի անհարմար իրավիճակում հայտնվեց Շահենը ու այդպես էլ դուրս չեկավ այդտեղից։

 

Հաջորդ օրը նրան հանձնարարված էր մեզ տանել գյուղի հուշարձանի մոտ, և Շահենը ներկայացել էր կազմ պատրաստ՝ սափրված, արդուկած վերնաշապիկով, և ամենակարևորը՝ «կանտովկեն» դզած-փչած։ Իսկ այս վերջինը, կներեք, բայց շատ մեծ բանի ցուցիչ է հայ տղամարդու կյանքում։ Արդեն չեմ հիշում, թե էլ ուր գնացինք այդ օրը, բայց մի բան հստակ էր՝ Շահենն էլ նախկին Շահենը չէր։

 

Շահենն ու Աստղիկը, իհարկե, չամուսնացան։ Աստղիկը շարունակեց ճամփորդել, մասնագիտանալ, ապրել մայրաքաղաքում և ունեցավ երկու երեխա՝ տղա և աղջիկ։ Շահենը մնաց գյուղում, այն նույն գյուղում, ուր մենք տարիներ անց եկանք իմ զբոսավար ընկերների հետ՝ ուղիղ 7 տարի անց։ Ինձ էլ չէր մոռացել։

-Սոֆի ջան, եկել ես․․․, - իրեն հատուկ համեստագույն ժպիտով ասաց Շահենը, երբ հանդիպեցինք գյուղի մուտքի մոտ ի պատիվ մեզ վառված կրակի և դրա վրա խորովվող խոզի մսի հոտերի մեջ, իսկ տղամարդիկ արդեն վեցերորդ կենացն էին բարձրացնում, թեև մենք նոր էինք եկել։ Շահենը, ինչպես միշտ, խմելու հետ սեր չուներ, մնացել էր իր շահենյան զսպվածության մեջ, էլի գյուղի գործ էր անում ու խնամում հիվանդ մորը։

-Հիմա էն սահմանամերձի ծրագիրը կա, դե գիտես, Սոֆի ջան, մին ասում եմ՝ դիմեմ, մին հյուրատուն սարքեմ, բայց համ էլ ասում են՝ պտի պսակված լես․․․ Դե ես էլ ասում եմ՝ էս տարիքում մենակ դրա խաթուր հո չեմ պսակվելու, - ծիծաղեց Շահենը և կյանքում առաջին անգամ «բողոքեց» իր հայրենի, կիսաշրջափակված ծննդավայրից․

-Ճագար էլ եմ պահում, հավ էլ, բայց էստեղից մինչև Իջևան տանել հանձնելը հեռու ա, ձեռք չի տալիս․․․ Սոֆի ջան, էս էլ քեզ, մաման ա ուղարկել, բան չասես, - մեքենայի մեջից ձեռքը երկարացրեց ամենաբարի տավուշեցին՝ հոնի մուրաբան դնելով ուղիղ ափիս մեջ ու մինչև գյուղամեջ ուղեկցելով մեր մեքենան, որ մեզ «հյուր չզգանք»։

 

Շահենը մնաց գյուղում, սկսեց շատ գրքեր կարդալ, ավելի հաճախ սափրվել, խելացի ֆիլմեր դիտել, այնքան, որ արդեն գիտեր, որ հենց էնպես չեն ամուսնանում։ Մնաց այդ նույն գյուղում, ուր մենք վերադարձանք միայն 7 տարի անց, և ուր ամերիկահայ զբոսաշրջիկները խորովածի ծխի մեջ կորած նրանց «հերոս» անվանեցին՝ բացառելով երբևէ այդտեղ ապրելը։ Գյուղում, ուր, ինչպես և 7 տարի առաջ, այդ օր էլ գազ չկար, բայց ջուրն արդեն ունեին։ Այն նույն գյուղում, ուր 2016-ին դեռ կրակում էին, և նույն գյուղում, որտեղից ճագար բերելը այդպես էլ ոչ ոքի ձեռք չի տալիս։ 

 

***

 

Սարերն արդեն ծաղկում էին, բայց սարերի կատարները դեռ մի թեթև ճերմակ էին։ Մեղուները գրեթե չօգտվեցին այս տարի հոնենու ծաղկափոշուց, որովհետև մարտի երկրորդ կեսին շատ անձրևեց։ 8 տարի, ուղիղ 8 տարի է անցել այն օրից, երբ առաջին անգամ ոտք դրեցի այս կողմեր։ 

Ո՛վ կմտածեր, որ մի օր իմ երազանքի տունն այստեղ եմ կառուցելու, այստեղի գետի կողքին գիրք կարդամ ու մի որոշ ժամանակ անց էլ մի տղա ունենամ։ Այստեղ, Տավուշում։

-Ձերոնք կուզե՞ն կնոջս հետ գնան սինդրիկի, - հարցրեց տաքսու վարորդ Սարոն՝ կասկածանքով։

-Ինչու՞ ոչ, - մտածեցի ու ասացի ես՝ կասկածելով, որ Արցախից հետո առաջին անգամ սինդրիկ, նույն ինքը՝ կրմզյուկ քաղելը նրանց միայն ուրախություն կարող է պատճառել և ուրիշ ոչինչ։

 

Եվ իրոք, ի՞նչ կարող է ավելի վեհ, ավելի հարգի ու ավելի պետքական լինել, քան ապրիլին սինդրիկ հավաքելը։ Այնքան, որ ես՝ որպես նորաթուխ իջևանցի և որպես առաջին անգամ 3 տարի առաջ Արցախում սինդրիկ ճաշակած մարդ, խիստ վիրավորվեցի, երբ իմացա, որ ոմանք այն խաշում են առանց կոթերը հատիկ-հատիկ հանելու, մշակելու։ Ինչպե՞ս թե․․․ 

Մի խոսքով՝ այո, մենք, անշուշտ, կգանք «սինդրիկի»․․․  

-Հա՞, դե խաբար կանեմ, - ոգևորվեց վարորդ Սարոն, որի հայրը տասնամյակներ առաջ բերքառատ Իջևան է հասել Վարդենիսի գյուղերից մեկից, երբ այնտեղ, հավանաբար Երկրորդ համաշխարհայինից հետո, համատարած սով էր։

-Ամեն տեսակ վարդ ունի կինս, գիտե՞ս։ Մենակ վարդ ունի։ Ամեն գույնի կա, շատ ա սիրում։ Բա․․․  Մեր ժամանակ, Սոֆի ջան, որ գնում էինք աղջիկ ուզելու, ասում էինք՝ ատամները սարքած ա՞, հանկարծ ավելորդ ծախս չլիներ, այ տհե էր կյանքը, - և ծիծաղում և ցավում է Սարոն միաժամանակ՝ արդեն իսկական իջևանցու նման։

 

Ինչպես հասկացաք՝ սարերը նոր-նոր են ծաղկում, և սինդրիկն արդեն դուրս է եկել։ Տավուշյան այն թավ, ճոխ զմրուխտը դեռ չէր տարածել իր անծայրածիրությունն աջուձախ, բայց դա ինձ բացարձակ չի խանգարում հոգու հանգստությամբ ուրախանալ, որ այս գարունն իմ կյանքում բացառապես տավուշյան է, թեկուզ՝ անձրևոտ։ Եվ այդ ուրախության պատճառը միայն սինդրիկի առկայությունն ու անսահմանափակությունը չէ։ Թեև, ասեմ իմանաք, միայն դա էլ լիներ՝ լի ու լի բավարար էր երջանկության համար։ Տավուշյան երջանկության։ Այն երջանկության, որը փայլատակում է ամեն մեկիս աչքերում, երբ շուկայում սկսում է երևալ նա՝ սինդրիկը, իսկ մարդիկ սկսում են «նուբար» անել, մինչև դրա գինը մի քիչ գահավիժի և ամենուր, բացառապես ամենուր՝ անտառներից, տան պատշգամբներից մինչև տաքսիներ, ամենուր խոսում են սինդրիկից։ 

 

Բայց և այնպես՝ Տավուշը երջանկություն է ինքն իրենով, իր պարզությամբ ու մարդկանց հանգստության հանդեպ խնամքով, ծաղկած հոնենիների նազանքով  ու չծաղկող խուրմայի տոկունությամբ, սինդրիկի գնի պես կտրուկ գահավիժումներով ու այն նույն հոնի մուրաբայի տարրայի մեջ թաքնված փոխադարձ վստահությամբ շնորհակալությամբ։ Որովհետև ապրել այնտեղ, ուր մի քանի տարի առաջ դեռ կրակում էին, ապրել այնտեղ, ուր եկող զբոսաշրջիկները քեզ «հերոս» են համարում՝ բացառելով այդտեղ ապրելը, ապրել այնտեղ, որտեղից Երևան ճագար առաքելը դեռ միշտ չէ, որ ձեռնտու է, փոխադարձ վստահություն, շնորհակալություն ու ապրիլին էլ մի բուռ սինդրիկ է ուզում։

Որ «նուբար» անենք ու ասենք՝ թող կյանքիդ ամենադառը պյանը սինդրիկը ըլի․․․

 

 

 

Սոֆյա Հակոբյան  

Դիտումներ: 69

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։